ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Երևանի մասնակցությունը Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին ցասում կառաջացնի Մոսկվայում․ փորձագետ

Աշխարհի 57 երկրների կառավարությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ հավաքվել են Շվեյցարիայում ՝ քննարկելու Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ուղիները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մինչ գագաթնաժողովը X-ի իր էջում գրել էր՝ «Երկու օր ակտիվ աշխատանք կլինի աշխարհի բոլոր մասերի երկրների, տարբեր ազգերի հետ, որոնք միավորված են Ուկրաինայում արդար և կայուն խաղաղություն բերելու ընդհանուր նպատակի շուրջ»։

Ռուսաստանն այս միջոցառմանը հրավիրված չէ։ Հայկական կողմից գագաթնաժողովին մասնակցում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Փորձագետները ռիսկային են համարում հայկական կողմի մասնակցությունը գագաթնաժողովին։

Կիևի նախաձեռնությամբ Շվեյցարիայում Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովը նպատակ ունի քննարկումների միջոցով հստակեցնել, թե ինչպես ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որ այն դադարեցնի ռուս-ուկրաինական պատերազմը։ Աշխատանքային այցով Շվեյցարիայում է նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիարակությունը։ Հայկական կողմից Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին մասնակցելը հաջորդում է վերջին օրերին լայն տարածում գտած ու քննարկված՝ «հաջորդ քայլը ՀԱՊԿ-ից դուրս գալն է ու Բելառուս չայցելելը» հայտնի ձևակերպմանը, ինչը ենթադրում է սպասողական վիճակ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումներում։

Հայաստանի մասնակցությունը Շվեյցարիայի գագաթնաժողովին, այսօրվա հայ-ռուսական ոչ ջերմ հարաբերությունների պայմաններում կարող է Մոսկվայի հերթական ցասումն առաջացնել, կարծում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։

«Հայաստանի պատվիարակությունը, ի դեմս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, նույնպես մասնակցում է, և այստեղ պետք է հասկանանք, որ դա ինչ-ոչ տեղ Ռուսաստանի ցասումը կառաջացնի, հատկապես, որ ՌԴ չի մասնակցու, և գիտեք ինչպիսի դիրքորոշում ունի։ Հետևաբար սա նույնպես կարող է դիտարկել իր դաշնակից բարեկամ երկրի կողմից որպես դեմարշ»։

Մինչ Կրեմլը նշում է, որ առանցքային շատ երկրներ հրաժարվում են մասնակցել Շվեյցարիայում կայանալիք համաժողովին, որն անիմաստ է առանց Ռուսաստանի մասնակցության, Հայաստանի պատվիարակությունը մեկնում է Շվեյցարիա։ Այցի շրջանականերում, ի դեպ, Արմեն Գրիգորյանը կմեկնի նաև Ֆրանսիա, Փարիզում նախատեսված են աշխատանքային մի շարք հանդիպումներ:

Միջազգայնագետի համոզմամբ հայկական կողմը, ի վերջո, պետք է կողմնորոշվի, թե ինչ է ուզում, քանի որ ժամանակը հասունացել է հանգուցալուծման համար։ Մի բան, սակայն, ըստ նրա հստակ է՝ որքան էլ դժգոհություններ լինեն Մոսկվայի կամ ՀԱՊԿ-ի նկատմամբ, Ռուսաստանին պետք չէ թշնամացնել մեզ հետ․

«Այսօր հայ-ռուսական հարաբերություններն ամենաճգնաժամային փուլն են ապրում, ճաքեր են առաջացել հարաբերություններում, կարծես որևէ կերպ հնարավոր չէ այդ հարաբերությունները վերբեռնել, վերաթարմացնել, փորձել այդ սուր անկյունները շտկել։ Հարաբերություններում այնպիսի բումերանգային տարբեր տրամաչափերով, տարբեր պետական այրերի միջև «փոխհրաձգություն է», որ տպավորություն է, թե պետական մոտեցում է դա դառնում»։

Ռուսաստանը հրավիրված չէ գագաթնաժողովին, սակայն հրավիրված է ավելի քան 160 պատվիարակություն Մեծ յոթնյակի ու Մեծ քսանյակի երկրներից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ գագաթնաժողովին կմասնակցի 92 երկիր և 8 կազմակերպություն, ներկա կլինի պետության և կառավարության 57 ղեկավար: Նշվում է, որ բացի օրակարգային հիմնական թեմաները, կքննարկվի նաև այն, թե երբ և ինչպես Մոսկվան կարող է ընդգրկվել խաղաղության գործընթացում:

Մոսկվան դատապարտում է առանց ռուսական կողմի ներգրավվածության հակամարտության հնարավոր կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովը համարում է՝ «ճանապարհ դեպի ոչ մի տեղ»։

Ռուսաստանի նախագահ Պուտինն էլ, մինչ Շվեյցարական գագաթնաժողովն ու անգամ մինչ G-7 երկրների հանդիպումը, որտեղ դարձյալ Ուկրաինային աջակցելու թեմայով քննարկումներ էին ընթանում, Կիևի հետ բանակցությունների մի քանի պայման էր նշել՝ ուկրաինական զորքերի դուրս բերում Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ամբողջ տարածքից, Կիևի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից։ Պուտինի առաջադրած այս պայմաններին պատասխանել էր Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը․

«Կարծում եմ` Պուտինն իրավունք չունի Ուկրաինային թելադրել, թե ինչ պետք է անի խաղաղության հասնելու համար»։

Ուկրաինայի նախագահի օգնական Միխայիլ Պոդոլյակն էլ ասել է, որ Պուտինի առաջարկները համաձայնության գալու լուրջ փորձ չեն և առնչություն չունեն որևէ բանակցության հետ։

Ուշագրավ է, որ ի թիվս այլ հացրերի, գագաթնաժողովի օրակարգում են նաև միջուկային և պարենային անվտանգության հարցերը։

Back to top button