ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Որքանո՞վ են ամերիկացիները հետաքրքրված արտաքին քաղաքականությամբ

Որոնք են ամերիկացիների համար արտաքին քաղաքականության օրակարգային հարցերը։ Ուկրաինա, Իսրայելա-պաղեստինյան պատերազմ, արդյո՞ք Հարավային Կովկասը քննարկվում է ամերիկյան նախընտրական այս տարում։  

Մեր թղթակիցն ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում և Հյուսիսային Կարոլինայի մի շարք քաղաքներում հարցի շուրջ կարծիքներ է հավաքել հանրապետականների և դեմոկրատների, փորձագետների և ընտրողների շրջանում։

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր՝ մասնավորապես Իսրայել-ՀԱՄԱՍ և ուկրաինական պատերազմները, խորը պառակտում են առաջացնում նախագահական ընտրությունների նախաշեմին։

Նախընտրական պայքարում այս հարցերի շուրջ նախկին ու ներկա նախագահներն իրար են քննադատում։ 

Մեթյու Հարթ, Հանրապետական կուսակցության Արլինգթոնի նախագահ, ԱՄՆ, 2024 մարտ

Հանրապետական կուսակցության Արլինգթոնի նախագահ Մեթյու Հարթը «Ռադիոլուր»-ին ասում է, որ «Ամերիկան առաջնային է» Թրամփի սկզբունքը կիրականացվի նորովի․ 

«Ամերիկան առաջին հերթին քաղաքականության ազդեցությունը կտեսնենք ոչ միայն ներսում, ԱՄՆ-ի սահմանները կամրապնդվեն, միևնույն ժամանակ ակնհայտ կլինի ազդեցությունը և՛ Իսրայելի հարցում, և՛ Ուկրաինայում։ Բացասական դերակատարները՝ Ռուսաստանն ու Չինաստանը կնախատվեն պատերազմական ակտիվացման համար»։

ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են կազմակերպվում` հաջակցություն Պաղեստինի։ Դեմոկրատների մի մասը դատապարտում է Բայդենի քաղաքականությունն Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում։

Հարավային Կարոլինայի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Գրինը կարևորելով Ուկրաինայի հարցը, ասում է՝ ուղղությունը, որ վերցրել են հանրապետականները՝ չաջակցել Ուկրաինային, լուրջ խնդիր է․ չի խոսում աշխարհի և մասնավորապես ԱՄՆ-ի շահերից․

«Խնդիր է նաև Գազայում, Իսրայելում և Պաղեստինում կատարվողը․ այս հարցում դեմոկրատները երկու ճամբարի են բաժանվել։ Այստեղ ուսանողները ցույց էին անցկացնում ի պաշտպանություն պաղեստինցիների։ Դեմոկրատների մի մասը չի ընդունում Բայդենի վարած քաղաքականությունն այս հարցում։ Մյուս կողմից էլ դեմոկրատներն ունեն հաստատուն կապեր ամերիկյան հրեա համայնքի հետ, որոնք էլ Իսրայելի պետության կողմնակիցն են։ Այնպես որ, դեմոկրատների համար սա լուրջ խնդիր է»։

Միևնույն ժամանակ Սթիվեն Գրինն առանձնացնելով նախընտրական շրջանում այլ երկրների հետ հարաբերությունների հարցերը, նշում է․ 

«Արտաքինից թվում է, թե քաղաքացիները մտահոգված են, սակայն պետք է ասել, որ ամերիկացիների մեծ մասին ուղղակի չի հետաքրքրում Ուկրաինան և արտաքին քաղաքականությունն ընդհանրապես․․․»։

Արտաքին քաղաքական հարցերը, ինչպես փաստում են տարբեր հարցումները, ամերիկացիների համար առաջնային չեն։

The Associated Press-ի հարցման համաձայն՝ Հանրապետականների և դեմոկրատների մեծամասնությունը, ակնկալում է, որ կառավարությունը 2024-ին կենտրոնանա տնտեսության վրա։

Ամերիկացիների շրջանում արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ առաջնահերթություն չի համարվել: Pew Research Center հետազոտական կենտրոնի 2023-ի հարցումն օրինակ ցույց է տվել, որ մեծամասնությունը կարծում է՝ ավելի քիչ ուշադրություն պետք է դարձնել այլ երկրներին, ավելի մեծ ուշադրություն՝ ներսում: Եվ 2024-ի հարցումներն էլ փաստում են, որ տնտեսությունը, գնաճը և ներգաղթը ամերիկացիների գլխավոր մտահոգությունն են այս ընտրական տարում:

Back to top button