ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Մոսկվան ԱՊՀ–ի պառակտման վտանգ չի տեսնում

Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում՝ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարող է հետևել Մոլդովայի օրինակին և մտածել համագործակցությունից դուրս գալու մասին։ ԱՊՀ-ից բացի՝ ռուսաստանցի դիվանագետից լրատվական գործակալությունը կարծիք է հարցրել նաև ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցումների մասին։ Փորձագետները կարծում են, որ այս կերպ ՌԴ-ն կանխարգելիչ նախաձառնություն է ցուցաբերում։ 

ՌԴ փոխարտգործնախարարի հարցազրույցը, միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյանի գնահատմամբ, կանխարգելիչ քայլերի շարքից է։

«Կանխարգելիչ քայլեր են նախաձեռնում, որպեսզի թե՛ շահադրդման, թե՛ սպառնալիքի, թե՛ նախօրոք իրավիճակը իրենց հունին ուղղորդելու միտված քայլերով փորձեն կանխարգելել այն քայլերը, որոնք որ ՀՀ-ն պատրաստվել և կարող է իրականացնել։ Այստեղ ՀՀ իշխանությունների՝ ավելի հավասարարժեք և ավելի վճռական քայլերի մասին է խոսքը, որոնց, չեմ կարծում, որ այս պահին նրանք պատրաստ են, որովհետև նման արձագանքներ մենք չենք տեսնում»։

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ «Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է ԱՊՀ-ում և շահագրգիռ մասնակից է Համագործակցության մեջ»։ Հարցի շուրջ ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։ Արդյո՞ք Հայաստանը կարող է հետևել Մոլդովայի օրինակին և մտածել Անկախ պետությունների համագործակցությունից դուրս գալու մասին՝ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինի կարծիքն է հարցրել լրագրողը։   

«Որոշակի փուլում ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում իսկապես նկատվել է, սակայն ընդհանուր առմամբ տարվա արդյունքները կարելի է դրական համարել․ հայկական կողմը միացել է հոկտեմբերին Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի որոշումների մեծ մասին։ 2023 թվականի 13-ին աջակցել է Համագործակցության կանոնադրական մարմինների նախորդ տարի ընդունված գրեթե բոլոր համատեղ հայտարարությունները»։

Գործակալությունը  փոխարտգործնախարարից հետաքրքվել է նաև ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների մասին։ Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում, հրապարակային հարձակումների և քննադատության փոխարեն, սկսել ՀԱՊԿ-ում իրավիճակի քննարկում։ ՀԱՊԿ-ի գործունեության հետագա կատարելագործմամբ և արդյունավետությամբ բոլորը շահագրգռված են՝ վստահեցրել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ հավելելով։

«Դրան կնպաստի Հայաստանի արագ վերադարձը կազմակերպության ներսում բնականոն և լիարժեք աշխատանքի: Ցավոք, մեր հայ դաշնակիցները մինչ այժմ իսկապես հեռու են մնացել դրանից»։

Գուրգեն Սիմոնյանը նկատում է, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերություններն իսկապես լարված են, և դրա հիմքում այն իրողությունն է, որ կառույցն այդպես էլ չհաստակեցրեց իր ազդեցության գոտին՝ ՀՀ ինքնիշխան սահմաններով հանդերձ։ Բայց հստակ  քայլեր ռազմաքաղաքական դաշինքից դուրս գալու ուղղությամբ չարվեցին՝ ասում է փորձագետը։

«Հիմա տեսնենք՝ գուցեև գնան այդ քայլին և ՌԴ-ն փորձում է կանխակալ, կանխարգելիչ քայլեր իրականացնել այդ մակարդակով և նրանք չէ, որ պետք է ասեն և շեշտեն՝ ինչ է ձեռնտու ՀՀ-ին և ինչը՝ ոչ։ Իսկ Ռազմաքաղաքական դաշինքից մասին արդեն ավելորդ է ասելը, թե որքան հրատապ է ՀՀ-ի դուրս գալը այդ ռազմաքաղաքական դաշինքից՝ ՀԱՊԿ կոչեցյալից»։    

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությանը մասին հարցին ի պատասխան՝ ՌԴ ԱԳ փոխնախարարը համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը հակասում  է  Հայաստանի շահերին։ Ըստ դիվանագետի՝ ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունն արդյունավետ է Հայաստանի համար, վերջին մի քանի տարիների ընթացքում երկիրը միության շրջանակում առաջատար է դարձել այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ՀՆԱ-ի աճը, հիմնական կապիտալում ներդրումները, կատարված շինարարական աշխատանքների ծավալը և այլն։ Եվս մեկ մեջբերում Դաշնության փոխարտգործնախարարի խոսքից.

«Այս ամենը մեծապես հնարավոր դարձավ միության ներսում միասնական շուկայի, աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատության, ձեռնարկությունների բացման ընթացակարգի պարզության, էներգակիրների մատակարարման արտոնյալ պայմանների և այլնի շնորհիվ: Այսպիսով, տնտեսական տեսանկյունից Միությանն անդամակցությունը, անշուշտ, ձեռնտու է Երևանին, և դրանից հրաժարվելը, մեր կարծիքով, կհակասի երկրի շահերին»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջնահերթությունները համահունչ են ինտեգրացիոն զարգացման ոլորտում մեր մոտեցումներին, մենք հավատարիմ ենք արդյունավետ համագործակցությանը՝ հավելել է ռուսաստանցի դիվանագետը։ Հիշեցրել՝ փետրվարի սկզբին Փաշինյանը, ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, ասել էր, որ 2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։ Գուրգեն Սիմոնյանը, մինչդեռ, կարծում է, որ երկարաժամկետ կտրվածքով ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի կարող ձեռնտու լինել Հայաստանի համար։

«Այդ կարճաժամկետ տնտեսական էֆեկտները, դրանք տնտեսական փուչիկի նշանակություն ունեն, որոնք, վաղ թե ուշ պայթելու են, որովհետև այդ շուկան իր լիմիտներով, իր մաքսիմում հնարավորություններով չի կարող բավարարել լիարժեք ՀՀ-ի տնտեսական կարիքներն ու ակնկալիքները»։

Հետևաբար, ավելի հարուստ շուկաներ են պետք, ավելի բարձր պահանջներ ներկայացնող շուկաներ են պետք, որտեղ ՀՀ-ն, Գուրգեն Սիմոնյանի խոսքով,  շատ ավելի մեծ հնարավորություններ կվաստակի։ Իսկ ԵԱՏՄ-ն մեզ խոչընդոտելու է, ինչը, օրինակ, տեսանք մեքենաների շուկայում և շատ այլ հանգամանքներում։ Շոշափելի են խոչընդոտող հանգամանքները՝ համոզված է փորձագետը։ Միաժամանակ, Գուրգեն Սիմոնյանը, ի տարբերություն հակառակ տեսակետների, հնարավոր է համարում տնտեսապես ԵԱՏՄ-ում լինելը, բայց ԱՊՀ-ում ու ՀԱՊԿ-ում չլինելը։ Կարծում է, սակայն, որ ապագայում պետք է միանշանակ նաև այդ հարթակից դուրս գալ։   

Back to top button