ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գուգարքում ապրող տեղահանված արցախցիների զննություն՝ ինֆեկցիոն հիվանդությունների շարժական կլինիկայում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական ախտորոշիչ կլինիկան Լոռու մարզի Գուգարք բնակավայրում անվճար զննումներ է իրականացրել գուգարքցիների և բռնի տեղահանված արցախցիների շրջանում։ Իրականացվել են ինչպես գործիքային, այնպես էլ վիրուսային հիվանդությունների կանխարգելմանն ուղղված հետազոտություններ: ՌԴ-ի նվիրաբերած շարժական կլինիկաներում կենտրոնի բուժանձնակազմն անվճար բուժզննություն է անցկացնում: Միգրացիայի միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում, որը երկարաձգվել է ևս մի քանի ամսով, 2023-ի հոկտեմբերից ողջ հանրապետությունում 2 փուլով հետազոտվել է շուրջ 7000 քաղաքացի:

«Միշտ հիշե՛ք՝ օրգանիզմը վերցնում է միայն այնքան, ինչքան իրեն պետք է: Հանգիստ կարող եք ուտելուց խմել: Հանգիստ գնացեք, առողջ եղեք, լավ տրամադրություն: Անչափ շնորհակալ եմ»:

Զննություն, խորհդատվություն ու լավ օրվա մաղթանքներով է հերթական բուժառուին ճանապարհում ընտանեկան բժիշկ-թերապևտ Գագիկ Ասլանյանը: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական կլինիկայի անձնակազմը Լոռու մարզի Գուգարք գյուղում է: Նախատեսել ենք մինչև 50 բուժառուի զննել, բայց կսպասարկենք մինչև վերջին մարդը՝ ասում է բժիշկ Ասլանյանը: Նպատակն է հայտնաբերել թե՛ տեղի բնակիչների, թե՛այստեղ հաստատված արցախցիների առողջական խնդիրները, նրանց ևս ներառել էլեկտրոնային առողջապահության համակարգում:

Գուգարքցի Յուրիկ Առաքելյանը ոսկրահոդային խնդիրներ ունի: Սոնոգրաֆիկ զննություն է անցել: Մայրաքաղաք գնալու փոխարեն, տեղում ենք հետազոտվում, ավելորդ ծախսերից խուսափում՝ ասում է։

«Աղային կուտակումներ են, օստեոխոնդրոզ: Դեղորայք նշանակեց, բժիշկն ասավ տաք պահի, դեղերը խմի»:

75-ամյա Թերեզա Մուսայելյանը աղջկա՝ Զարինեի ընտանիքի հետ Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղից մի կերպ փրկվել, Գուգարքում է ծվարել: Մարսողական համակարգից են բողոքները: Շարժական կլինիկայում սոնոգրաֆիկ հետազոտման է եկել: Ամբուլատորիայից զանգով են  տեղեկացրել: Զարինեին հաջողվել է բերել իր բժշկական քարտը: 7 հոգանոց ընտանիքով են այստեղ: Դեռ չենք հարմարվել՝ ասում է:

«Ապրում ենք էլի, վարձով, ճարներս ինչ: Որ քո եղածը թողնես, գաս մի անծանոթ տեղ, որ մինչև անգամ սեփական գդալ չունենաս, դա հարմարվե՞լ է, ճարներս կտրած ապրում ենք էլի: Խնդիրը մամայինս է: Մարսողությունից է բողոքում, սոնոգրաֆիա անցնի, տեսնենք ինչ են ասում, երեխեքին էլ ցույց տանք, տեսնենք ինչ կա չկա, աղջիկս տեսողական խնդիր ունի: Ստեփանակերտ է եղել իմ քարտս, հասցրել եմ վերցնեմ, բայց շատ թղթեր չեմ բերել»:

Մարտակերտից Գուգարք է հասել նաև Լուսինե Շահրամանյանի ընտանիքը: Միայն փաստաթղթերս եմ կարողացել բերել, բժշկական քարտս այնտեղ մնաց: Շատ արագ դուրս եկանք, ոչինչ չենք բերել՝ ասում է: 80 000 դրամով տուն են վարձել: Խնդիրները շատ են,  աշխատանք չունեն: Մասնագիտությամբ բուժքույր է Լուսինեն, 17 տարի չի աշխատել: Կուզեի վերապատրաստվել՝ ասում է: Այլ աշխատանքի դիմել է, այդպես էլ չեն զանգել:  Մարտակերտում էլ էի աշխատանք փնտրում,  պատերազմն սկսվեց ու հայտնվեցինք այստեղ: Լսել են, որ ֆինանսական աջակցությունները երկարաձգել են, բայց դա էլ հարցի լուծում չէ՝ ասում է: Փոքր աղջկա հետ է եկել զննության: Նման անվճար հետազոտությունները մեծ  աջակցություն են այս նեղ պահին՝ ասում է

«Առավոտ զանգեցին, ասեցին ներկայացեք, ամուսինս աշխատանքի էր, 2 երեխաս չկարողացան, գալ փոքրս եկավ: Խնդիր չունի, ուղղակի բերել եմ հետազոտման»։

Գուգարքի ամբուլատորիայի տնօրեն Արմինե Մանուչարյանը «Ռադիոլուր»-ին  ասաց 100-ից ավելի բռնի տեղահանված արցախցիներ են հաշվառել: Ովքեր չեն կարողացել բերել բժշկական քարտերը, հետազոտվում են ու նոր քարտեր ստանում: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հետ լավ համագործակցություն ունեն: Լավ կլիներ, ասում է, որ մեծ տարածք ունենայինք և կարողանայինք ավելի լայն գործիքային հետազոտություններ առաջարկել բնակչությանը:

Արմինե Մանուչարյան․ «Տարբեր առողջական խնդիրներ ունեն, հիմնականում ունեցել ենք այնպիսիք, որոնք պայթյունի հետևանքով այրվածքներ են ստացել, պատերազմից հետո լուրջ խնդիրներով են եկել: Ունենք շաքարային դիաբետով հիվանդներ, հիպերտոնիկներ,  պոլիօրգանային խնդիրներով, այրվածքներով: Մենք նորից հետազոտում ենք, նոր քարտ բացում: Եթե մի փոքր մեծ տարածք ունենայինք, միգուցե կարողանայինք որոշ գործիքներ բերել մեզ մոտ և հետազոտություններ իրականացնել»:  

Բազմամասնագիտական թիմում թերապևտ, մանկաբույժ, նյարդաբան և հոգեբան կա։ Շարժական բուժախտորոշիչ կլինիկայում արվում են թե՛ գործիքային, թե՛ վիրուսների կանխարգելիչ հետազոտություններ: Գագիկ Ասլանյանն ասում է՝ հիվանդություններ կան, որոնց վաղ հայտնաբերումն արդեն իսկ հաղթանակ է։

«Աշխատում ենք անել ինչ հնարավոր է, ռենտգեն ունենք, լաբորատորիայում շատ ակտուալ մի քանի անալիզ է արվում հեպատիտներ B-ի, C-ի, որը Հայաստանում ահավոր մեծ տարածում է գտել: Հիմա հեպատիտ C –ի ծրագիր կա ողջՀայաստանում, բուժում են, վաղ հայտնաբերելն արդեն հաղթանակ է: Այս ծրագրի շրջանակում շատ դեպքեր ենք ունեցել, որ հայտնաբերել ենք, և՛ դա, և՛ ՄԻԱՎ-ը, դժբախտաբար նաև սիֆիլիսի դեպքեր: Վերջերս նաև՝ վահանաձև գեղձի հորմոնների հետազոտություն են անում, որը բնակչության համար շահեկան է այնքանով, որ թանկ է»:

Անվճար խորհրդատվությունից բացի, բուժաշխատողները համապատասխան ուղղորդումներ են անում։ 2023-ի հոկտեմբերից բոլոր մարզերում անվճար հետազոտվել է շուրջ 7000 քաղաքացի: 

Back to top button