ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Խորհրդարանական ընտրություններ՝ Իրանում. ի՞նչ փոփոխություններ կկրի այդ երկրի արտաքին քաղաքականությունը

Հաջորդ շաբաթ Իրանը նոր խորհրդարան կընտրի։ Այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այն տևելու է մեկ շաբաթ։ Ի՞նչ սպասել Իրանում ընտրություններից հետո։ Այս առումով՝ փորձագետները, կարծես, միանշանակ համակարծիք են՝ կայուն է մնալու Իրանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը և սկզբունքային փոփոխություններ չեն լինի, այդ թվում՝ Հարավային Կովկասի ուղղությամբ։  

Ակնհայտ է, որ Իրանի շուրջ բավականաչափ բարդ անվտանագային իրավիճակ է այսօր։ Այն ուղիղ մարտահրավերներ են առաջացնում այդ երկրի համար։ Արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Իրանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ուղիղ կերպով ազդելու են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներն ու ներկա իրավիճակը։

 «Այս ամենը հաշվի առնելով, միանշանակ խիստ կանխատեսելի է, որ Իրանի խորհրդարանական ընտրություններում հաջողություն կունենան պահպանողականները, ինչպես ներկայում է խորհրդարանում՝ ճնշող մեծամասնությունը հենց պահպանողականներն են այնտեղ»։  

Պահպանողական թևի առավելությունը կնշանակի, որ տվյալ շրջափուլում Իրանի խնդիրների լուծման համար հենց նրանց մոտեցումներն են իրատեսական համարվում։ Իսկ որ պահպանողականների հնարավորություններն այդ առումով ավելի մեծ են, ցույց է տալիս տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. չկան բանակցություններով խնդիրները լուծելու հնարավորություններ, ինչին կողմ են Իրանի բարեփոխականները, իսկ խնդիրների լուծման գործում Թեհրանը պետք է ապավինի սեփական ուժերին։ Սա է պահպանողականների առանցքային մոտեցումը է՝ նկատում է փորձագետը։

 «Կարծում եմ, որ մեծ հաշվով այս նույն ճամբարը կունենա հաջողություն, և Իրանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, բնականաբար, սկզբունքային փոփոխություններ չեն լինի, այդ թվում՝ Հարավային Կովկասի հետ կապված»։

Իրանագետ Նվեր Դավթյանը նույնպես կարծում է, որ ընտրություններից հետո Իրանի քաղաքականության մեջ առանձնահատուկ փոփոխություններ սպասել պետք չէ։ Մասնավորապես՝ պետք չէ ակնկալել նաև արտաքին քաղաքականության հետ կապված որևէ փոփոխություն։

 «Չեմ կարծում՝ լուրջ փոփոխություններ լինեն, մանավանդ, եթե խոսքը վերաբերում է անվտանգային բաղադրիչին արտաքին քաղաքականության մեջ։ Որովհետև երկրում գոյություն ունեն այնպիսի կառույցներ, որոնք իրենք են որոշում երկրի արտաքին քաղաքական կուրսը»։

Իրանի Սահմանադրությամբ նշված է, որ հայ համայնքին 2 տեղ է հատկացվում՝ որպես կրոնական փոքրամասնություն։ Թե հայ համայնքի թեկնածուներից կոնկրետ ովքեր կզբաղեցնեն այդ տեղերը, ընտրությունները ցույց կտան, բայց մի բան, իրանագետ Նվեր Դավթյանի դիտարկմամբ, հստակ է.

 «Երկրի իշխանությունների և ընդհանուր բնակչության վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ, կարելի է ասել, անփոփոխ է։ Հայկական համայնքն էլ իր դիրքորոշումը, վերաբերմունքը երկրի ներքին՝ հասարակական, տնտեսական, քաղաքական կյանքում, այնպես չէ, որ ինչ-որ նոր բան պետք է հայտնի, արտահայտի»։ 

Այսինքն, Իրանում հայ համայնքի և իշխանությունների միջև կա երկողմ փոխադարձ ընկալում-ըմբռնումների վրա ձևավորված մոտեցում, և այս պահին չկա այնպիսի մի բան, որը կարող է փոխել միմյանց նկատմամբ ձևավորված այդ վերաբերմունքը՝ շեշտեց իրանագետը։

Իրանում ընտրություններին մասնակցելու համար գրանցման իրավունք ունեցող ավելի քան 15․200 մարդու որակավորում է հաստատել Հեղափոխության պահապանների խորհուրդը։ Այս մասին հայտնել է խորհրդի խոսնակ Հադի Թահան Նազիֆը։

«Այս ընթացքում պատգամավորության թեկնածուների 75 տոկոսի որակավորումները հաստատվել են նաև Պահապանների խորհրդի կողմից, ինչը զգալի քվորում է Իսլամական Հանրապետության համակարգում ընտրությունների անցկացման հարցում, որը նախկինում չի եղել»։

Իրանագետ Նվեր Դավթյանը նկատում է, որ ընտրություններին մասնակցության տեսանկյունից Իրանի իշխանությունները բավականին շահագրգռված են.

 «Որքան շատ լինի մասնակցությունը, այնքան բարձր կլինի երկրի քաղաքական իշխանության, օրենսդիր իշխանության լեգիտիմությունը։ Իշխանությունների կողմից էլ խրախուսվում է, որպեսզի իրանցիներն ակտիվ մասնակցեն ընտրություններին»։  

«Ընտրությունները թշնամիների աչքին փուշ են, իսկ բարեկամների համար՝ աչքի լույս»,-ասել է Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչ Հոջաթ-օլ-էսլամ Քազեմ Սեդիղին՝ անդրադառնալով ընտրություններին տարբեր խավերի մասնակցության անհրաժեշտությանը։ Նա նաև ընդգծել է՝ «Ընտրություններին ակտիվ մասնակցությունը կնպաստի Իրանի առաջընթացին և կհուսահատեցնի թշնամուն»։

Back to top button