
Սուրեն Շաբոյանն Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակիչ է, համայնքի նախկին ղեկավարը: Նրա տեղահանված ընտանիքը հաստատվել է Սևանում: 2023թ. սեպտեմբերի 20-ին Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին նա վստահ էր, որ կարճ ժամանակ անց նորից տուն է վերադառնալու:
Սուրեն Շաբոյանն այսօր էլ չի կորցնում տունդարձի հույսն ու հավատը: «Միակ ճանապարհը ՏՈՒՆ՝ հայկական Արցախ վերադառնալն է»,- ասում է:
«Մեր տարածքը հայկական է, որտեղ նահատակված են մեր պապերի պապերը: Իմ պապը 100 տարեկան էր, որ պատմում էր Անդրանիկի զորքում ծառայելու մասին: Հայրս ծառայել է, Հայրենական պատերազմի հաշմանդամ էր: Երկու տղաներս Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից են: Թոռս էլ այս վերջին պատերազմի մասնակից դարձավ»:

Տարբեր ժամանակների պատերազմներով անցած մարդիկ չէին պատկերացնում, որ հնարավոր է լքել հայրենի գյուղը: Նույնիսկ 44-օրյայի ժամանակ միայն կանանց ու երեխաներին էին գյուղից տարհանել: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին մարդիկ չէին հավատում, որ թշնամին հասել է գյուղ:
«Պաշտպանական բոլոր գծերում պայթյուններ էին: Նկատեցի, որ ինքնաթիռ էլ է անցնում: Համոզվեցի, որ պատերազմի մեջ ենք, բայց չէի հավատում, որ մենք պետք է դուրս գայինք, քանի որ մեծ հույս ունեինք, որ ռուսական զորախումբն այնտեղ է և մեզ կպաշտպանի: Վերջին օրը իմացանք, որ պիտի դուրս գանք… Թուրքերն արդեն մտել էին մեր գյուղի ներքևի խաչմերուկը»:
Տեղեկանալով, որ շրջկենտրոն Մարտակերտ քաղաքը և հարակից գյուղերը գտնվում են շրջափակման մեջ, մարդիկ ավտոմեքենաներով հավաքվել են գյուղամիջում: Սուրեն Շաբոյանն էլ իր մեքենայի մեջ տեղավորել է կնոջը, աղջկան, որի ամուսինը գտնվում էր դիրքերում, ու չորս թոռներին և միացել նրանց:

«Մեկ էլ հրահանգ տվեցին, որ պիտի դուրս գանք: Մտածում էի, որ պիտի գնանք Ստեփանակերտ ու հետ գանք: Չէի կասկածում, որ պիտի դուրս գանք, դրա համար ոչ մի բան չեմ վերցրել: Ասացին, որ գնանք Իվանյան համայնք՝ խաղաղապահ ուժերի մոտ: Գնացինք այնտեղ ու սպասում էինք»:
Ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում ասեղ գցելու տեղ չկար: Այնտեղ էին հավաքվել շրջաններից եկածները և մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ: 3-4 օր գիշերել են մեքենաների մեջ: Հենց ճանապարհին կրակ են վառել, հաց թխել, ուտելիք հայթայթել, իրար օգնելով ապրել:
«Մեկը չեկավ, որ ասի՝ ի՞նչ եք անում այստեղ: Ամեն մեկն իր գլխի տերն էր: Անցնող երեխաները կանչում էին՝ մա՛մ, սոված եմ: Հաշվի առնելով, որ մոտս ունեի մի քիչ ալյուր, որոշեցի կրակ անել, երկու քար իրար կողք դնել ու հաց թխել: Հիշեցի, որ մեքենայիս մեջ տավարի մսի 3-4 պահածո կա, որը մի քանի ամիս առաջ էի դրել ու մոռացել: Հանեցի ու բաժանեցի երեխաներին: Համագյուղացիներով հավաքվեցինք այդտեղ, մոտ 56 հոգի: Եվ սկսեցինք հաց թխել»:
Ամեն առավոտ երեխաները հավաքվում էին Սուրեն պապի մեքենայի մոտ, վստահ, որ նա ուտելու մի բան կունենա: Մի օր էլ իր պատրաստած փայտե գդալով երեխաներին քաղցր օր պարգևեց. մեքենայի մեջ պահ տված մեղր ուներ: Այդ օրերին Արցախում հոսանք չկար, մարդիկ չէին կարողանում կապվել հարազատների հետ: Եվ երբ նկուղներից դուրս եկան, մեկը մյուսին իմաց տալով փորձում էին օգնության ձեռք մեկնել: Ամեն մեկն իր բաժինը կիսում էր կողքինի հետ ու չէր պատկերացնում, որ դա իրենց հավաքականության գուցե վերջին օրն է:

«36 տարի աշխատել եմ որպես համայնքի ղեկավար: Եվ ինձ համար շատ է դժվար, որ իմ համագյուղացիներն այսօր ցրված են Հայաստանով մեկ, գուցե շատերը գնացել են Ռուսաստանի Դաշնություն: 36 տարին անցել եմ պատերազմների միջով, շարժման մեջ. կյանքիս կեսն ա, 71 տարեկան եմ: Երանի այն մարդուն, որ կյանքում ունենա հանգիստ ապրելակերպ և խաղաղ երկինք: Երանի այն մարդուն, որ կյանքում պատերազմ չի տեսնի: Երևի թե ամեն ինչ արեցինք, որ մեր հետնորդներն ապրեն, բայց չստացվեց: Պապս արեց, որ հայրս ապրի՝ չստացվեց: Հայրս արեց ինձ համար՝ չստացվեց: Ես արեցի երեխաներիս համար՝ չստացվեց: Երեխաներս արեցին, բայց այսօր թոռս էլ է այդ պատերազմի մեջ: Ի՞նչ, ասա՛»:
Ես չկարողացա պատասխանել: Լուռ էի, իսկ հերթական հարցս մնաց օդում: Տիրող անդորրը խախտեց կրտսեր Սուրեն Շաբոյանը՝ իր կիթառի նվագով ու երգով:
«Զինվոր թոռս: Ա՛յ, իսկական թոռը այսպես է լինում, էն որ ասում են՝ իսկական թոռը չքաշի պապին: Ինքը սովորում էր Երևանում և ցանկանում էր ծառայության անցնել Արցախում: Այդպես էլ եղավ․ 1 տարի 3 ամսվա ծառայող էր, որ սկսվեց պատերազմը: Մինչև վերջ կռվեց: Եվ արդեն բոլորի հետ միասին մեր կամքին հակառակ լքեցինք մեր Արցախ աշխարհը: Ուզում եմ վերադառնալ իմ հայրենիք. սա է իմ ցանկությունը»:




