ԿարևորՀասարակություն

Բարձրահարկ բնակելի շենքեր կկառուցվեն նաև Արմավիրում և Էջմիածնում

Արմավիր մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում կառուցվում են բնակելի նոր թաղամասեր՝ բարձրահարկ շենքերով ու բարեկարգ բակերով: Էջմիածնում «Արարատ պարկ» թաղամասը կզբաղեցնի 4.5 հա հողատարածք, որտեղ 5-ից 12 հարկանի բարձրահարկեր կլինեն:

Արմավիր քաղաքում ևս նույնքան հողատարածք է հատկացվել «Նորք» բնակելի թաղամասը կառուցելու համար: Այստեղ առաջին անգամ են 13-15  հարկանի  շենքեր կառուցվելու:

Արմավիր քաղաքի բազմաբնակարան շենքերը 40-60 տարվա պատմություն ունեն: Դրանք հիմնականում 5 հարկանի են, քաղաքի ամենաբարձր շինությունը 1970-ականներին կառուցված յոթհարկանի նախկին հյուրանոցի շենքն է: Շուտով հյուսիս-արևմտյան հատվածում վեր կխոյանան առաջին բարձրահարկերը՝ ասում է  Արմավիր համայնքի նախկին ղեկավար Դավիթ Խուդաթյանը:

«Ներդրումային ծրագրով նախատեսված է շուրջ 1300 բնակարանների կառուցում, որոնք տեղակայված կլինեն 13-15 հարկայնությամբ շենքերում: Բարձրահարկերը համայնքի համար նորություն են լինելու: Նախագիծը մանրամասն քննարկվել է շահագրգիռ բոլոր կազմակերպությունների հետ և արժանացել է կառավարության հավանությանը: Շուտով կսկսվի հողհատկացման գործընթացը»:

«Նորք» բնակելի թաղամասը կկառուցվի  4,6 հա հողատարածքի վրա: Արմավիրում բազմաբնակարան շենքերի կառուցումը դադարեցվել էր 1990-ականներին, շինարարությունն անավարտ է մնացել և մինչև օրս մատնվել անուշադրության:

«Սա էականորեն կթարմացնի համայնքի բնակելի ֆոնդը: Խորհրդային տարիներից հետո բնակարանային ֆոնդի թարմացում չի եղել, չնայած այս պահին ևս մեկ բազմաբնակարան շենքի կառուցման ծրագիր արդեն մեկնարկել է: Բայց խոսքը ոչ թե համալիրի մասին է, այլ՝ մեկ շենքի, որը գտնվում է Երևանյան և Չարենց փողոցների հատվող մասում»:

Նշված շենքի կառուցումն ընթացքի մեջ է։ Այն գտնվում է Մ5 միջպետական նշանակության ճանապարհի վրա, հյուրանոցի հարևանությամբ և նույն  բարձրությամբ:  «Նորք» բնակելի թաղամասում կառուցվելու է նաև մանկապարտեզ և  համայնքապետարանի հետ  նախնական պայմանավորվածության համաձայն՝ նվիրելու է համայնքին:

«Ներդրումային ծրագիր է, որի արդյունքում համայնքին կվճարվի կադաստրային արժեքի կրկնակի չափով գումար: Կառուցապատող ընկերությունը կառուցելու է մանկապարտեզ՝ 120-130 երեխայի համար, կկահավորվի և սեփականության իրավունքով կհանձնի համայնքին: Քաղաքին  կհանձնվի նաև 60-80քմ մակերեսով տարածք, որը կծառայի համայնքի կարիքների համար»:

«Նորք» բնակելի թաղամասը նախատեսվում է կառուցել 5-8 տարվա ընթացքում, բնակարանների շահագործումը կսկսվի կառուցման 3-րդ տարում: Բազմաբնակարան բարձրահարկ շենքեր կկառուցվեն նաև  քաղաքի կենտրոնում,  հիվանդանոցի հարևանությամբ՝ նախկին «Ռելեի» գործարանի տեղում:

Էջմիածին քաղաքում, բացի  «Զվարթնոց» թաղամասից, բարձրահարկ շենքեր չկան: Հոգևոր մայրաքաղաքում կարևորում են՝ եկեղեցու գմբեթները պետք է տեսանելի լինեն բոլոր անկյուններից: Սակայն քաղաքի կենտրոնում, համայնքապետարանի հարևանությամբ  շուտով կկառուցվի 10 հարկանի բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր: Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանն ասում է, որ առայժմ իրականացվել են միայն քանդման աշխատանքները.

«ճարտարապետահատակագծային առաջադրանքն արդեն իսկ տրամադրվել է և տվյալ պահին գտնվում է համալիր փորձաքննության շրջանում: Պատասխանն ունենալուց հետո կտրամադրվի շինթույլտվություն»:

Էջմիածնում բարձրահարկ բնակելի համալիր է կառուցվում Մարգարայի խճուղու հարևանությամբ: «Արարատ պարկ» բնակելի համալիրը կառուցվում է  4.5 հա հողատարածքի վրա:  Շինարարությունն ընթացքի մեջ է։

«Նախատեսվում է կառուցել 27 բազմաբնակարան շենք՝ 5-12 հարկով: Ըստ նախագծի բազմաբնակարանների 35 տոկոսը մեկ սենյականոց է, 35 տոկոսը՝ երկու, 25 տոկոսը՝ 4, մնացածը հինգ սենյականոց բնակարաններ են»:

«Արարատ պարկ» բնակելի համալիրն ունենալու է 1000-ից ավելի բնակարաններ, հասարակական տարածքներ, հանգստի գոտի: Բացի նոր թաղամասից Էջմիածնում կառուցվում են ևս մի քանի բարձրահարկ շենքեր:

Back to top button