ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ինչո՞ւ են ուշանում ապահովագրական պայմանագրերը. Արագածոտնի մարզի գյուղացիներն անհանգստացած են

2019թ սեպտեմբերից Հայաստանում ներդրվեց գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որն իրականացվում էր կամավոր հիմունքներով՝ պետության ֆինանսական աջակցությամբ: Գարնանային ցրտահարության վտանգից ապահովագրվելու դեպքում վճարը սուբսիդավորվել է 60%–ով, իսկ կարկուտից և հրդեհի վտանգից՝ 50%-ով:  Սակայն այս տարի ապահովագրական ընկերությունները գյուղատնտեսության ապահովագրման պայմանագրեր դեռ չենք կնքել: Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հարցը դեռ քննարկվում է ընկերությունների հետ:

Անցած չորս տարիներին գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերը սկսում էին կնքել ձմռանը և գործընթացը շարունակվում էր մինչև մայիսի 20-ը: Ժամանակացույցը սահմանվել էր ելնելով  բնակլիմայական պայմաններից ու տարերային աղետների հասցրած հնարավոր վնասի ժամանակահատվածից: Գարնանային ցրտահարության վտանգի դեմ ծիրանի ու խաղողի ապահովագրման վերջնաժամկետը փետրվարի 27-ն էր, սակայն մարտն արդեն ավարտվում է, իսկ ապահովագրական ընկերությունները դեռ լռում են: Գյուղացիներն անհանգստացած են:

Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ Մանվել Սահարյան. «Ընդհանուր 2 հա ծիրանի այգի ունեմ, լիարժեք, բերքատու այգի է: Երբ գյուղատնտեսության ապահովագրությունը ներդրվել է, ես այդ օրվանից ապահովագրել եմ իմ այգին: Այս տարի մինչև հիմա տեղեկություն չկա ապահովագրությունից, ասում էն՝ ինչ-որ պետության կողմից չի սուբսիդավորվում:  Ավելի ճիշտ՝ կոնկրետ չգիտեմ»:

Արտենիում 331 հա պտղատու այգիներ կան, որոնց մեջ գերակշռողը ծիրանն է: Նախալեռային գոտում պտղատու այգիները հաճախ են տուժում ցրտահարությունից ու կարկուտից, այդ թվում՝ Մանվել Սահարյանի այգին:

«Մեզ մոտ հիմնականում ցուրտն է, լինում է նաև կարկտահարություն: Մենք երկուսը միասին ենք ապահովագրում: Ինչից  այգին տուժում է, դրա փոխհատուցումը ստանում էինք, բայց մեր շրջանում հիմնականում ցրտահարության վտանգն է»:

Գյուղացիներն ասում են, որ գրեթե ամեն տարի ցրտահարվում են իրենց այգիները, տարբեր գոտիներում վնասի չափը տարբեր է: Մանվել Սահարյանի այգու դիրքն այնպիսին է, որ ամեն տարի վնասվում է: Անցած տարի ցրտահարության վնասը 70 տոկոս է եղել:

«Ցրտահարյության վտանգը ապրիլ ամսին է, մինչև ապրիլի 24-ն էլ  ցրտահարություն  եղել է, բայց հիմնականում վտանգը ապրիլի 5-ից մինչև 12-ն ընկած ժամանակաշրջանում է լինում»:     

Գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ: Գարնանային ցրտահարության վտանգից ապահովագրելու դեպքում պետությունը սուբսիդավորել է ապահովագրավճարի 60 տոկոսը, իսկ կարկտահարության ու հրդեհի դեպքում՝՝ 50 տոկոսը: Ռիսկերի համակցված ապահովագրության դեպքում, այսինքն՝  նույն տարածքի համար միանգանից գարնանային ցրտահարության, կարկուտի ու հրդեհի, կամ ցրտահարության ու կարկտահարության դեպքում ապահովագրավճարի վրա կիրառվել է 10 տոկոս զեղչ: Գյուղացիներն արդեն տիրապետում են ապահովագրական ընկերությունների վնասի գնահատման չափորոշիչներին:

«Երբ ցուրտը խփում էր, մենք 3 օրվա ընթացքում զանգահարում էինք, ապահովագրական ընկերությունից գալիս, ստուգում էին, թե ինչ տոկոսով է վնասվել այգին և ըստ այդմ էլ ակտավորում: Մի անգամ էլ գալիս էին ծիրանի բերքահավաքից առաջ. 10 օր շուտ տեղեկացնում էինք, գալիս նայում էին, թե ծառերին քանի տոկոս բերք կա և այդ տարբերությամբ էլ փոխհատուցում էին»։    

Անցած տարի ցրտահարությունից վնասվել էր նաև Անդրանիկ Հովհաննիսյանի ծիրանի այգին, որն առաջին անգամ էր ապահովագրել:

«Ապահովագրության վճարը մենք վճարել ենք հուլիս ամսին: Գյուղացուն այնպիսի հնարավորություն էր տրվել, որպեսզի կարողանա իր բերքը վաճառի, և իր հոգսերը հոգա: Նամանավանդ այս սեզոնին, եթե մենք պայմանագրերը կապեինք մարտ ամսին ու վճարեինք դրա համար, հաստատ գյուղացիները շատ չէին օգտվի այդ ծառայությունից: Այս տարի ասում են՝ չեն գալու ապահովագրեն: Անցած տարի իմ այգին վնասվեց և 55 տոկոսով փոխհատուցեցին վնասը: Հիմա ապահովագրական ընկերությունը չի մտել գյուղ, չգիտեմ ինչու, բայց ով կնքում էր պայմանագրերը, ասեց՝ հրաժարվում են գալ»:

Գյուղատնտեսության ապահովագրությունը կշարունակի՞ գործել, ապահովագրական պայմանագրերը կնքվելո՞ւ են, թե՞ ոչ. «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության բաժնի պետ Մերինե Աթոյանը տեղեկացնում է՝ հարցն այժմ  քննարկվում է ապահովագրական ընկերությունների հետ:

«Ծրագիրը նույնությամբ շարունակում է գործել, պետության հետ կապված խնդիր չկա: Ուղղակի հիմա ծրագրի պայմանների շուրջ ապահովագրական ընկերությունների հետ քննարկումներ են ընթանում: Կոնկրետ այս պահին բուռն  քննարկումների փուլում են, բայց վերջնական եզրահանգում դեռ չկա ՝ ինչ– որ բան փոխեն ծրագրում, թե՞ նույն պայմաններով շարունակեն աշխատել»:

Գյուղատնտեսության ապահովագրությունը իրականացնում էին 3 ընկերություններ:   Ապահովագրական հետագա գործարքների վերաբերյալ այդ ընկերություններից հստակ պատասխան չստացանք.

«Այո, այս պահին դեռևս պայմանագրերը չեն կնքվում, հնարավոր է կնքվի ավելի ուշ, բայց այս պահին դեռևս պայմանագրեր չեն կնքվում և գործարքներ չեն իրականացվում»:

Անցած տարի Արագածոտնի մարզում կնքվել է 324 պայամանագիր, փոխհատուցվել է 663 մլն դրամ:

Back to top button