ԿարևորՏեսանյութերՔաղաքական

Վերջնական որոշում ընդունողը ԼՂ ժողովուրդն է՝ արաբական հեռուստակայանին ասել է ՀՀ նախագահը (տեսանյութ)

arminegevorgyan

Լեռնային Ղարաբաղի բնակչությունն անվտանգ կարող է ապրել բացառապես Ադրբեջանի կազմից դուրս: Այս մասին համաարաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ որպես Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանի համար սա եղել և մնում է ամենակարևոր հարցերից մեկը։ Հանրապետության նախագահի հետ 53 րոպեանոց հարցազրույցը եթեր է հեռարձակվել նախօրեին։  

 

1988 թվականին, երբ  դուրս եկանք փողոց, բոլորիս  ցանկությունը մեկն էր, Արցախը պետք է    միանա  Մայր Հայաստանին, սակայն  խորհրդային կարգերի փլուզումից հետո իրավական տեսակետից ճշգրիտ լինելու  համար՝ Արցախում անցկացվեց հանրաքվե՝  ինքնորոշվելու ու  անկախ պետություն դառնալու օրակարգով. ԼՂ հակամարտության նախապատմության ու  կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների մասին  նախագահ  Սերժ Սարգսյանը խոսել է  համաարաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքի եթերում: Նախագահը շեշտել է, որ կարգավիճակի հարցում վերջնական որոշում կայացնողը լինելու է  Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ ելնելով ազգերի ինքնորոշման ու ազատ կամարտահայտության իրավունքի սկզբունքից, և  Ադրբեջանը պարտավոր կլինի հարգել այդ որոշումը:

Նախագահը զրույցի ընթացքում նկատել է, որ գուցե մեր տարածաշրջանն աշխարհագրական առումով լինելով ոչ շատ ընդարձակ, այնուհանդերձ, էական ազդեցություն ունի ավելի մեծ տարածաշրջանի վրա: Եվ այն հակամարտությունները, որ գոյություն ունեն մեր տարածաշրջանում, ի վիճակի են մեծանալու, ահագնանալու եւ սպառնալիք դառնալու Եվրոպայի, Ռուսաստանի, իհարկե, նաեւ Արեւելքի անվտանգության համար:  Նախագահը կարեւորել  է նաև  Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար: Սերժ Սարգսյանը անդրադարձել  նաև Հռոմի պապի Հայաստան այցին՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ  Պապն  իր այցով, ուղերձներով ևս համալրեց  տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը:

Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ Պապի կողմից Ցեղասպանություն եզրույթի հետ կապված ջղաձգումներին՝ նախագահը նշել է. «Պապը դեռեւս հոգեւոր առաջնորդ էր Արգենտինայում, երբ բազմաթիվ անգամ ցեղասպանություն է ասել։ Երբ նա տասնամյակներ շարունակ շփվել է այն մարդկանց հետ, ովքեր մազապուրծ են եղել ցեղասպանությունից կամ հանդիսանում են նրանց զավակները, ինչպե՞ս նա կարող էր այլ կերպ վարվել»,- ասել է նախագահը։

Սերժ Սարգսյանը հիշեցնելով Թուրքիայի  ժխտողական քաղաքականության մասին՝ շեշտել է՝ ցեղասպանությունը ոչ թե Թուրքիայի ժողովուրդն է իրագործել, այլ Թուրքիայի իշխանությունները՝ պետական ողջ ապարատը լծվել էր հայերին բնաջնջման գործին:

Մոտ մեկ ժամ տևած հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը խոսել է նաև  Ռուսաստանի հետ միավորված հակաօդային պաշտպանության ուժեր ստեղծելու համաձայնագրի մասին։  Վստահեցրել է, որ ռազմավարական  դաշնակցի հետ պաշտպանական նոր համակարգի ստեղծմամբ, երբ  երկրում տեղակայվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր հակաօդային համակարգեր, Հայաստանը կարող է միայն օգուտ քաղել։

Back to top button