ԿարևորՀասարակություն

Օրը՝ կարճ․ 21․02․2024

Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում տեղի է ունենում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի եւ կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների ամփոփման արարողությունը:

րկօրյա աշխատանքային այցով ժամանեցիք Ֆրանսիա, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վրաչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր նախատեսված է իմ հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան Ֆրանսիայի նախագահի եւ նրա տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվենք Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի եւ կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:

Այսօր հանդիպում կունենամ նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի եւ այլ գործընկերների հետ»,- գրել է վարչապետը։

Փետրվարի 20-ին լրացավ Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման մեկ տարին։ Ամփոփելով մեկամյա գործունեության արդյունքները, առաքելությունը հայտնել է, որ այս ընթացքում իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն, նպաստելով Ադրբեջանի հետ պետական սահմանի հայկական կողմում անվտանգության և կայունության բարձրացմանը:

Առաքելությունը նպաստել է լարված իրավիճակի դեէսկալացիային և միջադեպերի քանակի նվազեցմանը՝ ընդգծել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկոս Ռիտերը։

Փորձագետների գնահատականները, սակայն, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ միանշանակ չեն։

Հայրենիքում անցկացվող կարճատև ժամանակը «խոպանչիներն» օգտագործում են ճանապարհ փակելու ու իրենց համար անսպասելի պարտադրված հարկերի դեմ ընդվզելու վրա։ Երևան-Մարտունի ավտոճանապարհը փակած բնակիչները բողոքում են՝ լավ օրից չի, որ ճանապարհ են ընկնում օտար երկրներ, պետությանը մեղադրում են իրենց ոչ հեշտ կյանքին նոր դժվարություն ավելացնելու մեջ։

Սուրեն Շաբոյանն Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակիչ է, համայնքի նախկին ղեկավարը: Նրա տեղահանված ընտանիքը հաստատվել է Սևանում:  2023թ. սեպտեմբերի 20-ին Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին նա վստահ էր, որ կարճ ժամանակ անց նորից տուն է վերադառնալու:

Խաղային ոլորտի ընկերությունների շրջանառությունները և կատրված խաղադրույքների ծավալներն ստուգելի և վերահսկելի կդառնան։ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով խաղային գործունեության կարգավորման մասին օրենքի նախագիծը, ՊԵԿ նախագահը մատնանշել է բոլոր մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի վերահսկել ոլորտը։

Միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկական ստանդարտների ներդրումը, ըստ ՊԵԿ նախագահի, պարտադիր կլինի ոլորտում գործունեություն ծավալող բոլոր տնտեսվարողների համար։ Օրենքով արգելվելու է նաև օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև դրանց գովազդումը հանրապետության տարածքում կամ ՀՀ հասանելի համացանցի ամբողջ տիրույթում։

ՀՀ ԶՈՒ-ին առնչվող օրենսդրական փոփոխություններ գրեթե ամեն շաբաթ քննարկվում են խորհրդարանում: Հաջորդ շաբաթվա լիագումար նիստում նորից ընդգրկվել է այդ բարեփոխումներին ուղղված հերթական նախագիծը:

Իսկ արդեն օրենքի ուժ ստացածներից ամենաաղմկահարույցը թերևս արդեն սկսել է գործել, բայց դեռ մասնակի: Զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվությունից 15 միլիոն դրամով ազատվելու ցանկացողներ արդեն կան, խորհրդարանում լրագրողներին հայտնել է նախագծի հեղինակ պատգամավորը՝ նշելով, որ թիվը առայժմ այնքան մեծ չէ, որքան կանխատեսում էր: 

Հայաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին, որը Ռուսաստանի իրավապահների կողմից ձերբակալվել էր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ազատ է արձակվել։ Լուրը հաստատել է նրա փաստաբանը, նշելով, որ Զեյնալին ազատ է արձակվել Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աջակցությամբ։ Արդյո՞ք սպասելի էր ռուսական կողմի նման քայլը։

Հայ-ֆրանսիական համագործակցությունը գործնական փուլ է մտնում՝ համոզված է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչն, ըստ զրուցակցիս, հուշում է հենց ռազմական համագործակցության հարցերում գործնական քայլերի մասին։

Մոտ չորս ամիս առաջ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ստորագրվեցին ռազմական համագործակցության մասին պայմանագրեր։ Այդ ընթացքում նշվում էր, որ Ֆրանսիան կաջակցի Հայաստանին  ԶՈՒ բարեփոխումներ իրականացնելու հարցում, շեշտվում էր նաև ռազմատեխնիկայի տրամադրման հնարավորությունը։  Ընդհանուր առմամբ հասկանալի է, որ ուշադրության կենտրոնում  Հայաստանի պաշտպանության ապահովման գործընթացն է՝ ասում է Դավիթ Կարապետյանը։

Այս տարի Երևանում նախատեսվում է կառուցվել 400 թեքահարթակ: Ծրագրի իրագործման համար համայնքային բյուջեից 100 մլն դրամ է հատկացվել: Նոր թեքահարթակները կտարբերվեն նախորդ տարիների օրինակներից ու կլինեն առավել հարմարավետ: Առաջին էսքիզներն արդեն պատրաստ են:

«Լինելու են երեք տեսակի թեքահարթակներ՝ մեկ, երկու և երեք մոտեցմամբ՝ հաշվի առնելով տեղում ռելիեֆն ու մի շարք այլ հանգամանքներ»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պ/կ Տիգրան Գեղամյանը: 
Թեքահարթակների երեսպատումը լինելու է չհղկված բազալտից, որպեսզի հետիոտները չսահեն հատկապես ձմեռային ամիսներին: Երկրորդ նորամուծությունը նոր տեսակի սալիկներն են, որոնք օգնելու են տեսողության խնդիրներ ունեցող հետիոտներին: 

«Դրանք լինելու են դեղին գույնի, հատուկ մշակված սալիկներ, որոնք տեսողության խնդիր ունեցող հետիոտնին ցույց են տալու ուղղություն, թե որ կողմում է գտնվում թեքահարթակը: Եզրերում ունենալու ենք այլ տեսակի սալիկներ»,-մանրամասնում է Տիգրան Գեղամյանը:

Կարդացեք նաև
Close
Back to top button