
2026 թվականի ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40 սմ-ով։ Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ հավելելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ լճի մակարդակը ցածր է։


«Այս տարի, նախորդ տարվա համեմատ, 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը գրեթե 100% է։ Այսինքն՝ Ախուրյանի, Ազատի, Մարմարիկի և Ապարանի ջրամբարներում լցվածությունը 100 տոկոսի է հասնում, իսկ Արփի լճում՝ 91 տոկոսի։ Նախորդ տարվա հետ համեմատած՝ Սևանա լճում այս պահին բացասական 6 սանտիմետրի տարբերություն ունենք, չնայած որ լցվածությունը բավականին արագ էր, և վերջին 10 տարվա ընթացքում մենք նման արագ տեմպերով լցվածություն Սևանա լճում չենք ունեցել։ Հետևաբար, ուսումնասիրելով տվյալները՝ կարող ենք պնդել, որ մինչև այս ամսվա վերջ արդեն Սևանի մակարդակը կհասնի նախորդ տարվա ցուցանիշին»։




