ԿարևորՀասարակություն

Քրեական պատասխանատվություն՝ «ֆեյք» լուրեր տարածելու համար

Ազգային ժողովի փոխնախագահ  Ալեն Սիմոնյանն առաջարկում է սահմանել  «կեղծանուն աղբյուր»  հասկացությունը և  քրեականացնել այդ աղբյուրներով ապատեղեկատվության հրապարակումն ու տարածումը։

«Ֆեյքերի նախագիծ» անվանումը ստացած օրենսդրական փաթեթը շրջանառության մեջ է դրվել օրերս,  փոփոխություններ է ենթադրում Քրեական,  քրեական դատավարության և քաղաքացիական օրենսգրքերում, նաև` «Զանգվածային լրատվության մասին» օրենքում։

Ըստ նախագծի ՝  կեղծանուն աղբյուրը  «համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք, օգտահաշիվ կամ ալիք է, որի տնօրինողի նույնականացման տվյալները հրապարակված չեն նույն աղբյուրում կամ հանրահայտ չեն»:

Առաջարկվում է պատասխանատվություն սահմանել «համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու համար»։

Ըստ նախագծի՝ արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով,  իսկ եթե կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝  ազատազրկմամբ մեկից երեք տարի ժամկետով:

Նույն կարգավորումն է առաջարկվում կեղծանուն աղբյուրով անձին վիրավորելու   կամ զրպարտելու դեպքում։ Արարքը  պատժվում է տուգանքով, բայց  եթե  կատարվել է կազմակերպված խմբի կողմից,  պատիժը  երկուսից չորս տարի ազատազրկումն է։

Մոտեցումների խստացումը հիմնավորվում է ապատեղեկատվության ծավալների ավելացմամբ ու այդ երևույթի հանրային վտանգավորությամբ։ 

«Ապատեղեկատվության  էական մասը հրապարակվում է այնպիսի աղբյուրների կողմից, որոնց նույնականացումն ընթերցողի կողմից անհնար է, և որոնք ԶԼՄ օրենքի իմաստով զանգվածային լրատվամիջոց չեն, այլ կերպ՝ «ֆեյք» են »,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

Նախորդ  քառօրյայի ընթացքում Ազգային ժողովը ընդունեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագիծը, որով  վիրավորանքի  և զրպարտության համար նախատեսված փոխհատուցումների չափը եռապատկվեց։  Այդ նախագիծը ևս հեղինակել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։   

Back to top button