ԿարևորՏնտեսական

ՀՀ-ն տնտեսական աճով աշխարհում 4-րդն է. Փաշինյանը՝ աննախադեպ ցուցանիշների մասին

Հայաստանը տնտեսական աճով աշխարհում 4-րդն է։ Այս մասին ապրիլի 18-ին Ազգային Ժողովի արտահերթ նիստում, «Կառավարության 2022 թ.-ի ծրագրի (2021-2026 թթ.) ընթացքի և կատարողականի մասին» հաշվետվության քննարկման ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա փոխանցմամբ՝ ֆինանսական և ապահովագրական ոլորտները 2022 թ.-ին գրանցել են ՀՆԱ-ի աճի ամենաբարձր տեմպերը։ «Առևտուրը և ծառայություններն ավելացել են 17 տոկոսով, շինարարական հատվածը՝ 18,8 տոկոսով, իսկ արդյունաբերությունը՝ 6,4 տոկոսով»,- նշել է կառավարության ղեկավարը։ 22-ին բյուջեի հարկային եկամուտները ավելացել են 66.3 տոկոսով, ընդ որում՝ փոխարժեքից անկախ, զուտ դրամով։ 2018-ի համեմատ սա ավելի է 53 տոկոսով։ Խորհրդարանական ընդդիմությունը նկատել է, որ ներկայացված դրական դինամիկա արձանագրող որոշակի սոցիալ-տնտեսական ցուցանիշներն ամբողջական չեն, երբ զուգահեռ չեն ներկայացվում ու համադրվում կառավարության 2021-26 թթ-ի ծրագրային խոստումների հետ։  

2022 թ.-ի արդյունքներով տնտեսական աճը Հայաստանում կազմել է 12,6 տոկոս։ Սա, վարչապետ Փաշինյանի բնորոշմամբ, աննախադեպ է վերջին 15 տարիների համար․

«Սա նշանակալի աճ է, և համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, աշխարհի բոլոր երկրների մեջ Հայաստանը իր տնտեսական աճով 4-րդն է»։

2021 թ.-ին մեկ շնչին ընկնող 4679 դոլար ՀՆԱ-ն 2022 թ.-ին դարձել է 6569 դոլար՝ շեշտում է Փաշինյանը՝ դա համարելով էական աճ։ Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի նաև փոխարժեքը, բայց այն միակ գործոնը չէ՝ ասում է վարչապետը.

 «Մյուս կողմից էլ՝ փոխարժեքը և հայկական դրամի գնողունակության աճը և արժեքի աճը նույնպես էական տնտեսական գործոն է, որի ազդեցությունների մասին խոսելու առիթ, իհարկե, կունենանք»։

Վարչապետի խոսքով՝ 22-ի տնտեսական հաջողությունը մղում է ավելի արագացնելու այն բարեփոխումները, որոնք կառավարության օրակարգում են։ Ըստ նրա՝ դա հնարավորություն կտա սպասարկելու աճի ավելի բարձր ուղեծիր և ամրապնդելու այսօրվա տնտեսական ձեռքբերումները, ամուր հիմք ստեղծելու հաջորդ տարիներին տարեկան 7 տոկոս տնտեսական աճի համար։ Փաշինյանն առանձնացնում է այն միջավայրը, որում տեղի է ունեցել 2022-ի տնտեսական աճը։ Նրա փոխանցմամբ՝ բազմաթիվ ներդրողներ, ի հեճուկս արտաքին մարտահրավերների, նախընտրել են Հայաստանում ստեղծել կամ Հայաստան տեղափոխել իրենց ընկերությունները, իսկ տեղական ներդրողները, նաև օգտվելով կառավարության աջակցության ծրագրերից, ապահովել են ներդրումների բական բարձր մակարդակ։

 «2022 թ.-ին մեր երկրում ստեղծվել է ավելի քան 12 հազար ընկերություն և 25 հազար անհատ ձեռնարկություն։ Կատարված ընդհանուր ներդրումների ծավալի նախնական գնահատումը կազմում է 1 տրիլիոն 688 մլրդ դրամ, կամ՝ ՀՆԱ-ի մոտ 20 տոկոսը։ Օտարերկրյա  ուղղակի ներդրումների ծավալը համարյա եռապատկվել է, դարձել գրեթե 1 միլիարդ դոլար՝ շոշափելիորեն աճելով 2021 թ.-ի և նախորդ բոլոր տարիների նկատմամբ։ Այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ է Հայաստանի համար»,– շեշտում է Նիկոլ Փաշինյանը։  

Հաշվետու տարում Հայաստան են մուտք գործել մի շարք գլոբալ ընկերություններ, ինչը չափազանց կարևոր է երկրի տնտեսական կերպարի համար՝ ասում է վարչապետը։ Անդրադառնալով կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշին, վարչապետը նկատում է, որ 2022-2026 թթ.-ի կառավարության պարտքի բեռի նվազեցման ծրագրով նախատեսված էր 2022 թ.-ին այդ ցուցանիշը հասցնել 60.5 տոկոսի, իսկ 2026 թ.-ին՝ 53.8 տոկոսի։ Մինչդեռ, 2022 թ.-ի արդյունքներով կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշն արդեն իսկ նվազել է 50 տոկոսից՝ կազմելով 46.7 տոկոս․

 «Իհարկե, այստեղ նույնպես փոխարժեքը մեծ դեր ունի, բայց նաև փոխարժեքը մեզ հնարավորություն է տալիս ավելի էֆեկտիվ կառավարել արտաքին պարտքը և սա ստեղծում է լրացուցիչ կայունության պաշար՝ հնարավոր հետագա ռիսկերին դիմակայելու համար»։

Նշենք նաև, որ ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 8 տրլն 496 մլրդից ավելի դրամ (նախորդ տարվա միջին տարեկան գներով՝ մոտ 7 տրլն 866 մլրդ դրամ)։

Խոսելով գնաճի մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ այն արդյունավետ հակակշռվել է․

 «Հաշվի առնելով, որ 1 աշխատատեղին բաժին ընկնող միջին ամսական աշխատավարձի աճը գնաճից ավել է շուրջ 80.2 տոկոսով։ 2022 թ.-ի փետրվարին մեր մեծագույն մտահոգություններից մեկը այն էր, որ հիմա այնպիսի գնաճ տեղի կունենա, որը շատ լուրջ սոցիալական ցնցումներ կառաջացնի։ Եվ գնաճը իրոք տեղի ունեցավ Բյուջեով նախատեսված մաքսիմումից, ըստ էության, կրկնակիից ավել։ Գնաճ ունեցանք, բայց արդյունքում շատ ավելի մեծ աշխատավարձի աճ արձանագրեցինք»։

Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, մինչդեռ, նկատում է, որ այնպես չէ, որ միջին աշխատավարձն աճել է այնքան, որքան գնաճն է։ Միաժամանակ, տնտեսագետ պատգամավորը նկատում է.

 «Միջին աշխատավարձը միայն բավարար չէ «աշխատող աղքատների», այսպես ասած, վերաբերելի պատկերն ունենալու համար։ Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ նվազագույն աշխատավարձը չի բարձրացել, իսկ «աշխատող աղքատներն» այդտեղ են։

Եվ, ի վերջո, մեր երկրում աշխատող մարդը աղքատ է, շարունակում է մնալ աղքատ և այդ ցուցանիշը, մեր գնահատմամբ, նաև աճի միտում ունի»։

Ըստ պատգամավորի՝ խնդիր կա նաև կապված աշխատատեղերի ցուցանիշի հետ՝ այն առումով, որ որպես նոր ստեղծված աշխատատեղ ներկայացվող ցուցանիշը իրական պատկերը չի արտացոլում, քանի որ հստակ պատկեր չկա, թե ներկայացվածի մեջ որքանն է իրապես նոր ստեղծված աշխատատեղ, որը իրոք լուծում է սոցիալական խնդիր, և որքանը՝ ստվերից դուրս բերվածը։

 «Իհարկե, դրական է, որ անօրինական կամ ստվերային աշխատատեղը դառնում է օրինական կամ պայմանագրով աշխատատեղ, բայց սոցիալական իմաստով մի հարց է լուծում նոր ստեղծված և համալրված աշխատատեղը, մեկ այլ հարց՝ ստվերից դուրս եկած աշխատատեղը»,– ընդգծում է պատգամավորը։

Ինչ վերաբերում է երկնիշ տնտեսական աճին. ընդդիմադիր պատգամավորը նկատում է, որ վիճակագրության արձանագրած այդ ցուցանիշի մասով չկա հստակեցում, թե որն է այն հիմնական մակրոգործոնը, որը բերել է այդ աճին.

 «Այսինքն, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված դրական ազդեցությունը մեր տնտեսության վրա ի՞նչ չափով է, արդյո՞ք դա գնահատված է»։

Պատգամավորի խոսքով՝ այդ գնահատականը կարևոր է, քանի որ այն պատահական արտաքին գործոն է, որը վաղը կարող է չլինել և բերել լրացուցիչ տնտեսական դժվարությունների։ Ըստ ընդդիմության՝ ներկայացված դրական դինամիկա արձանագրող որոշակի սոցիալ-տնտեսական ցուցանիշներն ամբողջական չեն, երբ զուգահեռ չեն ներկայացվում ու համադրվում կառավարության 2021-26 թթ-ի ծրագրային խոստումների հետ։

Վարչապետ Փաշինյանը, սակայն, չի կիսում ընդդիմության դիտարկումները։ Նա շեշտում է, որ կառավարությունը պարտավորվել ու գործել է հենց այդ պարտավորվածությունների շրջանակում։     

Back to top button