Գերդաստաններ

Մարդն ինքն է ընտրում այն մեկին ումից կարող է սովորել. Բաբայաններ․ «Գերդաստաններ»

Մշակութային ու հասարակական այնպիսի գործիչներ կան, որոնք կարևոր են իրենց փիլիսոփայական հետաքրքիր մտածողությամբ, իրենց գաղափարներով, դաստիարակչական նախընտրելի օրինակներով և վերջապես իրենց մասնագիտական բարձր կարողություններով։ Այդպիսիներից է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը, որի հայրը հայ դրամատուրգ, թատերագետ, թարգմանիչ, ՀԽՍՀ արվեստիվաստակավոր գործիչ Արտաշես Բաբայանն է։

20-րդ դարի սկզբին Հին Բայազետից շատ հայեր եկան Արևելյան Հայաստան և Սևանի լեռնաշղթայի երկայնքով ստեղծեցին բնակատեղի, որը կոչեցին Նոր Բայազետ։ Հին Բայազետից ոմանք գնացել էին Թիֆլիս, բայց Նոր Բայազետի հիմնադրումից հետո շատերը, այդ թվում նաև Մնացական Բաբայանը, հետ եկան և հաստատվեցին Սարուխան գյուղում։ 1923 թվականին հենց Սարուխանում ծնվեց Մնացականի որդին՝ Արտաշեսը։

1937 թվականին Մնացականը բռնադատվեց, և այդ հանգամանքը բավականին դժվարություններ առաջացրեց որդու կյանքում։ Խնդիր էր դրված կա՛մ հրաժարվել հորից, կա՛մ չսովորել որևէ հաստատությունում՝ ասում է Ռուբեն Բաբայանը։

1941–1945 թթ․Արտաշեսը ծառայել է խորհրդային բանակում, այնուհետև ավարտել Երևանի թատերական ինստիտուտը և սկսել աշխատել ՀԽՍՀ կուլտուրայի նախարարությունում։ Այդ շրջանում նա, ասես, թատրոնի հարազատ մարդն էր նախարարությունում՝ թատրոնի և դերասանների հոգսերով միշտ ապրող, ամենքին օգնող՝ պատմում է Ռուբեն Բաբայանն ու ավելացնում, որ նա օգնում էր անգամ անծանոթ մարդկանց՝ առանց որևէ ակնկալիքի։

Հետաքրքիր է նաև Արտաշեսի և Մարիայի ամուսնության պատմությունը։ Բանակում ծառայելու տարիներին զինվորական տղաներին աղջիկներն անհասցե նամակներ էին գրում, իսկ Արտաշեսը պատասխան նամակներում նաև բանաստեղծություններ էր գրում, ինչն ավելի է մտերմացնում նրանց։

Ռուբենը մեծանում էր շատ հետաքրքիր ընտանիքում, քանի որ մոր հայրը՝ Քրիստաֆորը, հեքիաթներ էր հորինում և պատմում թոռանը։ Դրանք հեքիաթներ էին, որոնք ոչ մի տեղ չէիր կարդա և չէիր լսի, դրանք շատ իմաստուն էին, լեցուն կերպարներով, որոնք էլ հետագայում Ռուբենի համար դառնում են ստեղծագործական հիանալի աղբյուր։

Պապի մասին խոսելիս Ռուբենն ասում է, որ այս տաղանդավոր հեքիաթասացը նաև հիանալի նվագում էր՝ առանց երաժշտական կրթություն ունենալու։

Տարիներ առաջ Ռուբեն Բաբայանը բեմադրել է Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողի քեֆը չի պակսիլ» պիեսը, որի հեղինակը հայրն էր՝ Արտաշես Բաբայանը։ Հանդիսատեսի կողմից սիրված այս աշխատանքը ռեժիսորն ուզում է կրկին կյանքի կոչել ։

Մշակութային անվանի գործիչն իր որդիներին դաստիարակում է իր մոտեցումներով։ Նա գտնում է, որ սովորեցնել որևէ բան հնարավոր չէ, այլ հնարավոր է սովորել, և մարդն ինքն է ընտրում այն մեկին, ումից պիտի կամ կարող է սովորել։

Ռուբեն Բաբայանը ճշմարտացիորեն գտնում է նաև, որ հոր և որդու մտերմությունն ավելի շատ խորանում է այն ժամանակ, երբ երկուսն էլ սկսում են հասկանալ միմյանց ցավը։

Իր զավակներին թատերական սիրված գործիչը երբեք որևէ բան չի ստիպել կամ սովորեցրել, այլ ուսուցանել է իր աշխատանքով, իր պահվածքով։ Մուշեղը՝ որդին, շարունակում է թատերական գործչի ճանապարհը։ Ասում է՝ ժառանգել է պապի ազատամտությունը և հոր իմաստուն հումորը։

Գործչի մյուս որդին ևս ընտրել է թատերական արվեստի ոլորտը, քանի որ նրան հետաքրքրել է, թե ինչպես է կերտվում իսկական մարդը, թե ինչ է թատրոնը մարդու կյանքում, ինչ կարող է ավելացնել ինքն այդ  խորհրդավոր աշխարհում՝ ասում է Ռուբեն Բաբայանի կրտսեր որդին՝ Արտաշեսը։

Ամեն անգամ, երբ անցնում ես Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի կողքով, անհնար է չհիշել դրա շատ բանիմաց գեղարվեստական ղեկավարին՝ Ռուբեն Բաբայանին, նրա՝ 16-ից ավել ներկայացումները, այդ թվում Շեքսպիրի «Սխալների կատակերգությունը», Հովհաննես Թումանյանի «Հենց էն Հուռին», Անտոն Չեխովի «Բալենու այգին», Դեմիրճյանի «Քաջ Նազարը» և այլ  ներկայացումներ։

Նկարները՝ Ռուբեն Բաբայանի ՖԲ էջից

Back to top button