
Հանրապետության հրապարակում եռօրյա հանրահավաքներից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման պայքարի ձևաչափը փոխվել է։ Երևանում ծավալված պայքարի 4–րդ օրը մայրաքաղաքի տարբեր հատվածներում ընթացել է անհնազանդության ակցիաներով, որոնք շարունակվել են մինչև ժամը 16-ը։ Շարժումը ղեկավարող Բագրատ սրբազանը հայտարարել է, որ այսօրվանից հանդիպումների շարք է նախաձեռնում քաղաքական, քաղաքացիական, մշակութային տարբեր շերտերի հետ։ Հանրապետության հրապարակում հրավիրած վերջին հրապարակում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը 20 կետանոց հայեցակարգ է հրապարակել։ Իշխանության ներկայացուցիչները համոզված են, որ ընդդիմության ձևակերպած օրակարգը չի արտացոլում լայն հանրության կարծիքը։ «Քաղաքացիական պայմանագրից» նաև պնդում են, որ ընդդիմության առաջարկներն իրատեսական չեն։
Ընդդիմությունը դեռ չի լուծել ԱԺ–ում վարչապետի իմպիչմենտի համար պակասող 18 ձայնի խնդիրն ու շարժման՝ վարչապետի թեկնածուի հարցը։ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը, սակայն, արդեն ունի անցումային կառավարության աշխատանքային սկզբունքները, որոնք ամփոփել է 20 կետի մեջ։
Շարժման մասնակիցները պնդում են՝ դեմ չեն Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին ու «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը։ Բայց այս գործում այլ հերթականություն են առաջարկում՝ որպես առաջին քայլ պայմանագրի ստորագրում, հետո սահմանազատման աշխատանքներ, ոչ թե հակառակը։ Շարժումը առաջնորդող Բագրատ սրբազանի կողմից հրապարակված հայեցակարգի 9–րդ, 10–րդ և 15–րդ կետերն առնչվում են հենց այս խնդիրներին․
- «Չճանաչել որևէ ուժով ձևավորված որևէ իրողություն՝ չլեգիտիմացնելով ուժի կիրառված իրողությունները, բոլոր կարգավորումները պետք է տեղի ունենան բանակցությունների արդյունքներով, միջազգային իրավունքի, արդարության սկզունքի հիման վրա։
- Ոչ ոք չի կարող պարտադրել մեզ փոխել մեր հայկական օրակարգը՝ իր բոլոր ենթատեքստերով։
- Զարգացնել և մշակել ռազմական նոր դոկտրին՝ կանխարգելման և որևէ սպառնալիքի դեպքում անհամաչափ հարվածների սկզբունքով»։
ԱԺ իշխանական թևից պնդում են, որ հանգիստ են վերաբերվում ինչպես շարժման բողոքի ակցիաներին, այնպես էլ վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու ծրագրերին։ Խորհրդարանական մեծամասնությունից պատգամավորներ Վահե Ղալումյանը և Նարեկ Գրիգորյանը վստահ են, որ զարգացումները չեն հասնի ԱԺ։
Վահե Ղալումյան․ «Հանրահավաքի մարդաշատությունից, մարդկանց տրամադրվածությունից տեսնում եմ, որ մարում է այդ շարժումը։ Հետո այդ մարդիկ եկել էին, որ առաջին օրը հրապարակում սահմանազատման և սահմանագծման մասին տեղեկություն իմանա, բայց այդ բառը նույնիսկ երևի այդ հարթակում չհնչեց։ Համենայնդեպս, շեշտադրումը դա չէր։ Շեշտադրումն իշխանությանն անվստահություն հայտնելն էր, որը օրակարգային հարց չէ ՀՀ քաղաքացիների համար»։
Նարեկ Գրիգորյան․ «Իրենք ինչ ուզում ասում են՝ կգանք, ուրիշ ձև կանենք։ Բայց այդ իրատեսական ձևը չեն ասում։ Երկրորդը՝ ասում են մենք եռագույն ենք, մենք սև–սպիտակ չենք։ Միգուցե իրենք կարմի՞ր են, սա պետք է հստակեցվի։ Ընդդիմությանն ու դիվանագետներին հարյուր անգամ առաջարկվել է՝ եկեք միասին լուծումներ փնտրենք, իրենք գնում են, փակ նիստ են անում, չգիտեմ ինչ են քննարկում, հետո գալիս են լրիվ ուրիշ բան են խոսում»։
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման շուրջ համախմբված դիվանագետները ստեղծել են խումբ–խորհուրդ, որն աշխատում է արտաքին դիվանագիտության հարցերի վրա։ Համարում են, որ Ադրբեջանի հետ բանակցությունների հիմքում Ալմա–Աթայի 1991 թվականի հռչակագրի հաստատումը վնասում է ՀՀ շահերին։ Արտաքին դիվանագիտության համար անցումային կառավարության հայեցակագրում ընդդիմադիրներն առանձնացրել են մի քանի կետ․
- «Մերժել հականերով արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով գործիք դառնալուց, զարգացնելով սեփական օրակարգը, բարեկամներ փնտրելով, բայց ոչ երբեք հույսը միայն բարեկամների վրա դնելով, այլ ապավինելով սեփական ժողովրդի ուժականությանը և կամքին։
- Նոր հայեցակարգ մշակել Սփյուռքի հետ հարաբերության համար։
- Կառավարման համակարգ վերադարձնել բոլոր փորձառու մասնագետներին՝ դիվանագտներ, զինվորականներ, պետական ծառայության մեջ գտնվող բոլոր անձինք, ովքեր ինքնկամ հեռացել են կամ անադարացիորեն հեռացվել են նույնիսկ մեկ «լայք» դնելու պատճառով»։
Ընդդիմադիրների հայեցակարգային այս կետին արձագանքում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար էն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոններն ու իրենց բաժին հասած խրամատն այն օրերին, բառացի նույն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում կամ ունեցել ռազմական ագրեսիա, էս փաստի հիշատակումից հետո էդ մարդկանց ու նրանց դիրքորոշումների նկատմամբ որևէ կաթիլ լրջություն չեմ կարող ունենալ, և սա ամենամեղմ գնահատականն է, որ ես կարող եմ թույլ տալ ինձ հնչեցնել։ Իրականությունն ավելի վատ է․ ականահարելով Ալմա Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ էդ մարդիկ, վստահ չեմ կարող պնդել՝ գիտակցաբար, թե ակամա, շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը և տարածքային ամբողջականությունը, լավագույն մեկնաբանությամբ՝ ուղղակի չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի թելադրանքով։ Ավելի չեմ ուզում մենաբանել»։
Ընդդիմության հրապարակած հայեցակարգով առաջարկվող անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ հնարավորություն տալով մասնագետներին, անկախ կուսակցական և այլ պատկանելիությունից, ներգրավվել այդ կառավարության մեջ։ Միաժամանակ անցումային կառավարության համար հրապարակված բոլոր կետերը, ըստ շարժման մասնակիցների, պետք է լինեն ժամանակավոր։ Ընդդիմադիրները կարևորում են նաև, որ մինչև նոր ընտրություններ բացառվի սահմանադրության փոփոխությունների հնարավորությունը։




