ԿարևորՀասարակություն

Կրիպտոն դեռևս «փող» չէ, այլ բարձր եկամտաբերությամբ ռիսկային ակտիվ. Վաչե Գաբրիելյան

Հայաստանի Հանրապետության դրամը 30 տարեկան է։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանի «Սիմոն Մանուկեան գործարարության և տնտեսագիտության քոլեջի» դեկան Վաչե Գաբրիելյանը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում դասախոսություն է կարդացել այդ թեմայով։

ՀՀ դրամը 30 տարեկան է, իսկ հայկական դրամը դարերի պատմություն ունի։ «Փողի էվոլյուցիան՝ անտիկ ձևերից մինչև կրիպտոակտիվներ» թեմայով դասախոսության հեղինակ, տնտեսագետ, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը դրամի այսպես կոչված «որակական հատկանիշները» դիտարկում է 2 տեսանկյունից։ Նախ՝ որքանով է այն պաշտպանված, երկրորդ՝ ինչպիսի՞ դրամավարկային քաղաքականություն է դրանով իրականացվում և արդյո՞ք մարդիկ վստահում են Կենտրոնական բանկի կողմից սպասարկվող ազգային դրամին։

«Ինչպես Հայաստանի նման զարգացող շատ երկրներում, հաճախ խոշոր ապրանքները, որոնք վերաբերում են բնակարաններին, անշարժ գույքին, երբեմն մեքենաներին, գնանշվում են դոլարով։ Բնականաբար, մեզ մոտ ևս, երբ մարդիկ խոսում են անշարժ գույքի մասին, նրանք կարող են գնանշում անել դոլարով։ Սակայն, օրենքի պահանջից ելնելով, գործարքները միևնույն է կատարվում են դրամով։ Չի կարելի ասել, որ մենք ամբողջովին դրամային տնտեսություն ենք, սակայն, բնակչությունն ընդհանուր առմամբ առօրյա ցանկացած առևտրի տեսակետից ամբողջովին վստահում և ակտիվորեն օգտագործում է հայկական դրամը»։

Աշխարհում նկատվում է «թանկ փողերի քաղաքականության» միտում։ Քովիդի համավարակը հանգեցրեց գնաճի։ Սպառողների գնումների ախորժակը զսպելու և դրանով գների աճը մեղմնելու համար կենտրոնական բանկերն իրենց տնտեսությունները սկսեցին սնուցել բարձր տոկոսոդրույքով փոխառություններով՝ թանկ փողերով։  

Մեր արժույթի դեպքում ի՞նչ տեղի ունեցավ հարցին ի պատասխան՝ Վաչե Գաբրիելյանը պատասխանում է․

«2020 թ.-ի ճգնաժամից հետո Հայաստանի Հանրապետությունում, ի տարբերություն Վրաստանի,  եթե համեմատենք տնտեսական նվազումը, Վրաստանն ամբողջովին վերականգնեց 2021-ին, Հայաստանը չվերականգնեց, սակայն, դա արեց ավելի ցածր գնաճային ֆոնի վրա, քան Վրաստանը։ Դրանից հետո 2022թ.-ին մենք ունեցանք շատ ավելի բարձր աճ, իհարկե այլ գործոններով պայմանավորված, բայց, թանկ փողերի քաղաքականությունը, որ կենտրոնական բանկն իրականացնում էր, տվեց իր արդյունքը։ Հիմա արդեն թանկ փողերի քաղաքականությունից մեր Կենտրոնական բանկը հետ է գալիս ավելի քիչ թանկ փողերի քաղաքականությանը, քանի որ մենք ունենք ավելի ցածր գնաճային ֆոն»։

Թվայնացման պայմաններում ինչպիսի՞ն պետք է լինի հայկական դրամը, հաշվի առնելով, որ որոշ երկրների կենտրոնական բանկեր ստեղծում են ազգային թվային արժույթներ։ Տնտեսագետը նկատում է՝ մեր երկրի կենտրոնական բանկը հայտարարել է, որ թվային արժույթ թողարկելը դեռևս վաղաժամ է։

Ըստ նրա, սակայն, դա չի խանգարում Հայաստանում թվայնացված գործողությունների ավելացմանը։

«Օրինակ, մեզ մոտ Ամերիկյան համալսարանում ուսանողների մեծ մասը կաֆետերիայում վճարում է հեռախոսներով։ Դա նշանակում է, որ նրանք թվային գործողություններ են անում անգամ առանց քարտերի։ Եվ այս տեսակետից, երբ որ մենք թվայնացման մասին ենք խոսում, պետք չէ միայն անցնել ամբողջովին թվային արժույթի։ Այս տեսակետից մենք ունենք բավականաչափ ակտիվ զարգացումներ, և բնակչության շատ ավելի մեծ քանակն է այդպիսի վճարումներ իրականացնում»։

Վաչե Գաբրիելյանը հիշեցնում է Սալվադորի Հանրապետության օրինակը, որն ամբողջությամբ անցավ թվային արժույթի, բայց, «տխուր» հետևանքների հանգեց իր շտապողականության պատճառով։ Տնտեսագետը շտապողականությունն անհարկի է համարում նաև կրիպտո ոլորտի պարագայում։

«Կրիպտոն դրանք ակտիվներ են և արժույթներ չեն։ Իրենք ունեն բազմաթիվ խնդիրներ և՛ տարածվածության, և՛ ընդունելության տեսակետից։ Դրանք դեռևս տնտեսագիտորեն ասած «փող» չեն, որպես այդպիսին, թեև չի նշանակում, որ դրանով հնարավոր չէ առնել կամ ծախել ինչ որ բան։ Եթե նայեք, թե աշխարհում ինչ է տեղի ունեցել, ապա ամենախոշոր կրիպտոբորսան՝ Բինանսը, Միացյալ Նահանգների կողմից 4 մլն դոլարով տուգանվեց, ղեկավարը համաձայնեց, որ բանտում նստի շուրջ 2 տարի, դրանից բացի, նշվեցին, որ ունենալու են կառավարության կողմից նշանակված դիտորդներ, որոնք հսկելու են, որպեսզի փողերի լվացումով չզբաղվեն։ Այսինքն գնում է ավելի կարգավորման փուլ»։

Կրիպտոակտիվներին վստահել-չվստահելու մասով մասնագետը նկատում է՝ ովքեր ունեն գումար, որը կարող են ռիսկի ենթարկել, կարող են քննարկել դրանցում ներդրումների հարցը։ Նրանք, ովքեր մտածում են, որ դա ընդամենը մեկ այլ արժույթ է՝ սխալվում են։  Կրիպտոակտիվները բարձր եկամտաբերությամբ ռիսկային ներդրումներ են։

Back to top button