ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Թումանյանը՝ պարի լեզվով. բեմում Վանաձորի «Հորովել»-ն է

Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթն ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանական 155-ամյակի շրջանակներում սկսել է գարնանային համերգաշրջանը: Համույթի երգացանկի և պարացանկի լավագույն կատարումներն ու թումանյանական մոտիվներով բեմադրված «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը հասցրել են վայելել մարզերում ու սահմանամերձ բնակավայրերում: Հոբելյանական հյուրախաղերը հնարավոր են դարձել ԿԳՄՍՆ և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի աջակցությամբ: Հյուրախաղերը կեզրափակվեն մայրաքաղաքում:

Համերգի մեկնարկին հաշված րոպեներ են մնացել, վերջին շտկումներն են արվում. Երաժիշտներն իրենց տեղերում են, պարողները հագուստներն են կարգի բերում. բեմում«Հորովել»-ն է: «Թումանյանի աշխարհը» պարային բերամդրությունը յուրօրինակ հարգանքի տուրք է՝ ամենայն հայոց բանաստեղծի 155-ամյակին՝ ասում է համույթի գլխավոր բալետմայստեր Արայիկ Գևորգյանը: Թումանյանական հայտնի գործերը փորձել են պարային շարժումների լեզվով հասցնել հանդիսատեսին, ընդունելությունը բուռն է, ծափերի պակասից չեն դժգոհում։

«Թումանյանի մի քանի գործերի վրա հավաքված պարային ներկայացում է, որտեղ Թումանյանը որպես գործող անձ էկրանից է շփվում հանդիսատեսի հետ՝ ներկայացնելով Լոռին, Լոռու բնաշխարհը: Կերպարները, որոնք ինքը կերտել է, բեմում ներկայացվում են արդեն պլաստիկայի միջոցով: 4 գործ է ներառված՝ «Սուտլիկ որսկան»- ը, «Քաջ Նազար»-ը, «Լոռեցի Սաքո»- ն և «Անուշ»-ը»:

Հյուրախաղերով եղել են Տավուշի սահմանամերձ Կողբ, Աչաջուր, Բերդ բնակավայրերում, Գավառում, Վաղարշապատում ու Տաշիրում: 12 հյուրախաղ տարեսկզբից ի վեր՝ անթաքույց հպարտությամբ ասում է գլխավոր բալետմայստերը: Հյուրախաղերը ոգևորող ու մոտիվացնող են՝ համույթի պարող Գագիկ Մաթևոսյանն է ասում: Չնայած անորոշ ու մտահոգիչ իրավիճակին՝ սահմանամերձ գյուղերի բնակիչների ընդունելությունն ու ծափերը պարտավորեցնող էին՝ ասում է։

«Շատ կարևոր է հյուրախաղը արտիստի համար, ինչո՞ւ չէ, ամեն հյուրախաղից հետո թե՛ ոգևորվում է արտիստը, թե՛ ոգևորություն հաղորդում հանդիսատեսին, սահմանամերձ բնակավայրերում էլ ենք եղել, սահմանամերձ տեղերում ավելի շատ էին, ավելի բուռն ծափահարություններ էին»:

Գագիկը «Թումանյանական աշխարհ»-ը պարային ներկայացման մեջ Լոռեցի Սաքոյին է մարմնավորում: Փորձել եմ Սաքոյի կերպարին պարային շունչ ու ոգի հաղորդել, ասում է, Սաքոյի ապրումները պարի լեզվով փոխանցել հանդիսատեսին:

«Երբ դերն ստացա, փորձեցի նախ կարդալ մի քանի անգամ, որ պարային բառապաշարով,  մնջախաղով փորձես էդ ամեն ինչը՝ Սաքոյի հոգեկան ապրումները, մղձավանջները, տեսիլքները հաղորդել հանդիսատեսին»:

Հորովելցիների հյուրախաղերը հնարավոր են դարձել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի դրամաշնորհային ծրագրով: Դժվար է չնչին աշխատավարձ ստացող երգչին կամ պարողին մոտիվացնել՝ չլքել մշակույթի ոլորտը՝ Արայիկ Գևորգյանն է ասում: Փորձում ենք սահուն սերնդափոխություն անել՝ համույթի պարային ստուդիայի սաների շնորհիվ՝ միաժամանակ հնարավորություն տալով լավագույն պարողներին դասավանդել ստուդիայում: Համույթի մեներգչուհի Արփինե Մամյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում անկեղծանում է՝ այսօր մարզերում մշակույթի աշխատողի համար դժվար է երգ ու պարով վաստակել: Ամենադժվար պահերին, սակայն, երգն օգնում է չհանձնվել։

«Եթե համեմատենք մայրաքաղաքի երգարվեստը, մշակույթը և մարզերի, փոքր ինչ զիջում է, խոսքը պրոֆեսիոնալիզմի մասին չէ, իհարկե: Կարծես թե մարզում ապրող երաժիշտը մի փոքր ունի դրա կարիքը: Երաժշտությունն ինձ համար բացարձակ արժեք է, այն իմ տարերքն է»:

Հյուրախաղերից զատ, հորովելցիներին ոգևորել է Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հիմնանորոգման լուրը: Այն կիրականացվի  համայնքային բյուջեի միջոցներով: Աշխատանքները կմեկնարկեն 1 ամսից:  30 տարի է՝ մշակույթի պալատում ենք: Մենք դժվարություններին ենք հարմարվել, դժվարությունները՝ մեզ՝ ժպիտով ասում է համույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Ներսիսյանը, մինչդեռ հանդիսատեսն ամեն անգամ ակնկալում է նորը տեսնել՝բեմի կահավորանքից մինչև նոր հագուստներ ու գունային ձևավորում:

«Հորովելը 50 տարեկան է, որից 30-ը մենք մեջն ենք՝ ես,Արայիկ Գևորգյանը, Էլմիրա Կռոյանը: Մենք էնքան վատ պայմաններ ենք տեսել, որ հիմա ամեն ինչ շատ լավ է թվում: Ճիշտ է` նեղվում ենք, ավելի շատ ձմռանը, ջեռուցման խնդիր կա, կոյուղու: Բեմահարթակն արդիական չէ, հին է: Հանդիսատեսի, անսամբլի  պահանջները լրիվ ուրիշ են»:

Այժմ համույթի երաժիշտները՝ երաժշտական մասի ղեկավար էլմիրա Կռոյանի գլխավորությամբ նոր «Իմ երգը» նախագծի վրա են աշխատում՝ նվիրված «Հորովել»-ի հիմնադիր, կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանին: Այն հանդիսատեսի դատին կհանձնեն հունիսին, իսկ հոբելյանական հյուրախաղերը կեզրափակեն մայիսի 15-ին՝մայրաքաղաքում՝ 2 մասից բաղկացած մեծ մենահամերգով: Առաջին մասում համույթի երգացանկի և պարացանկի ընտրանին է, 2-րդ բաժնում՝ «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը: 

Back to top button