ԿարևորՀասարակություն

Հաղթանա՞կ, թե՞ պարտություն. Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմի մասին

Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ առանձին թերացումներով հանդերձ, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին գործել է արդյունավետ։ «Իսկ թերացումների և   քաղած դասերի մասին առկա է պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի հույժ գաղտնի զեկույցը, որը ենթադրում եմ, հասանելի է եղել խորհրդարանական հանձնաժողովի անդամներին»,- ասել է նա։ 

Այս տարվա ապրիլի 16–ին  Սերժ Սարգսյանը հրավիրվել էր  խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանել էր պատգամավորների հարցերին։ Հենց այդ նիստից հետո էլ խոստացել էր ասուլիս հրավիրել ու պատասխանել ապրիլյան պատերազմին վերաբերող բոլոր հարցերին։

Այսօր Սարգսյանը հանձնաժողովի գործունեության  մասին չի խոսել՝ նշելով ձեռք բերված համաձայնությունը, թե հարցուպատասխանի ամբողջ ձայնագրությունը ստանալու դեպքում  քննարկման մանրամասներ չի հրապարակի։ Փոխարենը նշել է, որ խորհրդարանական  հանձնաժողովի  եզրակացության հրապարակումից հետո կանդրադառնա դրան։

Հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն  ապրիլյան պատերազմը։ Սերժ Սարգսյանը կարծում է, որ այն հաղթանակ էր, իսկ 2016- ի ապրիլին հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը։

«Կարծում եմ՝ այո, բայց հավանականությունը մեծ էր, որ մենք կունենայինք մի քանի տասնյակ նոր զոհեր, նոր որբացած ծնողներ, նոր այրիներ։ Իսկ հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և լրացուցիչ պատժել Ադրբեջանին՝ անվտանգության գոտին ընդլայնելով նոր տարածքներով։ Հաջողության տարբերակը չբացառելով՝ ասեմ, որ դա կլիներ արկածախնդրություն՝ հղի անկանխատեսելի հետևանքներով, ընդհուպ՝ մինչև լայնածավալ պատերազմի բորբոքում և որպես հետևանք, հազարավոր և միգուցե տասնյակ հազարավոր զոհեր, ավերված քաղաքներ ու գյուղեր։ Հաշվի առնելով այս հանգամանքները, ես որոշում եմ կայացրել համաձայնել հրադադարի հաստատմանը»,-ասել է նա։

Back to top button