ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԵՄ դիտորդական առաքելությունը մեկ տարի Հայաստանում է․ փորձագետների գնահատականները միանշանակ չեն

Փետրվարի 20-ին լրացավ Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման մեկ տարին։ Ամփոփելով մեկամյա գործունեության արդյունքները, առաքելությունը հայտնել է, որ այս ընթացքում իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն, նպաստելով Ադրբեջանի հետ պետական սահմանի հայկական կողմում անվտանգության և կայունության բարձրացմանը:

Առաքելությունը նպաստել է լարված իրավիճակի դեէսկալացիային և միջադեպերի քանակի նվազեցմանը՝ ընդգծել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկոս Ռիտերը։

Փորձագետների գնահատականները, սակայն, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ միանշանակ չեն։

ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստում է մարդկային անվտանգությանը Հայաստանի հակամարտություններից տուժած շրջաններում և տեղում իր ներկայության միջոցով նպատակ ունի վստահություն ստեղծել սահմանամերձ շրջաններ բնակչության շրջանում, ասվում է առաքելության ամփոփագրում։ Նաև նշվում է, որ առաքելությունը բացառապես քաղաքացիական է և անզեն, գործում է որպես անաչառ դերակատար, Բրյուսելին իր զեկույցների միջոցով այն նպաստել է տեղում իրավիճակի ավելի լավ ըմբռնմանը: Առաքելությունը համարում է, որ կարևոր դեր է խաղում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ բարձր մակարդակի ջանքերին աջակցելու գործում:

Ֆրանսիայում հրատարակվող «Նոր յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքյանի գնահատմամբ՝ Արևմուտքի համար կարևոր է Հայաստանին նեցուկ կանգնելը՝ նկատի ունենալով Արցախի էթնիկ զտումը, ինչը եվրոպական արժեքների միանգամայն ձախողումն էր, որից հետո Արևմուտքում վերաբերմունք փոխվեց՝ այդ ամբողջը սրբագրելու կամ որոշ չափով մեղմելու քաղաքականությամբ։

«Ժոզեբ Բորելի բերանով նույնիսկ հայտարարություններ կատարեցին, ուր Հայաստանի սահմանը իրենց համար ընդունելով իբրև Եվրոպայի սահման, և այդ բերումով նաև ավելացրին քանակը եվրոպական քաղաքացիական դիտորդների»։

2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ Արտաքին գործերի խորհուրդը համաձայնեց ուժեղացնել ԵՄ քաղաքացիական դիտորդական կարողությունները՝ ավելացնելով նրա ներկայությունը տեղում՝ անձնակազմը138-ից հասցնելով 209-ի: Այդ առումով ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ասել է.

«Առաքելության ուժեղացումը և անձնակազմի թվի ավելացումը մեզ հնարավորություն է տալիս ավելի շատ պարեկություն իրականացնել՝ նպաստելով տարածաշրջանի ընդհանուր անվտանգությանն ու կայունությանը։ Մեր խնդիրն է ՝մեր ներկայությամբ թուլացնել լարվածությունը։ Մարդիկ տեսնում են մեզ, տեսնում են եվրոպական դրոշը, և նրանք զգում են, որ ինչ-որ մեկը կա միջազգային հանրությունից, և դա գնահատելի է ժողովրդի կողմից։ Մենք ամենօրյա պարեկություն ենք իրականացնում՝ տեղում իրավիճակը դիտարկելու և զեկուցելու համար»։ 

ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատն ասել է, որ առաքելությունն իր գործունեությունն իրականացրել է օրինակելի պրոֆեսիոնալիզմով։ Նրա խոսքով՝ ԵՄ առաքելության ներկայությունը տեղում վկայում է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ԵՄ ներգրավվածության մասին։ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն էլ իր հերթին շեշտել է, որ «առաքելությունն օգնում է ապահովել նորմալացման ջանքերին նպաստող միջավայր և արժանի ներդրում է ունեցել Հայաստանի շուրջ իրավիճակի կայունացման գործում»։

ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ փորձագետների գնահատականները, սակայն, միանշանակ չեն։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյան. «Բովանդակային առումով դա ԵՄ ասոցացման և Հյուսիսատլանտյան անվտանգային համակարգին մասը դառնալու հետանկարն է խոստանում»։

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը նույնպես կարծում է, որ իր դիտորդական առաքելությամբ Հայաստանի անվտանգության ճարտարապետության մեջ ԵՄ-ն իր ուրույն դերն ունի։

 «Ոչ միայն ուրույն տեղն ունի, այդ անվտանգության ճարտարապետության մեջ զբաղեցնում է մեռյալ կառույց ՀԱՊԿ-ի տեղը։ Այն կառույցը, որի դե յուրե անդամը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետությունը»։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, մինչդեռ, համոզված է, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործողությունները այլ նպատակ ունեն.

 «Սա, ցավով եմ ասում, բայց ավելի շատ ուղղված է հանրությանը, որպես մեսիջ, որ տեսեք ԵՄ-ի հետ ավելի են սերտացվում հարաբերությունները, և ավելի են գնում ինչպես ռազմական, այնպես էլ ռազմավարական տեսանկյունից խորացման, բայց, բնականաբար, սա մեծագույն միֆ է։ Այդպիսի բան չկա։ Եվ այս գործողությունները, ըստ էության, նաև շահագրգռում են մեր իշխանություններին էլ ավելի հակառուսականության հարցում վերջին շտրիխները խփելու գործում»։

Քաղաքագետ Հարություն Մկրտչյան. «Իհարկե, եվրոպացի դիտորդները տարածաշրջանում իրողութուն են փոխել, եղանակ են փոխել, որքան էլ որ դա չուզենան տեսնել կամ չտեսնելու տան։ Դա իրականում փաստ է, և դա զգում են ՀՀ քաղաքացիները առաջին հերթին իրենց մաշկի վրա, սահմանամերձ շրջաններում ապրող մեր հայրենակիցները և դրա գնահատականը նրանք կարող են տալ»։

ԵՄ առաքելությունը գործում է Եղեգնաձորում գտնվող շտաբ-բնակարանից, վեց հենակետերով Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում և Իջևանում: Նախատեսված է, որ գարնանը առաքելությունը կապի և աջակցության գրասենյակ կբացի Երևանում։ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն ունի երկամյա մանդատ, որը ուժի մեջ է մինչև 2025 թվականի փետրվարը:

Կարդացեք նաև
Close
Back to top button