ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ի՞նչ պատերազմ, հազար գործ կա անելու․ Էդմոնդ Հովագիմյան․ «Կյանքին ասել այո՛»

Էդմոնդ Հովագիմյանը ծնվել է 1999 թվականին Աբովյանի Զառ գյուղում։ Առաջին անգամ զինվորական համազգեստ է կրել յոթ տարեկանում՝ ընդգրկվելով պատանի երկրապահների շարքում։ Ընդամենը 16 տարեկան էր, երբ կամավոր մեկնեց Արցախ մասնակցելու քառօրյա պատերազմին։ Վերադարձից հետո ընդունվեց Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետ՝ դուդուկի բաժին, քանի որ մանկուց նաև փողային գործիքներ էր նվագում։ 2018-ին զորակոչվեց բանակ։ Զորացրվեց  2020-ի հունվարին, իսկ սեպտեմբերին պատերազմ էր։ 27-ի առավոտյան եղբորից էր լուրը լսել, որին արձագանքել էր՝ ի՞նչ պատերազմ, հազար գործ կա անելու։ «Հազար գործը» թողած մեկնեց պատերազմ կամավոր հիմունքներով։ Հիմնականում Ջրականում էր՝ Ալփաշա կոչվող սարի վրա, որտեղ էլ հոկտեմբերի 11-ին կորցրեց ձեռքը։

Պատերազմից հետո, ինչպես ասում է, սկսվեց նորմալ կյանքը։ «Քանի որ մի ձեռքով դուդուկ նվագել չէի կարող,  ընդունվեցի Տնտեսագիտական համալսարան, զուգահեռ սկսեցի շոումենի կարիերան, որն ունեցավ մեծ հաջողություն։  2023-ին չորս հաշմանդամ տղաներով ստեղծեցինք թիմ՝ «Էլի լավա» անվանումով։ Այս թիմով էլ մասնակցեցեինք ու դարձանք «Հումորի լիգա» նախագծի հաղթողը։ Թիմը ունեցավ մեծ հաջողություններ ու աննորմալ կերպով սիրվեց։ Դահլիճում միշտ լացում էր մի հոգի ու այդ մի հոգին մայրս էր»,-իրեն հատուկ հոմորով  կատակում Էդմոնդը։ «Էլի լավա» թիմով այժմ նկարահանվում են «Ռեալիթի քոմեդի» նախագծում, որի կազմում  էլ պատրաստվում են մեկնել  շրջագայությունների Միացյալ Նահանգներ։ «Մենք ուզում ենք ցույց տալ, որ հավասար ենք բոլորին, մեզ պետք է ոչ թե խղճալ, այլ վերաբերվել  նորմալ»,-ասում  է Էդմոնդը։

Back to top button