ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ոչ թե օրենքի գերակայություն, այլ քաղաքական հաշվարկներ․ ձերբակալված ադրբեջանցին ազատ է արձակվել

Հայաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին, որը Ռուսաստանի իրավապահների կողմից ձերբակալվել էր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ազատ է արձակվել։ Լուրը հաստատել է նրա փաստաբանը, նշելով, որ Զեյնալին ազատ է արձակվել Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աջակցությամբ։ Արդյո՞ք սպասելի էր ռուսական կողմի նման քայլը։

Քամիլ Զեյնալիի ազատ արձակման կապակցությամբ ռուսական կողմից դեռևս պաշտոնական արձագանք չկա։ Թե ինչու է ռուսական կողմն ազատ արձակել սպանության մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող Քամիլ Զեյնալիին, պարզ չէ, բայց սպասելի էր։ Ազատ արձակման մասին լուրերից ժամեր առաջ «Ռադիոլուրի» հետ զրույցում նման կանխատեսում էր արել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Վտսահ եմ, որ Ռուսաստանն առաջնորդվելու է ոչ թե օրենքի գերակայությամբ, այլ քաղաքան հաշվարկով։ Այս դեպքում շատ հնարավոր է, որ Ռուսաստանը Զեյնալիին չարտահանձնի Հայաստանին և ֆորմալ առումով հիմնավորի՝ իբր նա այն անձը չէ, որին փնտրում է Հայաստանը, կամ էլ, որ կա հիմնավոր կասկած, որ նրան կենթարկեն խոշտանգումների։ Չի բացառվում նաև ամբողջությամբ կամայականորեն մերժում, որովհետև կրկին մենք գործ ունենք մի երկրի հետ, որը չի հարգում օրենքի գերակայությունը»։

Հանցագործություններ մարդկության դեմ, պատերազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով, վարձկանների հավաքագրում, բռնաբարություն․ ըստ փաստաբան Ալեքբեր Գարաևի՝ Քամիլ Զեյնալիին այս հոդվածներով է մեղադրանք առաջադրվել։ Սակայն Ադրբեջանի կառավարությունն ու դեսպանատունը հասան հանցագործ մարդասպանի ազատ արձակմանը՝ նշում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Տեղի է ունեցել կոնկրետ պատերազմական հանցագործություն։ Առաջադրված մեղադրանքների շարքում հենց պատերազմական հանցագործությունն է նշված։ Սակայն դրան նախորդող ժամանակաշրջանում նա Մոսկվայում նաև հայերին սպանելու հրապակային կոչերով էր հանդես գալիս, դրանք տարածում էր իր բլոգում։ Այսինքն՝ գործ ունենք կոնկրետ էթնիկ ատելության քարոզի հետ և քայլերի, որոնք ուղված են դա իրագործելուն»։

Ձերբակալությունից հետո Զեյնալիին, չգիտես ինչու, թույատվել է օգտվել հեռախոսից և ավելին՝ նա հասցրել է տեսաուղերձ հրապարակել, որում նա նաև նշել է, որ մինչ այս հանգիստ տեղաշարժվում էր Ռուսաստանում։ Ինչու՞ հենց հիմա ձերբակալվեց ադրբեջանցին։

«Սա բավականին բարդ հարց է, և ես չեմ կարող կոնկրետ պատասխան տալ, չգիտեմ՝ ինչ քաղաքական գործոններ են դերակատարում ունեցել։ Բայց փաստն այն է, որ նա իրապես երկար ժամանակ գտնվել է Ռուստատնում, սակայն ձերբակալությունը նոր է տեղի ունեցել։ Ամեն դեպքում հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչ թեմայի հետ գործ ունենք»։

Հայաստանն ու Ադրբեջանը արտահանձման վերբերյալ եվրոպական կոնվեցիայի կողմ են հանդիսանում։ Ռուսաստանը այս պայմանագրի կողմ չէ։ Սակայն, Արա Ղազարյանի խոսքով, այս դեպքում պետք է գործեր հանցագործներին հանձնելու վերաբերյալ Մինսկի կոնվենցիան։

«Բացի այդ, այստեղ խոսքը վերաբերում է միջազգային հանցագործություն կատարելուն, ոչ թե միայն Հայաստանի ներքին օրենքով սահմանված հանցագործությանը։ Դա ավելի պարտավորեցնող է, սակայն հաշվի առեք, որ մենք գործ ունենք Ռուսաստանի նման պետության հետ»։

Քամիլ Զեյնալիի փաստաբանը հայտնել է, որ ադրբեջանցին այսօր կվերադառնա Բաքու։ Ինչպես արդեն հայտնի է, ռազմական հանցագործություններ իրականացնողները Ադրբեջանում մեծ մասամբ հերոսացվում են, իսկ հետագայում նման գործողությունները՝ խրախուսվում։ «Ռադիոլուրի» զրուցակիցները համոզված են՝ առաջիկայում ականատես կլինենք հանցագործի հերոսացման ևս մեկ դեպքի։

Back to top button