ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս են խրախուսվում պահանջարկ չունեցող մասնագիտությունները․ ամփոփվել են դիմորդների հայտագրման ցուցանիշները

Ավարտվել է դիմորդների՝ բուհեր հայտագրման առաջին փուլը։ Երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 26-ից և կտևի մինչև հուլիսի մեկը։ Այդ ընթացքում դիմելու իրավունք ունեն մինչև հուլիսի 31-ը զորացրվող տղաները, օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ այն քաղաքացիները, որոնք ավարտում են օտարերկրյա ուսումնական հաստատությունները։

Երևանի պետական համալսարանը շարունակում է մնալ առաջատար բուհը Հայաստանում։ Այս տարի էլ համալսարան դիմողների թիվը նախորդ տարիների համամետ ավելացել է։ Եթե նախորդ տարի դիմել էր 2873 դիմորդ, ապա այս տարի նրանք 3159 են։ Ընդունող հանձնհաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ հետաքրքրությունը որոշ կրթական ծրագրերի նկատմամբ է ավելացել։ Մասնագիտություններից բացի գրավիչ է նաև 6 կրթական ծրագրերով տարկետման իրավունքի հնարավորությունը։ Անվճար համակարգում սովորող տղաները կարող են օգտվել այս հնարավորությունից․

«Այսինքն անվճար համակարգ ընդունված արական սեռի դիմորդն ընդունվելուց հետո ինքը 4 տարի տարկետման իրավունք է ստանում։ Բայց պետք է դիմորդն իմանա, որ տեղափոխության կամ վատ սովորելու դեպքում ինքը կորցնում է տարկետման հնարավորությունը։ Եվ ըստ գործող կարգերի՝ տարկետումով սովորող ուսանողները չեն օգտվում 12 կրեդիտ առարկայական պարտքի վերահանձնման հնարավորությունից։ Ռոտացիայի ենթարկվելու դեպքում տարկետման հնարավորությունը չեն կորցնում»։

Երևանի պետական համալսարանն այս տարի կընդունի ադրբեջանագիտությություն թուրքական ծրագրով առաջին դիմորդներին։ 5 անվճար, 25 վճարովի տեղերի համար դիմել է 24 հոգի, ասում է զրուցակիցս։ Ապագայում թվի ավելացման ակնկալիքներ կան․

«Դիմորդների թիվը 24-ն է։ Առաջին տարվա համար վատ թիվ չէ, տեսնենք հետո ինչպես կզարգանա իրավիճակը»։

Դիմորդների հետաքրքրվածությամբ երկրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է։ Բուհն առկա բակալավրիատի 11 մասնագիտություններով 1195 տեղի համար հայտարարագրել է 1669 դիմորդ։ Նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվն ավելացել է 12.8 տոկոսով, ասում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը․

«Այս տարվա դիմորդների շրջանում բավականին մեծ է հետաքրքրությունը մասնավորապես առաջին 5 մասնագիտությունների գծով։ Առաջինը բուժական գործ, երկրորդը կառավարում 327 դիմորդ, ֆինանսներ, իրավագիտություն, տնտեսագիտություն՝ 276։ Իսկ տասնյակի մեջ են մտնում հաշվապահական հաշվառումը և շուկայաբանությունը»։

Բուհում մրցակցությունն այս տարի մեծ է լինելու։ Ըստ Գրիգոր Նազարյանի՝ գրեթե բոլոր մասնագիտությունները 30 և ավելի տոկոսով համալրված են։ Միայն քիչ է հետաքրքրությունը բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտության գծով։ Այս տարի ևս այդ մասնագիտությամբ սովորելու համար, ինչպես անցած տարի, դիմել է ընդամենը մեկ դիմորդ․

«Այստեղ պետք է հաշվի առնենք, որ դիմորդների մի մասն արդեն իսկ առաջին փուլով հունվարփետրվարին քննություն են հանձնել։ Ու կարծես որոշակի տոկոս, դիմորդների մեկ երրորդից ավելին գնահատականները պահպանում են։ Կան դիմորդները, որոնք որ պահպանում և հանձնում են, ինչը է՛լ ավելի բարձր մրցակցային միավորների է բերելու։ Ակնկյալում ենք, որ այս տարի բավականին լավ ուսանորևղներ մենք կունենանք»։

 Համալսարանի նկատմամբ հետաքրքրությունը զրուցակիցս համարում է իրենց վարած քաղաքականության արդյունք։ Համալսարանի կողմից իրականացվող կրթական ծրագրերը մշտապես վերափոխվում, մշակվում են գործատուների հետ համատեղ։ Բուհը կրթում է աշխատաշուկայում պահանջված մասնագիտություններ, ասում է բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը․

«Օրինակ՝ անցյալ տարի մենք տնտեսագիտություն և ֆինանսներ մասնագիտությունների կրթական ծրագրերն ամբողջությամբ փոխել ենք կենտրոնական բանկի որակի ապահովման ազգային կենտրոնի փորձագետների և համալսարանի փորձագետների հետ համատեղ։ Այս տարի աշխատանքները շարունակվում են վիճակագրություն, տարրական ֆինանսական մաթեմատիկա, տեղեկատվական համակարգեր, կառավարում մասնագիտությունների գծով»։

Հայկական պետական մանկավարժական համալսարանում նախորդ տարվա համեմատ ցուցանիշները բարելավվել են։ Այս տարի դիմել է 775 դիմորդ։ Նախորդ տարվանից 52-ով ավել։

Նույնիսկ որոշ մասնագիտությունների գծով մրցակցություն կա։ Հոգեբանություն, պարարվեստ, բանասիրություն, գործիքային կատարողականություն։ Սրանք ամենապահանջված մասնագիտություններ են, ասում է համալսարանի ուսումնական հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։ Սրան հակառակ նվազում է բնագիտամաթեմատիկական մասնագիտություններով հետքրքրվողների թիվը։ Սակայն բուհն այդ տեղերը համալրելու քայլեր է մշակել։ Նախագիծը կառավարության օրակարգում է․

«Եթե հաստատվի, մյուս տարի մենք բնագիտական մասնագիտություններով դիմորդների համալրման հարցը կլուծենք։ Նախատեսվում է, որ այդ մասնագիտություներով ընդունվողներն անվճար համակարգի առաջին կուրսում 70 հազար դրամ կրթաթոշակ են ստանալու՝ 5000-ի փոխարեն։ Իսկ երկրորդ կուրսում, ՄՈԳ-ի բարձր լինելու դեպքում, 77.000 ամսական կրթաթոշակ կստանան։ Ես համարում եմ, որ դա մեծ խթան կարող է հանդիսանալ, որպեսզի հատկապես մարզային շրջանավարտները կարողանան այդ մասնագիտությամբ կրթություն ստանալ»։

 Համալսարանում կան նորություններ։ Այս տարվանից կգործեն նոր մասնագիտություններ կրկնակի որակավորումներով։ Այստեղ հաշվի է առնվել դպրոցներում բնագիտական մասնագետների սակավությունը, ասում է ուսումնական հարցերով պրոռեկտորը․

«Մաթեմատիկա-ֆիզիկա, մաթեմատիկա-ինֆորմատիկա, կենսաբանություն-քիմիա և աշխարհագրություն-բնագիտություն։ Սա պայմանավորված էր նրանով, որ երբ ինֆորմատիկա մասնագիտությամբ շրջանավարտը մտնում էր դպրոց, դպրոցում քիչ էին լինում ժամերը։ Այսինքն ՝ ինքը մոտիվացված չէր լինում գնար ինֆորմատիկայի ուսուցիչ աշխատեր 6-7 ժամով։ Էն դեպքում, երբ որ այդ մասնագիտությամբ ինքն այլ ցանկացած կազմակերպությունում ընդունվի աշխատանքի, հաստատ ավելի բարձր ախատավարձ կստանա։ Իսկ եթե կենսաբանություն-քիմիա որակավորմամբ է մտնում դպրոց, ապա դա շահավետ է և՛ իր համար, և՛ դպրոցի»։

 Պատկերը մտահոգիչ է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Այս համալսարանը շարունակում է մնալ քիչ պահանջվածների շարքում։ Այստեղ այս տարի նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը պակասել է։ Այս տարի 750 տեղի համար դիմել է 167 դիմորդ նախորդ տարվա 192 դիմորդի փոխարեն։ Պատկերը բարելավելու նպատակով առաջարկվող նախագծով Ագրարային համալսարան ընդունվող յուրաքանչյուր ուսանող կստանա դարձյալ 70 հազար դրամ կրթաթոշակ։ Առաջադիմությամբ պայմանավորված գումարի չափը կբարձրանա, ասում է համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը․

«Բացի տնտեսագիտական մասնագիտություններով սովորողներից, այն տարածվելու է բոլորի վրա, անկախ վճարովի, թե անվճար համակարգով է ընդունվել։ Ագրարային համալսարանում գյուղական վայրերից պետք է լինեն հիմնական ուսանողները։ Մենք ուզում ենք հնարավորություն տալ, որ գյուղական բնակավայրում ապրողները կարողանան գյուղատնտեսության ոլորտի կրթական ծրագրերն ուսումնասիրեն՝ չունենալով կենցաղային դժվարություններ»։

Ագրարային համալսարանով քիչ հետաքրքվողներին հակառակ, աշխատաշուկայում մեծ է ագրարային ոլորտի որոշ մասնագետների պահանջարկը։ Ներդրողները հարցը փորձում են լուծել դրսի մասնագետների օգնությամբ։

Back to top button