ԿարևորՔաղաքական

Ամենահիշարժան քննարկումը՝ չկայացած քննարկումն էր

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

5-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորման օրվանից՝ 2012 թվականի մայիսի 31-ից, անցկացրել է 2 հերթական և  երկու արտահերթ նստաշրջան, երկուսն էլ կառավարության նախաձեռնությամբ: Եվս մեկ արտահերթ նստաշրջան, հրավիրված պատգամավորների կողմից, չի կայացել:

Ինչո՞վ առանձնացավ  5-րդ գումարման խորհրդարանի  աշխատանքը և ինչով տարբերվեց նախորդից:

«Քննարկումների որակական փոփոխություն կա: Քաղաքական բոլոր ուժերը փորձել են խորհրդարան բերել գիտակ ու փորձառու գործիչների և օրինագծերի քննարկումն այս առումով ավելի որակով է դարձել: Բնական է, երբ շատ կարծիքներ են հնչում, հնարավոր է լինում դրանցից լավագույնն  ընտրել: Չմոռանանք նաև, որ խորհրդարանում ընդդիմադիր սպեկտորն է մեծացել»,- ասում է խորհրդարանի բազմամյա պատգամավորներից Սուքիաս Ավետիսյանը, որը 95-ից եղել է  բոլոր գումարումների ԱԺ-ում:
Սակայն խորհրդարոնւմ մեծացել է ընդդիմադիր խմբակցությունների քանակը, բայց փոքրացել է ընդդիմադիր պատգամավորների թիվը:
3 ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 17 պատգամավոր: Արդյուքնում, ընդդիմադիրներին չի հաջողվել ընդունել որևէ նախաձեռնություն, իսկ շատ հաճախ նաև ՝ նախաձեռնած հարցը օրակարգ ընդգրկել:
Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը սա բնակա է համարում: «Բնական է, որովհետև  ընդդիմությունն էլ պետք է հասկանա, որ մինչև մեզ հետ չքննարկի իր նախաձեռնությունները, չի կարողանալու դրանք օրակարգ ընդգրկել: Սա փաստ է, որից որևէ մեկը չի կարող խուսափել»:

Սուքիաս Ավետիսյանից հետաքրքվեցինք, թե որն էր իր կարծիքով աշնանային նստաշրջանի ամենահիշարժան քննարկումը: Պարզվեց հիշաժրաժանը ոչ թե քննարկումը, այլ չկայացած քննարկումն է եղել:

«Հիշարժաններից մեկը , որ քաղաքական դաշտում կարծես թե նոր երևույթ է, մեծամասնության  բոյկոտն էր: Մեծամասնությունը, այո, բռնեց ու բոյկոտեց  փոքարամասնության  առաջարկած օրակարգով  արտահերթ նստաշրջանը»:

Պատգամավորը կարծում է, որ բոյկոտը ճիշտ էր։ «Ռադիոլուրի» այն հիշեցմանը, որ բոյկոտը փոքարամասնության զենքն է, հանրապետական պատգամավոը պատասխանեց. «Եթե փոքրամասնությունը փորձում է մեծամասնության հետ այդ զենքով խոսել, մեծամասնությունը շատ կարճ ու կոնկրետ կարողանում է պատասխան տալ»:

Խոսքը, հիշեցնեմ նոյեմբերի 21-ին ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի մասին է, որի օրակարգում Ընտրական օրենսգրքում  փոփոխություններ կատարելու Հայ ազգային կոնգրեսի  առաջարկներն էին: Այն  չկայացավ քվորում չապահովելու  պատճառով, ու  նաև շարունակություն ունեցավ:
Նիստի տապալման հարցը ՀՅԴ-ն  Ազգային ժողովի էթիակայի հանձնաժողովի, իսկ ՀԱԿ-ը Սահմանադրական դատարանի քննության  առարկա դարձրեց:

Վերադանալով ամփոփումներին՝  փորձենք անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանից պարզել, թե որն էր աշնանային նստաշրջանի ամենահիշարժան քննարկումը:

«Ամենահետաքրքիրը , կարծում եմ , Օսկանյանին անձեռնմխելությունից զրկելու քննարկումն էր։ Բուռն քաղաքական քննարկում տեղի ունեցավ, իսկ օրենքներից, թերևս, բյուջեն, ԱԺ կանոնակարգը. այն հարցերը, որոնք վիճահարույց են եղել տարբեր ուժերի համար»:

Հոկտեմբերի 2-ին  խորհրդարանը  ձայների 64  կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ , հիշեցնեմ,  համաձայնություն տվեց գլխավոր դատախազի միջնորդությանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար  Վարդան Օսկանյանին  անձեռնմխելիությունից զրկելու և քրեական գործում որպես  մեղադրյալ  ներգրավելու հարցի վերաբերյալ:
Նա մեղադրվում է բարեգործական նպատակներով «Սիվիլիթասին» տրամադրված դրամական միջոցները յուրացնելու մեջ:

Վերադառնալով ԱԺ աշնանային նստաշրջանին՝ նշենք, որ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ օրենսդիրի աշխատանքն այս ժամանակահատվածում բավականին բուռն էր:

Նույն գնահատակնը մեզ հետ զրույցում հայտնեց նաև ԲՀԿ խմբակցության քարտուղարը: Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց,որ խորհրդարանում ավելի հետաքրքիր է դարձել աշախատելը և Ազգային ժողովը վերածվել է քաղաքական հարթակի:
Չնայած հանգամանքին, որ ընդդիմադիր խմբակցությունների և որևէ օրինագիծ չի ընդունվել այս նստաշրջանի ընթացքում, այդուհանդերձ Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ կառավարություն-ԱԺ փոխհարաբերությունները փոխվել են ՝ հօգուտ խորհրդարանի:

«Այս խորհրդարանում օրինագծերը չեն ծնվում դատարկ դահլիճներում, կառավարությունից ստացված գրություններով: Մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում խորհրդարանն իր հստակ անհամաձայնությունն է հայտնում այս կամ այն հարցի վերաբերյալ: Ճիշտն ասած, ես նախկինում դեպքեր չեմ հիշում, երբ կառավարությունն այսքան նեղն ընկներ Ազգային ժողովում»:

 

Թողնել պատասխան

Back to top button