Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Հայաստանի կառավարման ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ Սյունքիում այսօր ծանոթացել է Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին։
Հայ և իրանցի պաշտոնյաները համոզված են, որ շինարարությունը մինչև տարեվերջ կավարտվի։ Այս համագործակցությունը, դեսպանի խոսքով, կարող է օրինակ լինել տարածաշրջանի համար:
Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը մինչև տարեվերջ կավարտվի՝ ասում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Թեև շինարարությունը սկսվել է դեռ 17 տարի առաջ՝ 2006-ին, սակայն փաստացի աշխատանքները, ըստ Հակոբ Վարդանյանի, սկսվել են 2015-2016 թվականներին։
Հակոբ Վարդանյան. «Մինչև 2018 թվականի փետրվար-մարտ ամիսների վերակնքումները ընդհանուր ծավալից 1-2 տոկոս աշխատանք էր կատարված: Իրականում 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներից են սկսվել լայն թափով աշխատանքները։ Այդ ընթացքում կորոնավիրուսի համավարակի, պատերազմի հետևանքով որոշակի դանդաղումներ եղել են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Հայաստանի կառավարման ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու ոլորտի այլ պատասխանատուների հետ Նորավան բնակավայրում քննարկում են Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման մանրամասները։ Կառույցի պատվիրատուն Հայաստանն է, վարկը տրամադրել է Իրանական արտահանման զարգացման բանկը, կապալառուն իրանական «Սամիր»-ն է, որը որոշակի ֆինանսական խնդիրներ է ունեցել հողերի ձեռք բերման, անտառհատումների հետ կապված: Հայկական կողմի վստահեցմամբ՝ խոչընդոտների 90 և ավելի տոկոսն արդեն հաղթահարված է։
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նույնպես հավաստիացնում է՝ խնդիրները լուծվել են և աշխատանքներն ավելի արագ տեմպերով են ընթանում։
Աբբաս Բադախշան Զոհուրի․ «Հայաստանը մեզ համար շատ կարևոր հարևան ու բարեկամ երկիր է: Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար: Բարեբախտաբար, վերջին շրջանում երկու երկրների միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հետ կապված։ Բնական է, այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են պայմաններ՝ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիա և Իրանից դեպի Հայաստան գազի մատակարարելու համար: Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև համատեղ համագործակցությունները կարող են օրինակ լինել տարբեր ուղղություններով տարածաշրջանում եռակողմ համագործակցությունների համար»:
Երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո փոխհոսքի հնարավորությունները ներկայիս 340 մեգավատտի փոխարեն դառնալու են ժամում 1200 մեգավատտ: Իսկ դա, ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի, նշանակում է, «որ Հայաստանը տարեկան մինչև 7-7.5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն կունենա, եթե էլեկտրաէներգետիկական ռեժիմները դասավորվեն ամենաիդեալական վիճակում: Միջինում մինչև 5.5-6 մլրդ կվտ/ժ հնարավոր կլինի արտահանել»։
Ենթակայանի աշխատանքները քննարկելուց հետո ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դեսպանին առաջարկում են ծանոթանալ Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների շինարարությանը՝ անցնելով կառուցվող ճանապարհով։ Աշխատանքների հիմնական մասն ավարտված է, կառուցվող ճանապարհները կստանան հանրապետական նշանակության կարգավիճակ:
Գնել Սանոսյան. «Լծեն-Շամբ ճանապարհը շուրջ 6 կմ է, Տաթև-Լծենը՝ 20 կմ: Շամբ-Լծենում 6 կմ-ից 5 կմ-ն ասֆալտապատ է, 1.2 կմ-ը նախապատրաստման փուլում է, առաջիկայում կասֆալտապատենք: Իսկ Տաթև-Լծենի 20 կմ-ից շուրջ 19 կմ-ը ասֆալտապատ է, մյուս հատվածներում խիճը տեղադրված է, բոլոր տեսակի մեքենաների համար անցանելի է։ Ուրախությամբ նշեմ, որ մեր շատ հայրենակիցներ, որոնք տեղյակ են, որ ճանապարհը անցանելի է գրեթե բոլոր մեքենաների համար, երբեմն սկսել են այս հատվածով երթևեկել»:
Նախարարը դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրուն Սյունիք կատարելիք հաջորդ այցին հրավիրեց ծանոթանալ Մեղրի-Երևան միջպետական Մ2 ճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող հատվածին․ հենց այստեղով անցնելիս են իրանական բեռնատարները խնդիրներ ունենում։