ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Եկամտաբեր տարածքներում գտնվող մանկապարտեզները դարձել են բիզնես ծրագրեր․ ՀՀ գլխավոր դատախազ

7-10 հազար երեխա այսօր սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին։ Թվերը կռավարության նիստին ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու շեշտել, որ նախադպրոցական հաստատությունները գերծանրաբեռնված են։ Գերծանրաբեռնվածությունը պետական մանկապարտեզների ապօրինի սեփականաշնորհման հետևանք է, ասել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու ներկայացրել այս ուղղությամբ նախաձեռնված քրեական վարույթների պատկերը։

Մանկապարտեզների ապօրինի սեփականաշնորհման գործերը գլխավոր դատախազությունում են։ Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի 4, ինչպես նաև Մալաթիա–Սեբաստիայի մեկ մանկապարտեզի օտարման վերաբերյալ պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվել դատարան, կառավարության նիստում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նրա խոսքով՝ պետական շահերի պաշտպանության հայցերից բացի այս նույն մանկապարտեզների օտարման կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ։ Դատախազությունը ուսումնասիրելու համար կադաստրից պահանջել են նաև Էրեբունի, Արաբկիր, Դավթաշեն, Նուբարաշեն վարչական շրջանների տարբեր հասցեներում գտնվող 13 մանկապարտեզների կադաստրային գործերը։ Երևանի 14 մանկապարտեզների օտարման կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ․

«Դրանք են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 5 մանկապարտեզ, Կենտրոնում 7, Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում մեկական մանկապարտեզ»։

Ըստ գլխավոր դատախազի՝ քրեական վարույթները վերաբերում են էժան գներով մանկապարտեզներ օտարելուն։ Կան մանկապարտեզների տարածքներ, որոնք արդեն դարձել են բազմաբնակարան շենքեր և հասարակական նշանակության վայրեր, որոնք այլևս որպես մանկապարտեզ օգտագործել հնարավոր չէ, ասում է Աննա Վարդապետյանը։ Եկամտաբեր տարածքներում գտնվող մանկապարտեզները դարձել են բիզնես ծրագրեր։

«Ամենավառ օրինակը՝ Թամանյան 3 հասցեում գտնվող մանկապարտեզը դարձել է սրճարան, և դժվար է պատկերացնել դրա նորից մանկապարտեզ դաձնելը»։

Երևանից բացի ուսումնասիրություններ են կատարվում նաև մարզերում։ Քրեական վարույթի շրջանակներում փորձում են պարզել նաև կոռուպցիոն սխեմաները։ Պետական մանկապարտեզները սեփականության իրավունքով փոխանցվել են կոնկրետ շրջանակի անձանց և հետագայում փողերի լվացմամբ օտարվել, ասում է գլխավոր դատախազը։

«Էս գործընթացի արդյունքում է, որ մենք ունենք բազմաթիվ երեխաներ, որոնք այսօր սպասում են մանկապարտեզ ընդունվելու իրենց հերթին։ Որովհետև նույն Կենտրոն վարչական շրջանում ոտքով հասանելի մանկապարտեզների թիվը կրճատվել է այս սխեմաների հետևանքով»։

Մանկապարտեզներում առանց խոչընդոտների երեխաներին ընդունելու ու պատշաճ պայմաններում նախադպրոցական կրթություն ապահովելու համար պետությունը սկսել է 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, հիմնանորոգելու ծրագիր։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ 19 մանկապարտեզներից չորսի շինաշխատանքները կավարտվեն այս տարի։ Մոդուլային մանկապարտեզները սպասարկելու են 2842 երեխաների։ Մանկապարտեզնմերին զուգահեռ ավարտվել են կառուցման ծրագրի շրջանակներում 25 հաստատություններից Դեղձուտի ու Արգինայի դպրոցների շինաշխատանքները։ Եվս 9–ի աշխատանքները կավարտվեն այս տարի։ Ավարտված դպրոցներում մինչև տարեվերջ կավարտվի նաև կահավորման գործընթացը։

«Ընդհանուր առմամբ մոդուլային դպրոցները սպասարկելու են շուրջ 3272 աշակերտի և ծառայելու են ոչ միայն որպես կրթական հաստատություններ, այլև որպես  համայնքային կենտրոններ»։

Կառուցված դպրոցների հզորությունը 14 հազար 700 աշակերտի կրթությունն ապահովելու հնարավորություն է տալիս։

Back to top button