ԿարևորՀասարակություն

Լավ օրից չի, որ խոպան ենք գնում, լավ օրից չի, որ գալիս ենք խոպանից․ զարգացումներ՝ Երևան-Մարտունի ճանապարհին

Հայրենիքում անցկացվող կարճատև ժամանակը «խոպանչիներն» օգտագործում են ճանապարհ փակելու ու իրենց համար անսպասելի պարտադրված հարկերի դեմ ընդվզելու վրա։ Երևան-Մարտունի ավտոճանապարհը փակած բնակիչները բողոքում են՝ լավ օրից չի, որ ճանապարհ են ընկնում օտար երկրներ, պետությանը մեղադրում են իրենց ոչ հեշտ կյանքին նոր դժվարություն ավելացնելու մեջ։

«Էս պահին խնդիրը արդեն գլոբալ է դարձել՝ ամբողջ Հայաստնով մեկ, ժողովրդի ձայնը չեն լսում։ Էսքան ժողովուրդ որ հավաքված են, էս դեռ 2-3 տոկոսն է, անսպասելի մարդկանց ուզում են հարկեն։ Արտագնա աշխատանքի գնացողներին հարցրեք, տեսեք՝ գոնե մեկը տեղեկացվա՞ծ է էդ հարկերի մասի։ Անսպասելի ձևով ուղարկում են ծանուցումներ կոնկրետ գումարների մասին՝ 300-400 000-ից սկսած»։

«Ռադիոլուր»-ը նախորդիվ պատմել էր, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները օրերս ծանուցումներ են ստացել հարկային պարտավորություններ ունենալու մասին։ ԱՊՀ կառավարությունները 2018 թ․-ին Աստանայում մի համաձայնագիր են կնքել, որով էլեկտրոնային եղանակով հարկային տեղեկություններ են փոխանցվում կազմակերպության անդամ երկրներին։ Հայաստանն արձանագրությունը վավերացրել է 2020 թ․-ի փետրվարին։ Այսպիսով ՊԵԿ-ը ստացել է ֆիզիկական անձանց եկամուտների մասին տեղեկատվությունը և ըստ այդ չվճարված հարկերի մասին ծանուցումներ ուղարկել։

Այժմ՝ հարկման կարգի մասին։ Եթե ՀՀ քաղաքացին Ռուսաստանում գտնվել և աշխատել է 183 և ավելի օր, դառնում է այդ երկրի ռեզիդենտ ու կատարած աշխատանքի շահույթից վճարում է 13 տոկոս եկամտահարկ։ ՀՀ-ում եկամտահարկն ավելի բարձր է․ 2023-ին՝ 20 տոկոս։ Այսպիսով քաղաքացիներից պահանջվում է Հայաստանի հարկային համակարգին վճարել տարբերությունը՝ 7 տոկոսը։

Իսկ եթե արտագնա աշխատանքի մեկնողը 183 օրից պակաս է գտնվել Ռուսաստանում, ապա չի համարվում այդ երկրի ռեզիդենտ և վճարում է ոչ թե 13, այլ 30 տոկոս եկամտահարկ։ Այս դեպքում քաղաքացին Հայաստանում այլևս հարկ չի վճարում։

Ստացվում է, որ արտագնա աշխատողը ամեն դեպքում պետք է 20 տոկոս հարկ վճարի։ Ռուսաստանում բավարար քանակի օրեր չաշխատելու դեպքում՝ 30 տոկոս։

— Հիմա Ռուսաստանում մարդիկ վճարել են 13 տոկոս եկամտահարկ, ընդունենք՝ ֆորս մաժոր դեպք է պատահել, մարդը հետ է վերադարձել։ Ասում ենք՝ ռեզիդենտ ու ոչ ռեզիդենտ քաղաքացիներ․․․ հիմա դու հաշվի չե՞ս առնում՝ էդ մարդն ինչու է հետ եկել։ Եթե մարդը հետ է եկել, մարդիկ լավ օրից հետ չեն եկել, մեկը հիվանդացել է, մեկի մայրն է հիվանդացել, մեկի դեպքում, հեռու բոլորից, ինչ-որ մարդ է մահացել։
— Թող էդ կյանքը տեսնա, որ հասկանա՝ մարդկանցից ի՞նչ ա կուզա, որտեղի՞ց ա կուզա, դրել համահավասար օլիգալխներու, քասիբին, հարուստին․․․մարդիկ հացի փող հազիվ ա կհայթայթին։

Հարկման ձևը դեռ հարցի մի կողմն է՝ ասում են բողոքի ակցիայի մանսակիցները, մյուս կողմից ձևից տեղյակ լինել-չլինելն է։

— Հիմա մարդիկ պահանջում են արդարություն, ինչի՞ մասին ա խոսք, ի՞նչ հարկի մասին ա խոսք, թող բացատրեն։ Հայտարարել ե՞ն։ Ո՛չ, չի եղել նման բան, բացարձակ տեղյակ չեն մարդիկ։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկած Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը զարմանում է, որ վաղուց ընդունված օրենքի մասին քաղաքացիները տեղեկություն չունեն և խնդրում է ժամանակ տալ՝ խնդիրը քննարկելու համար։

«Որևէ վարչարարություն չի իրականացվել, ընդամենը ձեզ ծանուցվել է։ Խնդրում ենք սպասել, մինչև քննարկումն ավարտվի։ Օրենքը մշակվել ու ուժ է ստացել 2016 թվականին։ 16-ից որոշվել է, որ 2024-ից արդեն կգործի էդ օրենքը, դրա հետ կապված դեռ սրանից մեկ ամիս առաջ Գավառից նորից ձեր նման արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները մոտեցել են էդ հարցով, թե իրենք էդպիսի ծանուցումներ են ստացել ես էդ հարցը բարձրացրել եմ ՊԵԿ նախագահի մոտ, ասել եմ, որ էսպիսի խնդիր են մարիդկ բարձրացնում, 15 օր է արդեն քննարկումներ է գնում որ հասկանան որ ուղղությամբ ա լուծվելու հարցը։ Եկեք իրար հետ սպասենք, մինչև քննարկումները ավարտվեն»։

ՊԵԿ-ը ևս, հաշվի առնելով հարցի շուրջ ձևավորված հանրային ակտիվությունը հայտարարեց՝ գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ պատրաստ է նախաձեռնել քննարկումներ։ Չի բացառվում, որ դրանց արդյունքում առաջարկվեն արտագնա աշխատանքով զբաղվող անձանց ստացած որոշ տեսակի եկամուտների հարկման առանձնահատուկ մեխանիզմներ։

Կարդացեք նաև
Close
Back to top button