ԿարևորՀասարակություն

Կարսի պայմանագրից մինչև նոյեմբերի 9-ի հայտարարություն․ 100-ամյա դասեր

Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվում է երկօրյա միջազգային գիտաժողով՝ «Հայաստանը և տարածաշրջանը․ դասեր․ արժևորումներ, հեռանկարներ» խորագրով: Նպատակն է տասնամյակների հեռվից հայացք գցել անցյալին,  տեսնել պատմական սխալները, որոնք կրկնվում են նաև այսօր, և հասկանալ, թե որոնք են դիմակայման եղանակները։

100 տարի առաջ՝ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական և հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրով, առանց որևէ կրակոցի, Կարս բերդաքաղաքը հանձնվեց Քեմալական Թուրքիային։ Պատմական Հայաստանի տարածք Նախիջևանը միացավ Ադրբեջանին, իսկ ամիսներ անց թուրքերն առաջացան դեպի Արարատ՝ պահանջելով Արարատի շրջանը։ Մի քանի տեղանուններ փոփոխելով՝ այս նույն նախադասությամբ կարելի է նկարագրել նաև 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ 100 տարի առաջ կնքված Կարսի և Մոսկվայի պայմանագրերի շուրջ քննարկում է ՀՀ ԳԱԱ-ում․ միջազգային գիտաժողովն ընթանում է «Հայաստանը և տարածաշրջանը․ դասեր․ արժևորումներ, հեռանկարներ» խորագրով։

«Զուգահեռներ ենք ուզում անցկացնել այսօրվա իրավիճակի հետ և հասկանալ, թե ինչպես է 100 տարի անց պատմությունը կրկնվում։ 100 տարի առաջ էլ Ադրբեջանը իր շահերը համաձայնեցրել էր Թուրքիայի հետ, առհասարակ Թուրքիան էր ներկայացնում Ադրբեջանի շահերը, իսկ Հայաստանը հայտնվել էր դիվանագիտական մեկուսացման մեջ։ Նման իրավիճակ էր, ցավոք սրտի, 2020 թվականին, և մոտավորապես կարելի է պատմական տեսանկյունից կռահել, թե ինչու պատերազմն այդպիսի վախճան ունեցավ, և գոնե 100 տարի հետո սխալները չկրկնելու խնդիր ունենք»,-ասում է Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

Աշոտ Մելքոնյանը զուհգահեռներ է անցկացնում 1921 և 2021 թվականների միջև։ Կարսի և Մոսկվայի պայմանագրերից հետո Թուրքիայի նկրտումները մեծացան այնպես, ինչպես արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանինը։ Ադրբեջանցի զինվորները մայիսից Գեղարքունիքում և Սյունիքում են․

«Սահմանների հետ կապված՝ այն ժամանակ էլ այլ խնդիրներ առաջացան, թուրքերը պահանջում էին Արարատի վարչական շրջանը միացնել արդեն իրենց կցված Նախիջևանին, բայց գոնե այս հարցում խորհրդային Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչ Յակով Գանեցկին մեզ պաշպանեց,  և դա տեղի չունեցավ»,-ասում է ակադեմիկոսը։

«Ուսումնասիրելով 100 տարվա ընթացքում տեղի ունեցածը՝ կարելի է փաստել, որ տարածաշրջանում այժմ պայքար է գնում նոր ստատուս քվոյի համար»,-ասում է ԳԱԱ-ի ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը․

«Այս իրավիճակը ստեղծվեց, երբ Ռուսաստանը ռազմավարական բնույթի սխալ գործեց, երբ 2020 թվականի գարնանն ու ամռանը չխոչընդոտեց Թուրքիային, որը վարձկաններ ու զենք էր տեղափոխում Ադրբեջան։ Այս առումով նմանություն կա 1920-1921 թթ․-ի հետ, այսինքն, Ռուսաստանը այլևս միայնակ չի տնօրինում տարածաշրջանը և կրկին ստիպված է համագործակցել Թուքրիայի հետ ու միաժամանակ պայքարել նրա դեմ»,-ասում է Ռուբեն Սաֆրաստյանը։

Ակադեմիկոսի խոսքով, սակայն տարածաշրջանում խաղացողների տեսանկյունից իրավիճակը նույնը չէ, ինչ 100 տարի առաջ։ Եթե 1921-ին տարածաշրջանում երկու թելադրող կար՝ Թուրքիան և Ռուսաստանը, ապա այսօր միացել է նաև Իրանը, որը 44-օրյա պատերազմի օրերին իներտ քաղաքականություն էր վարում, իսկ այժմ տեսնելով վտանգը՝ ակտիվորեն ներգրավվում է տարածաշրջանային զարգացումների մեջ։ Սաֆրաստյանի գնահատմամբ, Հայաստանի հնարավորություններն այսօր ավելի մեծ են, քան 100 տարի առաջ։  «Արտաքին քաղաքականության հարցում ճիշտ դիրքորոշում ստանձնելու և զինված ուժերը վերականգնելու խնդիրներն առաջնային են»,-նշեց ակադեմիկոսը։

Ի՞նչ պետք է անենք այսօր ու վաղը, որպեսզի իրավիճակ փոխենք․ այս մասին խոսեց խոսեց պ․գ․թ․ Լևոն Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ համահայկական ներուժը պիտի ուղղվի համակարգեր և օգտագործվի՝ տարբեր ոլորտներում հավասարաչափ զարգացում ապահովելու համար․

«Արցախի Հանրապետության և ՀՀ քաղաքացիներն այսօր պարտավոր են ձևավորել սեփական կարևոր առաքելության վրա հիմնված գիտակցություն։  Խնդիր ունենք արմատապես փոխելու հասարակության ներքին կառուցվածքը։ Երկու կարևորագույն խնդիրների լուծման պիտի հասնենք՝ առաջինը Հայաստանն արտագաղթող երկրից վերածենք ներգաղթող երկրի, և երկրորդը՝ ձևավորենք քաղաքացի, որը հետամուտ կլինի սեփական իրավունքներին, որովհետև միայն այդպիսի քաղաքացիներից ձևավորված հասարակությունն է ի վիճակի պաշտպանել հայրենիքը»,-ասում է Լևոն Մկրտչյանը։

ԳԱԱ-ի նախագահ Աշոտ Սաղյանն էլ, անդրադառնալով վերջին հարյուրամյակի պատմությանը՝ առանձնացրեց երկու կարևոր ոլորտ, որոնք պետք է հատուկ ուշադրության արժանանային․ գիտություն-տնտեսություն կապը, որն այդպես էլ չհաստատվեց, և ռազմարդյունաբերությունը։ Ըստ պատմաբանի՝ բացթողումներն այս ոլորտներում ճակատագրական եղան։

Պատմությունը կրկնվում է, բայց կա սխալներն ուղղելու հնարավորություն․ հուսադրող այս միտքը կարմիր թելի նման անցնում էր օրվա բանախոսների ելույթներով։ Պատմաբանները կարծում են, որ շրջահայացորեն սխալներից դասեր քաղելով ու տևական և նվիրված աշխատանքով հնարավոր է անել այնպես, որ 100 տարի անց այսօրվա պատմությունը չկրկնվի։

Back to top button