
Բուժաշխատողների համար նախատեսվում է սահմանել պարտադիր շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների ցանկ։ Գործադիրը հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագծին: Ըստ դրա՝ արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության, բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների կամ համաճարակային իրավիճակներում վարքականոնների վերաբերյալ դասընթացներին բոլոր բուժաշխատողների մասնակցությունը պարտադիր կլինի։ Գործող կարգավորմամբ բուժաշխատողն ինքն է որոշում՝ ինչ դասընթաց ընտրի ու այդ դեպքում հնարավոր է, որ, օրինակ, աղետների բժշկության դասընթացին չմասնակցի։ Նոր կարգով կառավարությունն ինքն է սահմանելու պարտադիր դասընթացների ցանկը, որը պարտադիր են լինելու բոլոր բուժաշխատողների համար։
Այսօր էլ բուժաշխատողները յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ հավաքելու համար մասնակցում են դասընթացների, սակայն փորձը ցույց է տալիս, որ հիմնականում բուժաշխատողներն ընտրում են իրենց մասնագիտությանն անմիջականորեն առնչվող դասընթացները։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացումներով կսահմանվի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կլինի՝ անկախ մասնագիտական ուղղվածությունից: Դասընթացները լինելու են, օրինակ, արտակարգ իրավիճակներում աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության, էթիկական նորմերի կամ այլ նմանատիպ թեմաներով՝ ասում է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
«Օրինակ 4-5 տարի առաջ համաճարակի ժամանակ բուժաշխատողները պետք է որոշակի գիտելիքներ ունենային Քովիդի վերաբերյալ։ Հետևաբար ազգային կարիքներից ելնելով ցանկում կարող են ներգրավված լինել նմանատիպպ դասընթացներ, որոնք պետք է կարիքից ելնելով իմանա ցանկացած բժիշկ կամ վիրաբույժ։ Օրինակ 20 կրեդիտ պետք է հավաքի արտակարգ իրավիճակներում կամ պատերազմական դրություններում վիրահատությունների նորությունները իմանալու արդյունքում»։
Գործող կարգավորումներով յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար նախատեսված է 220 շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտ, դեղագետների համար՝ 160 , միջին բուժաշխատողների համար՝ 140, դեղագործների համար՝ 100 կրեդիտ։ Կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր է, և բուժաշխատողն ինքն է որոշում, թե իր մասնագիտությանը վերաբերող որ միջոցառմանը մասնակցի։ Հաշվի առնելով արտաքին մարտահրավերները՝ կառավարությունն անհրաժեշտ է համարում որոշ դասընթացներ պարտադիր դարձնելը բուժաշխատողների համար՝ ապահովելով տարբեր իրավիճակներում վերջինների պատրաստվածության բարձր մակարդակ։ Նախագծով առաջարկվում է օրենքով սահմանել բուժաշխատողների համար պարտադիր համարվող դասընթացների ցանկը, որը կհաստատի կառավարությունը։ Պարտադիր ցանկում ներառված դասընթացները կարող են կազմակերպվել ինչպես պետական նպատակային ծրագրերի շրջանակում, այնպես էլ վճարովի հիմունքներով։ Նախագծով առաջարկվում է նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող դասընթացների փոխհատուցման կարգ։
«Օրինակ՝ երկրաշարժին վերաբերող դասընթացը եթե իրականացնի միջազգային հեղինակավոր կազմակերպություն, ու եթե դիմի և կարգին համապատասխանի, ապա դա կփոխհատուցվի, բայց եթե իրականացնի առողջապահության ազգային ինստիտուտը, կարող է լինել թե վճարովի, թե անվճար։անվճարից օգտվելու հնարավորություն եթե ունենա, անվճար կանցնի։ Բայց նաև վճարովի կլինեն, և այդ մարդիկ կարող են ինչպես վճարովի տեղ գտնել, այնպես էլ անվճար։ Լրացուցիչ ֆինանսական բեռ չի լինելու»։
Դասընթացների ցանկը քարացած չէ, այն ժամանակի ընթացքում կարող է փոփոխվել։ Այս նոր մոտեցմամբ բուժաշխատողները կլինեն ավելի պատրաստված, նրանց հնարավորություններն ու կարողությունները կզարգանան, իսկ բուժառուն միայն դրանից կշահի՝ նկատում է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Կարինե Աբրահամյանը։ Նոր կարգը բոլոր բուժաշխատողներին է վերաբերում։
«Եվ ավագ և միջին բուժաշխատողները, ովքեր ենթակա են հավաստագրման, պետք է մասնակցեն։ Օրենքի ընդունումից հետո կմշակվի կառավարության որոշում, որտեղ հստակ կնշվի դրա ուժի մեջ մտնելու ժամկետը, և այդ կարգին համապատասխան ժամանակացույց կկազմվի։ Ապա կսկսվի կրեդիտավորումը, որպեսզի կարողանան մեր բուժաշխատողները հավաստագրման գործընթացում դրանց մասնակցել և կրեդիտներ ձեռք բերել»։
Օրենքի ընդունումից հետո ոլորտում հավաստագրված շուրջ 40 000 բուժաշխատող 5 տարվա ընթացքում կմասնակցի պարտադիր դասընթացներին։ Վկայականը, որը դասընթացների ավարտին կստանա բուժաշխատողը, կփաստի թե նրա մասնակցության, թե կուտակված կրեդիտների մասին։ Ի դեպ, ինչպես հավաստիացնում են Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները, վերահսկողական լծակները բավարար են մշտադիտարկելու, թե ով և քանի դասընթացի է մասնակցել։




