ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Արցախի Ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Բոհեմ»-ի բեմում

Ստեփանակերտի Ռուսական դրամատիկական թատրոնն Արցախի շրջափակման ժամանակ մի քանի ներկայացումներ է հանձնել հանդիսատեսին դատին,  բոլորը՝ լեփ–լեցուն դահլիճում։ Վերջինը «Մայակովսկու ամբողջ ձայնով» բանաստեղծական ներկայացումն էր։ 4 ամսվա ընդմիջումից հետո Ստեփանակերտի Ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններն ու հանդիսատեսը կրկին հանդիպել են Երևանի «Բոհեմ» թատրոնում:

Մայակովսկու պոեզիայով Ստեփանակերտում վերջին անգամ հնչեց արցախցիների ձայնը։ Ներկայացումն անցավ լեփ–լեցուն դահլիճում։ Շրջափակման ժամանակ Ստեփանակերտի Ռուսական դրամատիկան թատրոնը միշտ գործել է։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կիրկորովան ասում է՝ շատերը կարծում էին, որ մարդիկ այդ հոգեվիճակում ոչինչ չպետք է անեին, բայց նրանք գալիս էին թատրոն։

«Մարդիկ գալիս էին թատրոն զուտ նրա համար, որ իրենք մենակ չեն, ուզում էին լսեին, որ իրենց մասին հոգ տանող կա։ Մեզ ասում էին, որ դուք այս օրերին մեզ շունչ եք տալիս, մաքուր օդ եք մեզ համար։  Հանդիսատեսը մեզնից պահանջում էր, որ հաճախ ներկայացումներով հանդես գանք»։

Մայկովսկու բանաստեղծությունները երկու օր շարունակ հնչեցին Երևանի «Բոհեմ» թատրոնի բեմից։ Տեղահանությունից հետո  առաջին անգամ էին հանդիպում արցախցի դերասաններն ու հանդիսատեսը։ Դժվար է, բայց սա այս պահին փրկություն է, ասում է դերասանուհի Էմմա Օգոլցովան ։

«Հաճելի է վերադառնալ բեմ, չնայած սա մեր հարազատ բեմը չէ,10 -ը տարուց ավելի մեր հանդիսատեսն ենք ունեցել Ստեփանակերտում։ Դե այսօր էլ կծանոթանանք Երևանի հանդիսատեսի հետ, հույս ունենք՝ մի նոր գույն կբերենք երևանյան թատերական աշխարհին» ։

«Մենք բլոկադայի ժամանակ անգամ խաղացել ենք, ու դա ոչ այնքան ուժի առկայության ցուցանիշ էր, որքան ինչ-որ բան պետք էր անել ու չմտածել այդ իրավիճակի մասին»,- ասում է դերասան Հարություն Անդրեասյանը։

Մայակովսկու տվյալ ժամակաշրջանի պոեզիան շատ ընդհանություններ ունի Արցախի ժողովրդի, նրանց ապրումների ու զգացածի հետ։ Այս ներկայացումը դասական ձևաչափից դուրս էր։ Առաջին մասում Մայակովսկու,երկրորդում՝ արցախցիների ձայնն են բարձրացնում։ Բեմադրող ռեժիսոր Ժաննա Կիրկորովան  Մայակովսկու ու արցախցու ճակատագրերի մեջ ընդհանուր գծեր է գտել։

«Մայակովսկին, ինչպես մենք ընտրել էինք հավատալ  գաղափարին, բայց հետո հասկացել, որ խաբված ենք։ 12 տարի Մայակովսկին սպանել է իր մեջ պոետին, հետո պոետ Մայակովսկին ոտքի է կանգնել ու սպանել իր ներսի մարդուն։Մոտավորպես այդպիսի մեռած վիճակում ենք մենք, բայց փորձում ենք կենդանության նշաներ ցույց տալ»,-ասում է ռեժիսորը։

«Իհարկե, երևանյան բեմադրության մեջ այլ երանգներ կան։ Մարդիկ ոչինչ չունեն, ո՛չ աշխատանք, ո՛չ տուն, ո՛չ հեռանկար։ Մենք միայն իրար ունենք ու այս մտքով էլ սկսել ենք ներկայացումը, այն հույսով, որ մի օր արցախիցների ձայնը թատրոնից դուրս կլսեն»։

Ստեփանակերտի Ռուսական թատրոնի անձնակազմը ցանկանում է Երևանում շարունակել գործունեությունը։ Թատերախումբը հույս ունի, որ այս ներկայացումից հետո ինչ–որ բան կփոխվի իրենց կյանքում։

Back to top button