Հաջողության նոտա

Գինին սեր է, գինեգործությունը՝ արվեստ․ Ալբերտ Ներսիսյանի «Հաջողության նոտան»

Մասնագիտություն ընտրելիս իրեն միայն բժիշկ էր պատկերացնում․ սովորում էր ու պատրաստվում քննությունների։ Բայց ֆինանսական խնդիրները նրան տարան Ագրարային համալսարան՝ գինեգործության բաժին։

Չցանկանալով դասերի էր գնում ու միևնույնն է մտածում էր, որ հաջորդ տարի կկարողանա աշխատանք գտնել և կվերադառնա իր երազանքի մասնագիտությանը։ Ամեն ինչ փոխվեց երկրորդ կուրսում, երբ հայտնվեց գինու գործարանի գողտրիկ անկյուններում ու ավելի մոտիկից ծանոթացավ գինու ստեղծման մոգական աշխարհին։

Այնքան սիրեց գինեգործությունը, որ ընդմիշտ հրաժարվեց բժիշկ դառնալու մտքից։ Պռոշյանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգ, «Խալուլի» գինիների հիմնադիր, Ագրարային համալսարանի դասախոս Ալբերտ Ներսիսյանը կարծում է, որ հաջողության հասնելու համար կարևոր է աստիճանային բարձրացումը․ այդկերպ ամբողջովին տեղյակ ես յուրաքանչյուր գործընթացից ու հստակ պատկերացնում ես գործողությունները։

Երազում էր ունենալ սեփական գինիների արտադրություն, դա ոչ միայն երազանք էր, այլև նպատակ, որին հասնելու համար համառորեն առաջ էր գնում։

Նրա որոշումների և նպատակների իրականացման հարցում մեծ դեր են խաղացել մարդիկ, որոնք վստահել են նրան, ոգեշնչել և տվել են բազում հնարավորություններ, ուրախացել հաջողություններով։

Նրա ստեղծած գինիները յուրահատուկ են, ամեն մեկն ունի իր բնավորությունը։ Կարմիրը շատ նման է հենց իրեն՝ հանգիստ, խաղաղ միևնույն ժամանակ հուզական ու ակտիվ։ Սպիտակն ավելի շատ առավոտյան, թարմության, վաղորդյան տրամադրություն է ստեղծում․ այն հայկական գինի է՝ իտալական բույրով։ Վարդագույնն աղջկական է․ նուրբ, կանացի, սեթևեթող։

«Գինեգործությունն արվեստ է, այն ստեղծվում է մտքում, համը պատկերացնելով, բաղադրությունները միախառնելով․ գինին սեր է», – ասում է Ալբերտ Ներսիսյանը։

Back to top button