ԿարևորԿյանքին ասել այո՛Տնտեսական

Այդ տղայի թոքերի ձայնը մինչ օրս ականջներիս մեջ է․ Մարգարիտ Ազիզյան․ «Կյանքին ասել այո՛»

Մարգարիտ Ազիզյանը ծնվել է 1989 թվականին Երևանում։ 2009-ին ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանն ու անմիջապես աշխատանքի անցել  Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի զինվորական բաժանմունքում։ «2020 թվականն ինձ համար, առհասարակ, ծանր տարի էր, սկզբում համավարակը, հետո՝ պատերազմը։  Համավարակի պատճառով երկու ամիս տուն չեմ գնացել,  որդուս  չեմ գրկել։ Իսկ սեպտեմբերի 27-ը սկսվեց տագնապով, պետք էր շտապ հիվանդանոց հասնել»։ Հիվանդանոցում էր, երբ զանգ ստացավ՝ ծանուցագիր է եկել։ 44-օրյա պատերազմին Մարգարիտը ներկայացավ ծանուցագրով, բայց  Արցախ մեկնեց կամավոր։ Իշխանաձորում էր, որտեղ պատերազմի դաժան իրականությունը բացահայտեց հենց առաջին ժամերին, երբ դաշտային հոսպիտալին մոտեցավ վիրավորներով լի առաջին մեքենան ու տեսավ առաջին վիրավորին՝ բեկորային ծանր վիրավորումներով։

Մարգարիտը մինչ օրս պահում է խոսելու ունակությունը կորցրաց զինվորի գրառումը՝ օդը ծանր է, չեմ կարողանում ներսում մնալ։ Հիշողությունները շատ են, բայց  ամենածանրը, թերևս, մտապատկերում դաջված բժիշկներից մեկի համառ ջանքերն են, որը սրտի մերսումով ամեն կերպ փորձում է հետ բերել  երիտասարդ զինվորին, որն արդեն  մահացած է։ «Այդ տղայի թոքերի ձայնը մինչ օրս ականջներիս մեջ է»,-ասում է Մարգարիտը։ Այդ ծանր օրերին ուժ տվողը ութ տարեկան որդու հեռախոսով ասված խոսքերն էին՝ մա՛մ, ես քեզնով հպարտանում եմ։

Back to top button