Սիրահայերի խնդիրները Հայաստանում, նաեւ՝ Սիրիայում


Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
Աշխատանք, ու հատկապես բարձր վարձատրվող աշխատանք գտնելը սիրիահայերի համար լուրջ խնդիր է համարում Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնի ղեկավար Լենա Հալաջյանը: Նրա խոսքով` սիրիահայերը դժվարություններ ունեն բնակարանների վարձերը վճարելու առումով:
Կենտրոնին շատերը դիմում են կեցության հետ կապված հարցերով: Ամռանը ժամանակավոր Հայաստան եկած մեր հայրենակիցներն այսօր նաև ձմեռային հագուստի կարիք ունեն:
Կենտրոնում, որը մոտ երկու ամիս առաջ ստեղծվել է Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, գրանցված է շուրջ 1500 ընտանիք: Բայց իրականում այս թիվն ավելի մեծ է, ասում է Լենա Հալաջյանը, տարբեր տվյալներով` մոտ 2 հազար ընտանիք: Գրանցումից շատերը խուսափում են` համարելով այն նվստացուցիչ, բայց դա այդպես չէ, ընդգծում է կենտրոնի տնօրենը։
Սկզբնական շրջանում սիրիահայերի խնդիրները կապված էին անձնագրերի, վիզաների, կեցության իրավունքի տրամադրման հետ, սեպտեմբերից դրանց ավելացան կրթության հետ կապված հարցերը: Մի շարք օրենքներում կատարված փոփոխությունները լուծեցին փաստաթղթային խնդիրները: Փակված կարելի է համարել նաև երկրորդ խնդիրը։
Այսօր կենտրոնին հաճախ դիմում են բնակարանների վարձերի խնդիրներով: Կարիքավոր շուրջ 350 ընտանիքի բնակարանի 3 ամսվա վարձը` հոկտեմբերից մինչև դեկտեմբեր, վճարել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը` յուրաքանչյուր ընտանիքի տրամադրելով 60 հազար դրամ:
Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնում ակտիվորեն զբաղվում են աշխատանքի տեղավորման հարցերով: Դիմել են առաջին 300 հարկատու ընկերություններին։
Ամռանը ժամանակավորապես Հայաստան եկած շատ սիրիահայեր այսօր ձմեռային հագուստի խնդիր ունեն: Այս հարցում աջակցում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը: Մեծահասակաների համար 55, մինչև 14 տարեկանների համար 35 հազար դրամ արժողությամբ կտրոններ է տրամադրել 200 անձի` տարբեր խանութներից ձմեռային հագուստ ձեռք բերելու համար:
«Տիրամայր Հայաստանի կուսաստան» հասարակական կազմակերպությունը երկուշաբթի սիրիահայերին կփոխանցի 300 կտոր ձմեռային հագուստը: Հայաստանի միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամը նախատեսում է շուրջ 200 ընտանիքի 5000 դրամ արժողությամբ կտրոններ տրամադրել` սնունդ ձեռք բերելու համար: Այս օերերին արդեն կսկսեն բաժանել:
Լենա Հալաջյանի խոսքով` առավել մեծ աջակցության կարիք զգում են Սիրիայում մնացած հայերը: Հայտարարված օգնությունները շատ են, բայց դրանք չեն ծածկում կարիքի 20 տոկոսն անգամ: Սիրիահայերի անունից նա շնորհակալություն է հայտնում երկրից նախագահից մինչև շարքային քաղաքացի` գրկաբաց ընդունելու և աջակցելու համար: