ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Քաղաքապետարանը Կասկադի նոր նախագիծ է քննարկում, ճարտարապետ–հեղինակը հիշեցնում է՝ նախագիծ արդեն կա

Քաղաքային իշխանությունն արդեն տևական ժամանակ հայտարարել է Երևանի կարևորագույն շինություններից մեկի՝ Կասկադի շինարարությունը վերսկսելու ու համալիրն ավարտուն տեսքի բերելու մտադրության մասին։ Ամիսներ առաջ Գաֆեսճյան հիմնադրամը մայրաքաղաքին վերադարձրեց 2000-ականների սկզբին իրեն փոխանցված՝ Կասկադի վերնամասի հողատարածքը, որտեղ էլ պետք է ավարտին հասցվի 90-ականներին դադարեցված շինարարությունը։ Քաղաքապետարանն այժմ քննարկումներ է իրականացնում ճարտարապետների խմբի հետ․ առանցքում ամերիկահայ ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի՝ տարիներ առաջ Գաֆեսճյան հիմնադրամին ներկայացրած, բայց չիրականացված նախագիծն է։

«Ի վերջո հեղինակ եմ, չէ՞, կարող էին ինձ էլ հրավիրել, ես էլ նայեի, գուցե մի երկու բան էլ ես ասեի»։

Վաստակավոր ճարտարապետ, Կասկադ համալիրի համահեղինակ պրոֆեսոր Ասլան Մխիթարյանն է։ Լրատվամիջոցների հրապարակումներից է իմացել, որ քաղաքապետարանը մտադիր է ավարտին հասցնել Կասկադ համալիրի կիսատ մնացած շինարարությունը ու դրա համար նախնական նախագիծ արդեն ունի։ Ճարտարապետը չի հասկանում, թե ինչու է քաղաքապետարանը հրաժարվում ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծից ու նորը փնտրում։

Վաստակավոր ճարտարապետ, Կասկադ համալիրի համահեղինակ պրոֆեսոր Ասլան Մխիթարյան

«Ես չեմ կարողանում հասկանալ, ինչու ենք մենք միշտ օտարի վրա մեր հույսը դնում, ինչու եղած, մշակված ու հաստատված, անգամ Խորհրդային Միության տարիներին Մոսկվայում հաստատված նախագիծը չենք ցանկանում ավարտել և ուզում ենք կեսից ինչ–որ նոր բան անել»,– ասում է ճարտարապետը։

Երևանի քաղաքապետարանն ամիսներ առաջ հայտարարեց, որ համաձայնություն է ձեռք բերվել Գաֆէսճյան հիմնադրամի հետ և Կասկադի վերնամասում գտնվող անավարտ շինարարությամբ հողատարածքը կվերադարձվի համայնքին, քաղաքապետարանն էլ ավարտին կհասցնի Կասակադի շինարարությունը։ Ճարտարապետ Ասլան Մխիթարյանը հիշում է՝ համալիրի նախագծման աշխատանքները նախորդ դարի 70–ականներին սկսվեցին, այդ տարիներին մի քանի խոշոր նախագծերի՝ Մետրոյի հրապարակի կայարանի, Օդանավակայանի ու Համալիրի հետ պետք է ավարտուն տեսքի բերվեր նաև Ալեքսանդր Թամանյանի մտահաղացումը՝ Երևանի հյուսիսը Կենտրոնին կապող ճառագայթը։

Կասկադ համալիրի կառուցումը՝ 1979-1981թ.

«Նպատակն այն էր, որ քաղաքի կենտրոնը ու հանգստի հիմնական գոտին միանային իրար, սա նաև քաղաքաշինական խնդիր էր լուծում։ 80-ական թվականներին շինարարությունը դադարեցվեց, քանի որ Մոսկվայում պիտի Օլիմպիական խաղեր լինեին, ու Սովետական միությունում նման շինարարությունների ֆինանսավորումը կասեցվեց։ Դրանից հետո շինարարությունը շարունակվեց մինչև 88 թվականի երկրաշարժը»,– պատմում է Կասկադի հեղինակ– ճարտարապետը։

Երկրաշարժից հետո, արդեն 90-ականների սկզբին Երևան են հասնում Կասկադի էսկալատորները, դրանք տեղադրվում են, բայց էներգետիկ ճգնաժամի պայմաններում համալիրն այդպես էլ անավարտ է մնում։ Կասկադն արդեն այժմյան տեսքին բերում է ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը, ինչից հետո քաղաքապետի որոշմամբ անհատույց «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին են փոխանցվում Կասկադ համալիրը, անավարտ շինություններն ու հողամասը։ Հեղինակ– ճարտարապետը հիշում է՝ «Գաֆէսճեան» հիմնադրամն էլ Կասկադի նախագիծն ավարտելու համար մի քանի անգամ մրցույթ է հայտարարել, Մխիթարյանն ինքը մասնակցել է, առաջարկներ արել։

Ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյան

«Գաֆեսճյանը ինքը մրցույթ հայտարարեց, հայտնի ֆիրմաներ մասնակցեցին, Գաֆեսճյանը առաջարկված նախագծերը չհավանեց, մեր նախագծին էլ չանդրադարձավ և պատվիրեց մի երիտասարդի, վերջինն էլ մի նախագիծ արեց հատուկ Գաֆեսճյանի համար, որն էլի բարերարի հավանությանը չարճանացավ ու չիրականացվեց»։

Օրերս քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ շուրջ 5 տասնյակ ճարտարապետների հետ քննարկում են, թե ինչպիսին կլինի Կասկադի ավարտուն տեսքը․ քննարկումների առանցքում հենց Գաֆէսճյան թանգարանի ունեցած ու Նյու Յորքի ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի նախագիծն է։ Քաղաքային իշխանությունը շուրջ 1 րոպեանոց տեսանյութով է ներկայացնում ամերիկացի ճարտարապետի նախագիծը, ավելին չի մանրամասնում, «Ռադիոլուրի» հարցերին ի պատասխան էլ ընդգծում՝ առայժմ նախագծի շուրջ քննարկումներ են ընթանում։

Քաղաքապետարանի որոշումը նաև ճարտարապետ Անուշ Տեր- Մինասյանին է զարմացրել, հիշում է՝ Գաֆէսճյան հիմնադրամի հայտարարած մրցույթին տարիներ առաջ 3 նախագիծ էր մասնակցում, այսօր քննարկվում է դրանցից մեկը՝ առանց Կասկադի համահեղինակի։

«Ինչո՞ւ մենք պետք է վերցնենք ու իրականացնենք մի նախագիծ, որը ոչ մի կերպ չի համապատասխանում Կասկադին։ Գուցե դա առանձին վերցրած, ինչ–որ մի այլ տեղ վատ չնայվի, բայց այս դեպքում ինչ որ ես տեսել եմ տարածված հոլովակում, անմաշտաբ մի բան է, իսկ ճարտարապետության մեջ, մենք բոլորս գիտենք, որ հորինվածքային կարևոր բաղադրիչներից մեկը հենց մաշտաբն է․ սրանով դա խեղաթյուրվում է։ Այնտեղ ցուցադրվում է ապակյա շինություն, իսկ ապակին, առհասարակ, չեմ կարծում, որ Երևանի կլիմայի դեպքում այն շինանյութն է, որով կարելի է նման հսկայական շինություն կառուցել»,– ասում է Անուշ Տեր– Մինասյանը։

Կասկադը՝ 1970-ական թվականներին

Ճարտարապետը պնդում է՝ Երևանի համար առանցքային շինության՝ Կասկադի համար անպայման պետք է բաց մրցույթ հայտարարվեր ու քննարկումներում ընդգրկվեին նաև համահեղինակները։ Ասլան Մխիթարյանն էլ ասում է՝ 70-ականներին կազմված նախագիծը կա, հնարավոր է հիմա Կասկադը ավարտել այնպես, ինչպես նախագծել են հեղինակները, պարզապես իրենց այդ հարցով ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ էլ Գաֆեսճյան հիմնադրամը չի դիմել։

«Այդ վերևի հարթակը, որը հիմա չկա, պետք է մի հրապարակ ունենար և այդտեղ տեղադրվեին սյուներ՝ մեր 12 մայրաքաղաքների զինանշաններով, որոնցից մեկը նաև Երևանն է։ Եվ ներքևից՝ օրինակ Թամանյանի արձանի մոտից նայելիս, դուք կտեսնեիք այդ սյուները և այդտեղից արդեն նույն շարժասանդուղքների միջոցով հնարավոր կլիներ հասնել մինչև վերևի հարթակ»,– մանրամասնում է ճարտարապետը։

Կասկադի անավարտ վերնամասը

Ջիմ Թորոսյանի նախագծով Կասկադի վերին հարթակում լրացուցիչ ցուցասրահներ, համերգային դահլիճ ու Արարատի տեսարանով սրճարաններ պետք է լինեին․ այս կետում այժմ քննարկումների սեղանին եղած նախագիծի հեղինակների ու Թորոսյանի տեսակետները համընկնում են․ բայց թե ի վերջո ինչպիսին կլինի Կասկադի ավարտուն տեսքը, միանշանակ չէ։

Կարդացեք նաև

Back to top button