ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«15 միլիոն դրամը նույնպես ծառայություն է». բանակից ազատվելու համար օրինական վճարն արդեն գործում է

ՀՀ ԶՈՒ-ին առնչվող օրենսդրական փոփոխություններ գրեթե ամեն շաբաթ քննարկվում են խորհրդարանում: Հաջորդ շաբաթվա լիագումար նիստում նորից ընդգրկվել է այդ բարեփոխումներին ուղղված հերթական նախագիծը:

Իսկ արդեն օրենքի ուժ ստացածներից ամենաաղմկահարույցը թերևս արդեն սկսել է գործել, բայց դեռ մասնակի: Զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվությունից 15 միլիոն դրամով ազատվելու ցանկացողներ արդեն կան, խորհրդարանում լրագրողներին հայտնել է նախագծի հեղինակ պատգամավորը՝ նշելով, որ թիվը առայժմ այնքան մեծ չէ, որքան կանխատեսում էր: 

Հետախուզման մեջ գտնվող 10 քաղաքացի արդեն օգտվել է նոր օրենքի հնարավորությունից. վերադարձել է Հայաստան, վճարել 15 միլիոն դրամ զինվորական ծառայությունից խուսափելու համար և այժմ սպասում է գործընթացի ավարտին՝ քրեական գործը կարճելուն ու ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուն: Օրենքի հեղինակ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացնում է գործընթացի հստակ ընթացակարգը:

«Անհրաժեշտ է վերադառնալ ՀՀ, ներկայանալ վարույթ իրականացնող մարմին, այս դեպքում՝ Քննչական կոմիտե, ասել, որ ցանկանում են օգտվել օրենքի կետից, 15 միլիոն դրամը վճարեն, իրենց տվյալներով մուտք արվի դա Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվի վրա, դրանից հետո այդ անդորրագիրը և իրենց դիմումը հաշվի առնելով Քննչական կոմիտեն դատախազության հետ միասին կկատարի իր գործառույթները և քրեական գործը շաբաթների ըթնացքում կկարճվի: Քննչական կոմիտեն այդ քաղաքացիներին կալանքի չի տանում, կիրառվում է քաղաքից չբացակայելու թուղթը, մինչև քրեական գործը կկարճվի»:

Օրենքի հեղինակի տվյալներով՝ օրենքի ընձեռած հնարավորությնից օգտվողները դեռ քիչ են, բայց հետաքրքրվողներն են շատ: Հաշվարկում է, որ մինչև տարեվերջ օրենքով տրված հնարավորությունից կօգտվի 500-ից 1000 քաղաքացի: Համոզված է, որ այդ տարբերակով էլ են նրանք մասնակցում երկրի պաշտպանության գործին:

«Վճարում են գումար, որը համարժեք է երկու պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձի մինչև ատեստավորումը անցնելը կամ բարձր աշխատավարչձով պայմանագրային մեկ զինծառայողի երկու տարվա աշխատավարձի»:

Օրենքը, սակայն, ունի նաև այլ լուծումներ՝ ևս 4 տարբերակ մասնակի վճարումների և մասնակի ծառայության անցնելու համադրության հնարավորություն: Սակայն, այս կետերը դեռևս չեն գործում՝ ասում է պատգամավորը:

«Առաջին չորս կետերը, որոնք իրենցից ներկայացնում են ծառայության և գումար վճարելու բաղադիչով լուծումներ, այդ կարգը դեռևս ՊՆ-ն մշակում է և նախարարությունից խոստացել են, որ  մինչև ապրիլ արդեն կարգը կլինի մշակած: Այսինքն՝ այն քաղաքացիները, ովքեր կցանկանան գալ, ծառայել 1 ամիս և վճարել 8 միլիոն, դեռևս կարգը մշակման փուլում է գտնվում և առաջիկայում կառավարությունը դա կանի»:

Կառավարությունն այս պահին խորհրդարանին է առաջարկել այլ խնդրի լուծումներ: Հաջորդ շաբաթվա լիագումար նիստի օրակարգում կընդգրկվի զինծառայողների վարձատրության և ատեստավորման հարցը:  Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի ներկայացմամբ՝ նոր առաջարկն առնչվում է այն զինվորականներին, որոնք անմիջականորեն  ներգրավված չեն մարտական գործողությունների պլանավորմանը, կիրառմանը և վերահսկմանը: Այսինքն՝ հիմնականում ապահովման կամ սպասարկման գործառույթներում ներգրավված զինծառայողներն են, որոնք իրենց աշխատանքի բնույթով պետք է լինեն զինծառայող: Խորհրդարանին ներկայացված նախագծի էությունը փոխնախարարը այսպես է ձևակերպում.

«Երկու հիմնական տարբերություն կա գործող ատեստավորման համակարգի հետ, որ այս մարդիկ արդեն լինելով որպես րոշակի նեղ մասնագիտական գործառույթներ իրականացնող և մրտական գործողություններին ոչ մասնակից, այս մարդիկ չեն հանձնելու շարային և ֆիզիկական պատրաստվածության ատեստացիան: Իմաստը նրա մեջ է, որ այն զինծառայողները, որոնք ավելի մեծ ռիսկի են դիմում կամ ավելի բարձր որակավորում է պահանջվում իրենց ծառայությունն անելու համար պետք է ավելի բարձր աշխատավարձ ստանան և, ըստ էության, համեմատաբար ավելի ցածր պետք է ստանան նրանք, ում մոտ ռիսկը հատկապես կյանքի հետ կապված ավելի քիչ է»:

Օրենքի հեղինակները չեն թաքցնում, որ առաջարկվող լուծումների իրական նպատակը մարտական ծառայությունն ավելի գրավիչ դարձնելն է: Ասում են՝ ատեստացիաներով հնարավորություն է տրվում ձևավորել մինչև 500-600 հազար դրամ աշխատավարձ՝ նախկին 120 հազարի փոխարեն: 

Back to top button