ԿարևորՔաղաքական

Արգենտինայի նախագահը ՄԱԿ-ում խոսել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է առաջացրել։

«Հենց այս պահին, երբ տեղի է ունենում այս վեհաժողովը, լուրերում կարդում ենք, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը»,- նշել է նախագահը: «Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս իրողության նկատմամբ։ Այն պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի՝ կանխելու նոր էթնիկ, ռասայական, կրոնական կամ քաղաքական հալածանքները»,- հայտարարել է Ալբերտո Ֆերնանդեսը։

Ավելի վաղ Արգենտինայի առաջնորդն արժանացել էր Բաքվի քննադատությանը՝ G20 գագաթնաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղի մասին իր հայտարարությունների համար: Ելույթ ունենալով սեպտեմբերի 11-ին Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի լիագումար նիստում, Ալբերտո Ֆերնանդեսը քննադատել էր Ադրբեջանին Լաչինի միջանցքի «ցավալի շրջափակման» համար։ «Այն ժամանակ, երբ Արևելյան Եվրոպայում պատերազմ է, այլ բռնի հակամարտություններ են ի հայտ գալիս, որոնք ավելի քիչ հանրային ուշադրության են արժանանում, բայց նույնքան ցավոտ են: Դրանցից է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հումանիտար ճգնաժամ է առաջացրել, որի նպատակն է պատժել հայ ժողովրդին իր սեփական հողում»,- ասել էր նախագահը։ Ալբերտո Ֆերնանդեսը ՄԱԿ-ի խաղաղության հարցերով Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրորդ համաժողովի բացման խոսքում ևս մեկ անգամ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակին:

Back to top button