ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Խուճապն իրավապահներից շուտ հասավ դպրոցներ․ տելեգրամյան կեղծ «ահաբեկչություն» Երևանում

Կեսգիշերին մոտ տելեգրամյան նորաբաց ալիքներից մեկը ռուսերեն տեքստային ու ձայնային բովանդակությամբ հայտարարել էր՝ հոգնել է Երևանից ու դպրոցներում ահաբեկչություն արել։ Մինչ կլուսանար՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի շրջանավարտներից մեկը զանգել էր դպրոցի փոխտնօրենին ու տեղեկացրել բովանդակության մասին, արդեն 06։30-ին լուրը հասել էր տնօրենին, 8։30-ին ոստիկաններն ու ԱԱԾ-ի աշխատակիցներն արդեն դպրոցում էին, բայց  ծնողների խուճապն իրավապահներից առաջ էր ընկել:  Թիվ 19 դպրոցի տնօրեն Լիանա Աշրաֆյան․

«8-ն անց կեսի սահմանում արդեն ոստիկանների և ԱԱԾ-ի աշխատակիցները դպրոցում էին և տեղեկացրին, որ անհեթեություն է, իրականությանը չի համապատասխանում, էդպես բնկականոն ձևով շարունակում ենք աշխատանքը, իհարկե, ծնողների մոտ արդեն խուճապը առաջացել էր, շատ ծնողներ բալիկներին դպրոց մոտեցնելու ընթացքում, անգամ, երբ հենց այդ պահին իրազեկվեցին ինֆորմացիայի մասին, իրենց բալիկներին տարան դպրոցից։ Կային նաև ծնողներ, որ ասում էին իրենց համար անհեթեություն է և իրենց բալիկներին կուղարկեն դպրոց»։

Եթե նույնիսկ ահազանգը կեղծ է կամ արակածախնդիրների հերթական կատակ, անհնար է կարդալ երեխայիդ դպրոցի համարը ու չանհանգստանալ։ Լևոն Շանթի անվան դպրոցի  4-րդ դասարանցի Վարդան Սիրունյանի մայրը՝ Գրետա Սիրունյանը, ծնողական չաթում տելեգրամ ալիքների սքրինշոթները տեսնելուց   հետո շտապել է դպրոց․

«Առավոտյան երեխային դպրոց տանելուց հետո եմ իմացել, արդեն տուն էինք վերադարձել, շատ անհանգստացել եմ, ճիշտն ասած տարբեր կարծիքներ եմ լսում, մարդիկ կան՝ չեն հավատում, բայց անկախ ամեն ինչից, ես՝ որպես ծնող, անհանգստանում եմ, մինչև հիմա էլ անահնգիստ եմ, ու չգիտեմ, նույնիսկ երկուշաբթի օրվա հետ կապված, մտածում եմ, որ պետք է լինեմ դպրոցի տարածքում»։

Խուճապն արդեն տարածվել, որոշ տեղերում էլ ավարտվել էր, երբ  ԱԱԾ-ն հաղորդագրությամբ հորդորեց խուճապի չմատնվել, չբացառելով, որ նման դրսևորումները կարող են կրկնվել։ Ըստ հաղորդագրության՝ կեղծ ահաբեկչության մասին գրառում արած «Армения Конец» (@ArmeniaEnd) տելեգրամյան ալիքը բացվել էր նույն օրը՝  ապրիլի 11-ին, վերահրապարակվել նաև «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։ Մեդիափորձագետ Արթուր Պապյանը ասում է՝ ալիքներն ընդամենը 150- 300 բաժանորդ են ունեցել, բովանդակությունը տարածվել է հիմնականում դպրոցների աշակերտների կամ ծնողների չաթերով։

«Նաև աուդիոներ կային, ցավոք սրտի, այսինքն բարեբախտաբար հիմա ալիքը փակված է և էդ ձայնագրությունները հասանելի չեն, չհասցրրեցի դրանցից ինչ-որ կրկնօրինակներ անեմ, դա էր՝ ուղղակի սպպառնալիքներով ինչ-որ տելեգրամյան ալիք էր, և ինքը շատ մեծ քանակի բաժանորդներ էլ չուներ, այն պահին, երբ ես տեսա, մոտ 350 բաժանորդ էր, հիմնական ալիքը, դրա կրկնօրինակողն էլ մոտ մի 150։ Որքան հասկանում եմ, հիմնականում տարածվում էր ծնողկան չաթերում, ամեն դպրոցում կան ծնողական չաթեր, երեխաների ներքին չաթեր կան,  դրանցում շրջանառում էին հիմնականում սքրինշոթեր»։

Մոտ մեկ ամիս առաջ նույն  լուսանկարներն ու բովանդակությունը տարածվել էր Բելառուսում, ինչը փաստում է դրանց կեղծությունն ու այլ երկրների հատուկ ծառայությունների  ներգրավվածությունը։ Պապյանը փոխանցում է՝ համացանցային  ժամանակակից հնարավորությունները թույլ են տալիս հաքերներին այնպիսի գրոհներ կազմակերպել, որոնց հետքերը երբեք ոչ ոք չգիտնի, իսկ Տելեգրամը ահաբեկիչների սիրելի հարթակն է՝ գրեթե երբեք չի համագործակցում իշխանությունների հետ ու հանցագործների համար անվտանգային բացառիկ երաշխիքներ ստեղծում։

«Շատ բարդ է, ավելին ասեմ՝ այս պահին այդ ալիքները չկան, ամեն ինչից դատելով՝ հենց իշխանություններն են կարողացել շատ արդյունավետ  կամ չգիտեմ, գուցե ժամը անցավ, իրենք փակվեցին, ամեն դեպքում, կոնկրետ Տելեգրամում շատ բարդ է, հենց դրա համար էլ Տելեգրամը ահաբեկիչների նախընտրած հարթակն է, որովհետև ինքը շատ դժկամությամբ է իշխանություններին տեղեկատվություն տրամադրում, համագործակցում և ալիքի հենց բուն տեխնիկական առավելությունները թույլ չեն տալիս առանձնապես ինֆորմացիա իմանալ ալիքի ադմինների մասին, եթե տելեգրամի հետ ուղիղ կապ չլինի , որևէ հնարավորություն չկա հավելյալ ինֆորմացիա իմանալու դա կազմակերպողների մասին, կազմակերպողներն էլ կարող են գրանցվել օրինակ կեղծ համարներով, այնպես որ, ոչ մեկ չկարողանա երբեք որևէ հետք գտնել»։

Բացահայտել ու բացառել հնարավոր չէ, բայց պատրաստ լինելն ու արագ արձագանքելը՝ պարտադիր։ Պապյանի գնահատմամբ՝ իշխանություններն ու պատասխանատուներն արագ են արձագանքել, րոպեների ընթացքում ալիքները փակվել են, իրազեկող հացղորդագրությունները՝ տարածվել։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում կատարվածը հիբրիդային պատրեզմի դրսևորում էր անվանել ու հայտարարել՝ դպրոցներում խուճապ չկա, դասերը բնականոն շարունակվում են, նաև հայտնել էր՝ այս պահին մշակում են  դպրոցների անվտանգության նոր ստանդարտները․

«Ես կարծում եմ, որ մենք վերջին շրջանում տեսնում ենք, որ նման կեղծ տեղեկություններ տարածելու միտում է նկատվում և կարծում եմ, որ խուճապի որևէ առիթ չունեն մեր ծնողները և դպրոցները, դպրոցներում ուսումնական պրոցեսը բնականոն կազմակերպվում է, տելեգրամյան ալիքներում նշված կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է, իրավիճակը այդ իմաստով գտնվում է շատ լուրջ ուսունասիրության ներքո և այս պահին անհանգստանալու որևէ առիթ չեմ տեսնում։ Դպրոցներում անվտանգության ստանդարտի նկարագիրը մենք հիմա մշակում ենք, որովհետև ընդհանուր առմամբ դպրոցներում անվտանգությաքն ապահովման եղանակներն ու գործիքակազմը պետք է ընդլայնվի, բայց կարծում եմ, պետք է ադեկվատ լինենք իրավիճակին, ասենք անվտանգության գուցե այն միջոցառումները, որոնց կարիքը կա քաղաքային մեծ դպրոցներում, բանուկ հատվածներում գտնող կամ ավագ դասարաններ ունեցող, գուցե մեկը պետք է լինի, իսկ գյուղական դպրոցներում էնպես չի, որ մի լուծումը լուծում է բոլորի համար, հիմա այդ ստանդարտները մշակում ենք»։

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:Նախորդ տարվա ճիշտ այս օրերին  Երևանի թիվ 19  դպրոցի ուսուցիչներն ու ղեկավարը այսպիսի կեղծ հաղորդագրություն են ստացել՝ իբր դպրոցում ռումբ կար՝ հիշեցնում է դպրոցի տնօրեն Լիանա Աշրաֆյանը, բայց դեպքը հնչեղություն չի ստացել, որովհետև, տնօրենի խոսքով, դպրոցների ուսուցիչները տարհանում են կազմակերպել, իրավապահներն էլ արագորեն ճշտել տեղեկությունը։

Back to top button