ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պե՞տք է մտահոգվեն AstraZeneca-ով պատվաստվածները

3 տարի առաջ այս օրերին համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ մեր բոլոր զրույցները պատվաստանյութերի մասին էին․ կորոնավիրուսն իր աստեղային, ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ՝ կյանքի վերջին ժամերն էին ապրում։ Այդ ընթացքում համաճարակաբանները օրվա՝ մարդկանց փրկելու գործից ազատ րոպեներն օգտագործում էին նրանց պատվաստվելու մասին հորդորելով։

Կշռելով օգուտն ու վնասը․ այն առաջինն էր, բայց էլ պետք չէ

Իսկ այժմ պատվաստվածների ու Քովիդը հաղթահարածների մի մասն, օրինակ, Լոնդոնում, դատական բարձր ամբիոնից հայտնում է՝ AstraZeneca պատվաստանյութը հազվադեպ կողմնակի ազդեցություն է ունեցել, առաջացրել է արյան մակարդուկներ և թրոմբոզ: Դատարանը 51 հայց է ստացել, տուժածներն ու նրանց հարազատները պահանջում են վնասի փոխհատուցում, որի ընդհանուր գումարը շուրջ 125 մլն դոլար է:

Մերի Տեր-Ստեփանյանի հետ փորձել ենք պարզել ի՞նչ է տեղի ունեցել և արդյո՞ք պետք է մտահոգվեն այս պատվաստանյութն ընտրած մարդիկ։

«Կար «արտակարգ կիրառման թույլտվություն» հասկացությունը։ AstraZeneca-ն Հայաստան ներկրվեց որպես առաջին պատվաստանյութ Քովիդի դեմ։ Որևէ կերպ հիմա չեմ ուզում ասել, որ դա ամենալավն էր կամ ամենավատը, բայց բավականին մրցակցության դաշտ ստեղծվեց, ու հիմա արդեն՝ ունենալով բավարար բազա, անց է կացվում համեմատություն՝ ո՞րն էր ավելի լավը, որի՞ց հետո էին հետպատվաստումային անբարեհաջող դեպքերն ավելի հաճախ, որի՞ օգտագործման կարիքը մենք այլևս չունենք։ Ու էս համեմատության մեջ AstraZeneca-ն պարտվեց մնացածին։ Ստացվեց այնպես, որ այս դեպքում ավելի հաճախ էին խնդիրները, ու եթե այլևս չունենք «արտակարգ կիրառման թույլտվությունը» շարունակելու անհրաժեշտություն, ապա սա թույլ է տալիս ասել, որ եկեք այս վակցինայից այլևս չօգտվենք ու անցնեք ավելի թեթև, ավելի արդյունավետ տարբերակների»։

Մերի Տեր-Ստեփանյանը հիշում է՝ AstraZeneca-ն առաջինը մտավ Հայաստան ոչ թե որովհետև այդպես էինք ուզում, այլև որովհետև դա էր ամենաարագ ու հասանելի տարբերակը։ Եվ այդ շրջանում, ասում է, այն լուծեց իր հիմնական խնդիրը․ օգուտը ռիսկից անհամեմատ մեծ էր։

«Հիմա մենք ավելի հանգիստ ենք խոսում, որ AstraZeneca-ն ավելի շատ է խնդիր տվել, բայց էդ նույն AstraZeneca-ն կյանքեր է փրկել, դա էլ եկեք ասեք։ Այո, պայմանական 100 հոգու մոտ ավելի շատ բարդություններ է առաջացրել, բայց էդ պահին հազարավորների կյանքեր է փրկել։ Հիմա արդեն ժամանակի բարձրությունից կարող ենք ասել՝ եկեք մենք սա չօգտագործենք, իր խնդրները ավելի շատ են»։

Այլևս պե՞տք չէ պատվաստվել

Բայց հիմա պատվաստվելու հորդոր-պահանջները հանրային խոսույթում բացակայում են։ «Մեզ էլ պե՞տք չէ պատվաստվել» հարցով գնում ենք Հիվանդությունների վերահսկաման ու կանխարգելման ազգային կենտրոն, որի Իմունականխարգելկման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը հայտնում է՝ վարակն արդեն առաջվա չափ ագրեսիվ չէ։ Հիմա Հայաստանում պատվաստվել կարող են միայն խոցելի խմբի քաղաքացիները, այն էլ՝ միայն մեկ տեսակի պատվաստանյութով․

«Ներկայում Հայաստանում Քովիդի դեմ պատվաստանյութերից առկա է միայն Pfizer ընկերության XBB տարբերակ պարունակող Comirnaty պատվաստանյութը։ Առկա է և իրականացվում է բաշխման գործընթաց։ Հաջորդիվ արդեն հասանելի կլինի պոլիկլինիկաներում, ու անձը, ով ցանկանում է պատվաստվել, կարող է դիմել և պատվաստվել»։

Օքսֆորդի համալսարանի և բրիտանաշվեդական AstraZeneca ընկերության՝ Covid-ի դեմ համատեղ մշակած պատվաստանյութը օգտագործումից հանվել է ամբողջ աշխարհում։ Դեղագործական ընկերությունը դատական փաստաթղթերում խոստովանել է, որ պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ և վտանգավոր կողմնակի ազդեցություն: Այն այլևս չի կարող օգտագործվել Եվրամիությունում այն բանից հետո, երբ ընկերությունը կամավոր հետ է կանչել իր «շուկայավարման թույլտվությունը»:

Եթե AstraZeneca-ն մինչև հիմա չի անհանգստացրել, այլևս չի անհանգստացնի

Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ եթե AstraZeneca-ով պատվաստված մարդիկ մինչ այս պահը անհանգսատնալու առիթ չեն ունեցել, ապա այս հայտարարությունը նույնպես նրանց չպիտի անհանգստացնի․ ասում է՝ կողմնակի ազդեցությունը կարող էր տեսանելի լինել պատվաստվելուց 28 օր անց միայն։

«Այդ աղմուկը նոր չէ։ Երբ AstraZeneca պատվաստանյութը սկսեց կիրառվել դեռ 2021 թվականի գարնանը, կիրառումից որոշակի ժամանակահատված հետո տարբեր երկրներ սկսեցին որոշակի անհանգստացնող փաստեր ֆիքսել։ Դեռ 2021-ի ապրիլի 8-ի դրությամբ կիրառվել էր մոտ 190 միլիոն դեղաչափ AstraZeneca, և այդ ընթացքում արձանագրվել էր թրոմբոէմբոլիկ 182 դեպք, որոնք դիտվել էին ոչ թե պատվաստման արդյունքում, այլ պատվաստումից հետո։ Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ԱՀԿ-ն, Եվրոպական դեղերի գործակալությունը, հանդես եկան հայտարարությամբ դեռ 2021-ի գարնանը, որ եթե նույնիսկ առկա է պատճառահետևանքային կապ պատվաստման և թրոմբոզների առաջացման մեջ, ապա այդ ռիսկը բավական ցածր է, և օգուտները միանշանակ գերազանցում են ռիսկերին և խորհուրդ են տալիս պատվաստվել»։

Այժմ դրա անհրաժեշտությունը մեծ չէ, բայց ոչ ոք չի բացառել մոլորակի ինչ-որ կետում ինչ-որ ժամանակ նոր համավարակի առաջացման հավանականությունը։ Համաճարակաբանները հույս ունեն, որ եթե նման բան տեղի ունենա, հասարակությունը, կորոնավիրուսի փորձը հաշվի առնելով, ավելի ակտիվ կարձագանքի պատվաստվելու հորդորներին՝ ճիշտ չափելով բոլոր երևույթների ռիսկերն ու օգուտները։

Back to top button