ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սյունեցիները պիտի զգան, որ միջազգային հանրությունն իրենց հետ է․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

«Սանտե Արմենի» ֆրանս-հայկական առողջապահական կազմակերպությունը ընդլայնում է աշխարհագրությունը Սյունիքի մարզում։ Ընտանեկան բժշկի շրջիկ ծառայությունները հասանելի կլինեն ոչ միայն Գորիսում ու Կապանում, այլև Սիսիանում։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին կարևորում է Սյունիքի մարզը՝ ռազմավարական առումով և առիթը բաց չի թողնում Սյունիք այցելելու։

«Այսօրվանից Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի ճակատագրերը համատեղ են։ Սա նշանակում է՝ ով հարձակվի Սյունիքի վրա, հարձակվում է Օվերն-Ռոն-Ալպերի վրա, ով ոտնձգություն կատարի Սյունիքի հանդեպ, ճանապարհին կհանդիպի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանին»։

2023թ-ի մարտին, Տաթևի վանական համալիրում այսպես խոսեց Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպերի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն ՝ Սյունիքի մարզի  ու Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո։ Բուժօգնության հասանելիություն, աջակցություն գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես գյուղերում ոռոգման համակարգի կառուցում, երիտասարդների մասնագիտական կրթություն, զբոսաշրջության խթանում, ֆրանսերենի ուսուցման խորացում․ սրանք էին համագործակցության հիմնական ուղղությունները։

Բուժօգնության հասանելիության շրջանակում առաջինը մարզում «Սանտե Արմենի» ֆրանս–հայկական առողջապահական կազմակերպությունը սկսեց գործունեություն ծավալել։ Հիմնադրամի տրամադրած մեքենաներով բժիշկների շրջիկ խմբերը մեկնում են Կապանի ու Գորիսի սահմանամերձ բնակավայրերը, հետազոտում բուժառուներին, ախտորոշում, նշանակում բուժում։  «Սանտե Արմենին» ընդլայնում է աշխարհագրությունը՝ ծրագրում ընդգրկելով նաև Սիսիանի տարածաշրջանը։ Այս մասին Կապանում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Ռազմավարական Սյունիքը շատ կարևոր է մեզ համար»,-ասում է դեսպանը։

«Մենք մեր տված խոստումները սկսում ենք իրականացնել։ Այն, ինչ հայտարարեց Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարը մեկ տարի առաջ Տաթևում, ուղիղ կապված է դեսպանատան և «Սանտե Արմենիի» հետ։ Յոթ ամիս առաջ Գորիսում համաձայնագիր է ստորագրվել։ Ֆրանսիայում ասում են, որ երկարատև ամուսնությունները երջանիկ ամուսնություններ են լինում։ Եվ ըստ երևույթին, Սյունիքի մարզի և «Սանտե Արմենիի» ամուսնությունը ևս երջանիկներից է»։

Ըստ դեսպանի՝ «Սանտե Արմենին» շատ արագ է աշխատում ու շրջիկ խմբերը կոչված են բավարարելու հեռավոր գյուղերում, հատկապես սահմանամերձ, բնակիչների կարիքները։ Ծրագրին ֆինանսապես աջակցում են Ֆրանսիայի ԱԳՆ-ը, դեսպանատունը, մի շարք հիմնադրամներ։

«Սանտե Արմենի» հիմնադրամի Սյունիքի մարզի համակարգող Հակոբ Խաչյան․ «Գորիս և Տեղ համայնքում սպասարկում ենք 9 գյուղ, հետո գործարկեցինք Կապանի շրջիկ թիմի աշխատանքը, այսօր Կապանում սպասարկում ենք 8 գյուղ։ Ինչպես արդեն տեղակացաք, սպասարկում ենք Սիսիանի տարածաշրջանը, կանգ չենք առնելու։ Մոտ ապագայում Մեղրիում կներդնեք շրջիկ թիմ ու չեմ բացառում, որ ծրագիրը կիրառենք նաև այլ մարզերում»։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ափսոսանքով է արձանագրում, որ Սյունիքում իրավիճակը կրկին լարված է։ Մի քանի օր առաջ ականատես եղանք հրադադարի խախտման դեպքերի․ ասում է դեսպանը։

«Այնքանով, որքանով Եվրամիության դիտորդների կապույտ բաճկոնները սյունեցիներին վստահություն են ներշնչում, որ կա միջազգային ներկայացուցչություն, այնպես էլ «Սանտե Արմենիի» կարմիր բաճկոնները, որոնք ծառայություն կմատուցեն այլ ոլորտում, բայց սյունեցիները նորից կզգան, որ իրենք մենակ չեն ու միջազգային հանրությունը իրենց հետ է»։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին ընդունեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Նրանք անդրադարձան համատեղ իրականացվող ծրագրերին, Սյունիքի ու Օվերնյ-Ռոն-Ալպի միջև ապակենտրոնացված համագործակցությանը, տարածաշրջանի անվտանգային իրավիճակին ու այլն, քննարկեցին տնտեսական, կրթական, առողջապահական ու մյուս ուղղություններով առաջիկայում նախատեսվող փոխգործակցությունը։

Back to top button