ԿարևորՀասարակություն

Ալեքսանդր Քանանյանը կանցնի նաև ջրադուլի, եթե իր պահանջները չկատարվեն

Այսօր Արցախի կառավարությունում քննարկումներ են տեղի ունենում փոքր ՀԷԿ–երի շուրջ առաջացած  խնդրի կապակցությամբ։  Քննարկմանը մասնակցում են  անկախ հանձնաժողովի ներկայացուցիչներ, որոնց  կազմում են նաև Հայաստանից մեկնած  երկու անկախ փորձագետներ և  երկուական մասնագետներ են ՀՀ շրջակա միջավայրի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից։

Արցախում բողոքի ալիք է բարձրացել ՀԷԿ-երի կառուցման դեմ: «Քարվաճառն առանց ՀԷԿ-ի» հասարակական խումբը ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգում է. «160 կմ երկարությամբ արցախյան գլխավոր գետերն արդեն հոսում են խողովակաշարերի միջով։ Սրան զուգահեռ էլ  Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում կառուցվում են նորերը։ 

Խնդիրը հանրային ուշադրության արժանացնելու համար ավելի քան երկու շաբաթ է հացադուլ է հայտարարել Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը։ Վերջինս մի քանի օր առաջ միացավ Ստեփանակերտից մի բնակիչ ևս։ Երկու օր առաջ Քանանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ պայքարը շարունակելու է մինչև վերջ՝ մինչև իր պահանջները կատարվեն։ Իսկ պահանջը հստակ է․

«Արցախում, մասանավորապես, Քաշաթաղի և  Քարվաճառի շրջաններում  առկա փոքր ՀԷԿ-երի  քանակը վաղուց անցել է թույլատրելի սահմանը: Տեղի է ունենում բառիս բուն իմաստով տարածքի ոչնչացում: Չորացվում են ամբողջ գետային ավազանները: 30-40 կմ ձգվող գետերի վրա մինչև 15 ՀԷԿ են կառուցում, օրինակ, Քաշաթաղի շրջանում: Վերջին երկու տարիների ընթացքում հարյուրից ավելի անգամ ահազանգել եմ, սակայն ապարդյուն: Ես ստիպված եղա մարդկանց ուշադրությունը  խնդրին գրավելու համար   հացադուլ սկսել և պայմանները ողջամիտ ժամկետում չկատարելու պայմաններում նաև ստիպված եմ անցնել ջրադուլի»:

Անցած երկու շաբաթում Քանանյանի պահանջներից միայն մի մասն է կատարվել. Արցախի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է ՀԷԿ–երի շինարարական աշխատանքները։ Հացադուլ հայտարարած քաղաքացուն սա չի բավարարում․

«Այս պահի դրությամբ կատարվել է միայն  առաջին պայմանը ՝ դադարեցրել են մեկ շաբաթով շինարարական աշխատանքները։ Բայց նրանք պետք է  ոչ միայն ամբողջ շինարարական տեխնիկան դուրս բերեն շինգոտիներից, այլև առհասարակ ստանձնեն  հստակ քաղաքական պարտավորություն՝ այսուհետ Քարվաճառի շրջանում ոչ մի նոր ՀԷԿ չկառուցելու և այդ պահանջը վերաբերում է նաև տարածքում կառուցվող չորս ՀԷԿ–երին։ Դրանք նույնպես չպետք է կառուցվեն և ինչ–որ մի փուլում կիսատ կառուցածները ապամոնտաժվեն»։

Այսօր արդեն Քանանյանն ի վիճակի չէր խոսելու։ Նրա ընկերը մեզ տեղեկացրեց, որ ձայնը կտրվել է։

Արդյո՞ք Արցախի պատասխանատու օղակների հետ հարցի լուծման ուղղությամբ քննարկումներ լինում են. Քանանյանի ընկերը փոխանցեց, որ դեռևս որևէ որոշում չկա։

Այսուհանդերձ` Արցախի կառավարությունը հայտարարություն է տարածել ՀԷԿ-երի խնդրի ու Քանանյանի հացադուլի առնչությամբ, մասնավորապես նշելով․

«Հաշվի առնելով հարցի կարեւորությունը, անհրաժեշտ է համարում իրազեկել հանրությանը՝ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը նվազեցնելու եւ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

Այդ շրջանակներում է կառավարության կողմից սեղմ ժամկետում մասնագիտական, անկախ հանձնաժողովի ստեղծումը։

Կառավարությունն օրեր առաջ դիմել էր հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանին՝ հանձնաժողովի կազմում 3 անդամ առաջադրելու հարցով եւ սպասում է առաջարկների ներկայացմանը:

Ներկա պահին ՀԷԿ-աշինական բոլոր աշխատանքները դադարեցված են, և, ինչպես հայտարարվել է ավելի վաղ, աշխատանքները չեն վերսկսվի՝ մինչև մասնագիտական հանձնաժողովի համապատասխան եզրակացություն ստանալը:

Արցախի կառավարությունը մեկ անգամ ևս կոչ է անում Ալեքսանդր Քանանյանին և նրան միացած Մհեր Պողոսյանին դադարեցնել հացադուլը, չվտանգել առողջությունը և գործուն մասնակցություն ունենալ ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներին»։

Հայտարարությանն այսօր արձագանքել են նաև ՀԲՃ նախաձեռնության ներկայացուցիչները։ Նրանք օրերս մեկնել էին Արցախ՝ ի զորակցություն Քանանյանի։ Նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ըստ էության  հանձնաժողովի ստեղծումը չի կարող խնդիրը կամ  հացադուլ հայտարարած արցախցու պահանջը կատարել․

«Պետք է ինչ– որ քայլեր արվեն, որոնք կբավարարեն իրեն ՝ հացադուլից դուրս գալու համար։ Մենք ոնց հասկանում ենք , այդ հարցը սովետական հանձնաժողով ստեղծելով չի լուծվի, պետք է քայլեր արվի ՝ իր հետ  փոխհամաձայնության գալու ուղղությամբ»։

Բոլոր դեպքերում, տեղեկացնենք, որ այսօր արդեն ընթանում են  քննարկումներ՝ անկախ հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նրանց կազմում են նաև Հայաստանից մեկնած  երկու անկախ փորձագետներ և  երկուական մասնագետներ ՀՀ շրջակա միջավայրի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից։  Իսկ ահա Քանանյանը հույս ունի, որ  առաջիկա օրերին իրավիճակը վերջնականապես կհստակեցվի։ Սրա մասին նա գրառում է արել համացանցում` միաժամանակ նշելով, որ անկախ բանակցությունների արդյունքից,  իր բոլոր պահանջներն ուժի մեջ են։

Back to top button