Կայուն աշխատաշուկա ու բարձր վարձատրության դեպքում արտագնա աշխատանքի չեն մեկնի
Շիրակի մարզում արտագնա աշխատանքի մեկնողների թիվն ավելացավ երկրաշարժից ու երկրի անկախացումից հետո: Չփլուզված ձեռնարկությունները սեփականաշնորհվեցին, որոնց մեծ մասը աստիճանաբար քայքայվեց: Մայիսյան գյուղի երիտասարդները ապրուստը վաստակում են ոչ թե հող մշակելով, այլ արտագնա աշխատանքով:
Շիրակի մարզում գյուղ չկա, որտեղից արտագնա աշխատանքի մեկնողներ չլինեն: Միայն հող մշակելով տուն չեն կարող պահել: Շրջկենտրոններին ու Գյումրի քաղաքին մոտ գտնվող գյուղերի բնակիչները նախկինում աշխատել են հիմնարկ-ձեռնարկություններում, խոշոր արտադրական միավորումներում: Երկրաշարժից հետո կյանքը փոխվեց, իսկ անկախությունից հետո կանգուն մնացած ձեռնարկությունները սեփականաշնորհվեցին: Մայիսյան գյուղ մտնելիս, մայրուղուց քիչ հեռու նկատելի է 2 մեծ շինություն, հետաքրքրվեցի՝ ինչ կառույցներ են. ,,Մեխանիկական գործարանն է, կաթսայատունը: Մեխանիկական գործարանում սովետի ժամանակ աշխատում էր 110 մարդ, մեր արտադրանքը հասնում էր մինչև Ղազախստան,,:
Մեխանիկական գործարանն արտադրել է հաստոցներ, դետալներ, քարահատման սարքավորումների մասեր, երկաթյա տարբեր մեխանիզմներ: Գործարանի սեփականաշնորհումից հետո այն դադարել է աշխատել նախկին հզորությամբ, իսկ հիմա գրեթե անգործության է մատնված:
,,Մի հոգի է աշխատում, դետալ են բերում՝ տաշում է,, :
Հարևանությամբ գործել է նաև Գյումրի քաղաքի մի հատվածը ջեռուցող կաթսայատունը, ավտոպարկը: Գյուղի երիտասարդների մեծ մասն աշխատանք է փնտրում Ռուսաստանում:
,,Մեր տանից 4 տղաներս խոպան են գնում, որ չգնան, ինչով պետք է ապրենք, գյուղի աշխատանքով,,:
Բազմանդամ ընտանիքի հոգսը ուսերին 4 եղբայրն էլ Ռուսաստանում են, նրանցից 3 ամուսնացած է, ունեն երեխաներ, բոլորն էլ ապրում են նույն հարկի տակ: Խոպան գնալը նպատակային է, յուրաքանչյուրին առանձին տանիք է հարկավոր:
Ռուսաստանում եղբայրներն ունեն կայուն աշխատանք, օրինական աշխատանքային միգրանտի կարգավիճակ: Կրտսեր որդին վարորդ է և վարորդական իրավունքի վկայականը կորցնելու պատճառով մեկ ամիս առաջ վերադարձել էր և մի քանի օրից նորից մեկնել: Իմ այցի ընթացքում նա տանն էր:
Եթե աշխատանք լիներ գյուղում, մեխանիկական գործարանը աշխատեր, խոպան կգնայիք՝ հարցիս, պատասխանեց. կայուն աշխատանք ու բարձր աշխատավարձի դեպքում՝ չէ:
Բազմանդամ ընտանիքում խնդիրները շատ են, արտագնա աշխատանքի մեկնողների աշխատանքը՝ ծանր, իսկ ստացած աշխատավարձն էլ արժեզրկվում է ռուբլու ցածր փոխարժեքի պատճառով:
Խոպանին զուգահեռ հող են մշակում: Զրուցակիցներս հաշվարկեցին հողի մշակության ծախսերն ու հարկերը, արդյունքում ստացան նվազագույն ցուցանիշ, ապա ավելացրին՝ իզուր ծախսեր ենք անում, այնքան որ հողը դատարկ չմնա:
Ընտանիքի կրտսեր որդին 32 տարեկան է, ամուսնանալու նպատակ չունի, ասում է շատ խնդիրներ կան, լուծենք՝ հետո, դեռ հույսեր կան ու ժպտում է: Նրա ամուսնությամբ նույն հարկի տակ ապրելու է 5-րդ ընտանիքը: