ԿարևորՔաղաքական

Բաքուն պարտավոր է հարգել Ալմա-Աթայի հռչակագրի բոլոր կարևոր դրույթները. Բենիամին Մաթևոսյան

Ադրբեջանում գիտակցում են, որ այլ հավասար պայմաններում  Հայաստանի իշխանությունները կարող են անդրադառնալ Ալմա-Աթայի հռչակագրի տեքստին և բարձրաձայնեն նշված փաստաթղթում ամրագրված մյուս կարևոր կետերի մասին, մասնավորապես ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի բացառման և ազգերի  ինքնորոշման իրավունքին առնչվող` ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն` անդրադառնալով սահմանազատման գործընթացում Ալմա-Աթայի 1991 թվի հռչակագրով առաջնորդվելու Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությանը։

Ըստ նրա` հայ-ադրբեջանական խաղաղության հնարավոր պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրին հղումը ամրագրելու դեպքում ադրբեջանական կողմը պարտավոր է հարգել փաստաթղթում հիշատակվող այս կարևոր դրույթները, մինչդեռ Բաքվում հասկանում են, որ հռչակագրի դրույթը պայմանագրում ամրագրելով առերեսվելու են իրենց կողմից տասնամյակներ շարունակ հռչակագրի վերոհիշյալ կետերը խախտելու հետ։ «Հայաստանի հետ ինչ-որ ձևաչափի հարաբերություններ հաստատելու դեպքում ինչ-որ մի պահի հնարավոր է, որ հայկական իշխանությունները բարձրացնեն հռչակագրում նշված մի քանի կարևոր կետերի հետ կապված Ադրբեջանի կողմից այդ դրույթները ոտնահարելու հարցը։ Հենց սա է պատճառը, որ Բաքուն խուսափում է խաղաղության այդ փաստաթղթում հիշատակել Ալմա-Աթայի հռչակագիրը։ Ի վերջո չպետք է մոռանալ, որ Հայաստանի Գերագույն Խորհուրդն ունի վերապահումներ կապված այդ հռչակագրի հետ», — ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակից քաղաքագետը։ 

Հիշեցնենք, որ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել էր, որ Ալմա-Աթայի հռչակագրի դրույթը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա։ «Մենք այս պահին ունենք մի քանի հայտարարություն Ադրբեջանի կողմից նաև ամենաբարձր՝ նախագահի մակարդակով՝ Ալմա-Աթայի հռչակագրի նշումով և ունենք նկարագրություն այն ամենի, ինչի մասին մենք խոսում ենք, և պայմանագրի շրջանակում այդ խոսակցությունը շարունակվում է: Պետք է ասեմ, որ թերևս դա քննարկվող թեմաներից մեկն է այս փուլում, բայց մենք դեռ չունենք համաձայնություն և քննարկումները շարունակվում են», — ասել է ԱԺ խոսնակը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք օգտվում գրված տեսքտից։ «Մենք այս հռչակագրին հղում անելով կա՛մ մեր աչքը կհանենք, կա՛մ կկարողանանք գեղեցիկ, ճիշտ ու անվտանգ սահմանային կոնֆիգուրացիա ստեղծել»,- ասում է մեր զրուցակիցը։  

Back to top button