ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Թվաց, որ ինձ համար կռիվը սկսվեց ու ավարտվեց հենց այդ պահին․ Էրիկ Գալստյան․ «Կյանքին ասել այո՛»

Էրիկ Գալստյանը ծնվել է 2001 թվականին Երևանում։ Մանկուց զբաղվել է տարբեր սպորտաձևերով, բայց բացահայտել, որ իր իրական սերը մաթեմատիկան է։ 2019-ին ընդունվել է  Հայ-ռուսական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» բաժինը, 2020-ի ձմռանը զորակոչվել բանակ։ Ժամկետային զինծառայությունն անցել է Լուսակերտի, Գյումրիի ուսումնական զորամասերում, ապա՝ Կապանում։ 2020-ի սեպտեմբերի չորսից Ջրականում զորավարժությունների էին մասնակցում, այստեղ էլ դիմավորեց 44-օրյա պատերազմը։ «Գրադ կայանքի կրակը մոտիկից չէի տեսել։ Երբ սեպտեմբերի քսանութի առավոտյան համազարկը հնչեց, աչքերս փակեցի ու թվաց, որ ինձ համար կռիվը սկսվեց ու ավարտվեց հենց այդ պահին»,-պատմում է Էրիկը։ Ջրականի մեծաթիվ կորուստների ու վիրավորների  թվում Էրիկի ընկերներն էին։ Շահեն Գալստյանի հետ նույն օրն էին զորակոչվել, զորացրման նույն օրն էլ որոշել էին  միասին կազմակերպել վերադարձի խնջույքը։ Բայց Շահենը չվերադարձավ, զոհվեց Ջրականում հոկտեմբերի տասին։

Պատերազմից հետո Էրիկը շարունակեց ծառայությունն ու զորացրվեց Կապանի զորամասից։ Այժմ շարունակում է ուսումը համալսարանում՝ զուգահեռ մասնակցելով «Մտքի զարկ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում» դասընթացներին։ Ծրագրի շրջանավարտներն արդեն ընդգրկված են տնտեսության տարբեր ճյուղերում, ոմանք հաջողություններ ունեն հատկապես ռազմարդյունաբերության ոլորտում, որի զարգացմամբ էլ Էրիկը պայմանավորում է մեր երկրի ու անձամբ իր հետագա հաջողությունները։

Back to top button