ԿարևորՀասարակություն

Կավի Երևանից քարի Երևան․ սեր, որ քաղաք կառուցեց

145 տարի առաջ ծնված Ալեքսանդր Թամանյանն ամեն օր մայրաքաղաքում ներկա է։ Բոլորիս համար կառուցած Երևանն առաջին հերթին հենց նրանն է։ Հայ նոր ճարտարապետության հիմնադրի խիտ կենսագրությունը կրկին հիշելու, մեծարելու, գնահատելու համար այսօր նրա արձանի մոտ հավաքվել են երևանցիներ և ոչ միայն։ «Ռադիոլուր»-ը փորձել է ամփոփել՝ ինչպես են հիշել Թամանյանին 3 տարբեր ժամանակներում և ինչքան է փոխվել Երևանն այդ ընթացքում։

Այսօրվա Երևանը սկսվեց ոչ թե այն հեռավոր ժամանակներում, երբ «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց», այլ 1920-ականներից, երբ Ալեքսանդր Թամանյանը սկսեց երևանյան կավի ճարտարապետությունը քարի ճարտարապետություն դարձնել։ Նա, ով կյանքի առաջին 40 տարիներին չէր տեսել Հայաստանը, այսօրվա Երևանն առաջինը տեսած մարդը դարձավ՝ սկզբում՝ իր մտքում։ 145 տարի առաջ ծնված Թամանյանին երկրպագել են բոլոր ժամանակներում։

Թամանյանի կյանքի դիմանկարները

1987 թվական, Օպերայի և բալետի թատրո, հայ նոր ճարտարապետության հիմնադրի 100-ամյակին նվիրված միջոցառում։

«…Սիրելի վարպետ, քո կառուցած այս հսկա շքեղազարդ դահլիճը շատ է փոքր տեղավորելու համար քո բոլոր երկրպագուներին…»։

Այս միջոցառումը մենք «տեսնել» կարող ենք Հանրային ռադիոյի արխիվում՝ «Ոսկե ֆոնդում» գտնվող ձայնագրության միջոցով։

«Թամանյանը ոչ միայն լավագույնն էր նոր ժամանակների հայ ճարտարապետների մեջ, այլև երջանկագույնը այն պատճառով, որ նրան բախտ վիճակվեց ապրել ու ստեղծագործել մի ժամանակ և մի երկրում, որտեղ կառուցում էր ոչ թե մի մարդ, այլ մի ամբողջ ժողովուրդ, ոչ թե մի օր ու մի ամիս, այլ տարիներ ու տասնամյակներ, ոչ միայն սոսկ մի տուն, գյուղ ու քաղաք, այլ մի հզոր երկիր ու պետականություն»,- ասել է Գևորգ Էմինը։

45 տարի առաջ Երևանը դեռ այնպիսին էր, որ միջոցառման ներկաներն այն հիմնադիր-ճարտարապետին ցուցադրելու անիրականանալի ցանկություն ունեին։

«Փառք քարաշատ մեր Հայաստանին, որտեղ շատ քարեր կան, և սակայն համարյա ոչ մի անգրագետ քար չկա, և որոնցից որին ու երբ էլ հարցնես, պատմելու է Թամանյանի անմահ գործի ու փառքի մասին»։

2007-ին Տիգրան Խզմալյանը ներկայացրեց Թամանյանի կյանքին նվիրված «Երևանի գլխավոր գաղտնիքը» ֆիլմը։ Գաղտնիքը սերն էր։ Ֆիլմը պատմում էր այն մասին, որ Երևանն այսպիսինն է Թամանյանի՝ կնոջ նկատմամբ ունեցած սիրո շնորհիվ։ Ասում է՝ Կամիլլա Էդվարդսի սերն է «ստիպել» որ քաղաքը ազատ ու սրտաբաց, զարդանախշ ու արևկող լինի։ Հեղինակը «Ռադիոլուր»-ին պատմում է՝ ֆիլմը ստեղծվել է ամուսինների մի լուսանկարի շնորհիվ։

«Ինձ համար Թամանյանը մի ծերունու արձան էր, գումարի վրա լուսանկար էր և էլ ոչինչ, առասպել։ Բայց ես հանկարծ տեսա մի կենդանի մարդու, որը սիրահարված է, և մի գեղեցկուհու դեմք, որ նայում էր նրան այնպիսի սիրով ու հիացմունքով, որ որոշեցի պարզել՝ ինչ պատմություն է այդ ամենի հետևում»։

45 տարի առաջ մարդիկ վստահ էին, որ Երևանի ամեն քար Թամանյանի մասին է։ Այսօրվա Երևանը նմա՞ն է Թամանյանի նախագծածին, սերը Երևանի քարերից դեռ չի՞ կորել։ Խզմայլանն ասում է՝ 3 Երևան է ճանաչում, երրրորդը առաջինից խիստ տարբեր։

«Մեկը թամանյանական Երևանն է, որը պահպանվել է կենտրոնում, գծագրերի մեջ, և դեռևս պահպանվել է քաղաք-պատեզ գաղափարի մեջ, որը դրվել էր Երևանի հակագծում- ասում է Խզմալյանը և հավելում՝ երկրորդը 60-ականներին կառուցվող Երևանն էր։- Ես հիշում եմ այն Երևանը, որը կառուցվում էր, ծաղկում էր ու փոխում էր ոչ միայն քաղաքի, այլև քաղաքակրթության դեմքը, Սայաթ-Նովա փողոցն էր կառուցվում, որը կապեց Երևանի կենտրոնը արվարձանների հետ և կտրուկ փոխեց Երևանի քաղաքակրթական դեմքը։ Եվ տեսնում եմ երրորդ Երևանը, որը վերակառուցվեց մի շարք մարդկանց կողմից, ովքեր եկել էին Երևան դրսից և չէին սիրում Երևանը, որոնք խորթ էին Երևանում, որոնց Երևանը չէր ընդունում։ Եվ այն գեղագիտական ավերակները, որ հիմա տեսնում ենք, մահափորձ են Երևանի դեմ»։

«Այդ մարդը լեգենդ է, Ալեքսանդր Թամանյանին Հայաստանի 20-րդ դարի պատմության մեջ և մասնավորաես մեր ճարտարապետության պատմության մեջ դիտարկում են որպե լեգենդ, որպես նահապետ, որպես մարդ, որի ասածներով պիտի ղեկավարվեն բոլոր ճարտարապետերը, նույնիսկ նրանք, ովքեր չեն կիսում Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական սկզբունքները»,- Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանն է ասում։

Նրա խոսքով՝ Թամանյանը խիտ ու շքեղ կենսագրություն ունի, բայց մենք այդ կենսագրությունը մասամբ ենք ճանաչում։

«Մակերեսորեն գիտենք Թամանյանի գործունեությունը Առաջին հանրապետության ժամանակ, մենք գրեթե ոչինչ չգիտենք, թե ինչ գործունեություն է ծավալել Թամանյանը Պարսկաստանում, երբ Հայաստան եկան բոլշևիկները, և ինքը ստիպված էր Առաջին հանրապետության ամբողջ կառավարության հետ միասին գաղթել, և սովետական շրջանի Թամանյանի՝ որպես պետական գորչի մասին քիչ բան գիտենք։ Իսկ նա, ըստ իս, իհարկե մեծ պետական գործիչ էր։ Մենք անընդհատ փորձումենք սահմանափակել ճարտարապետությամբ, այնինչ Թամանյանի ժառանգությունն, իհարկե, շատ ավելի մեծ է, քան ուղղակի ճարտարապետությունը»։

Մարկ Գիգորյանին ևս խնդրում ենք ներկայացնել՝ թամանյանական Երևանի ո՞ր մասն է հասել մեր օրեր։ Ասում է՝ նա Երևանի կենտրոնի զարգացման առնվազն մեկդարյա ճանապարհ է թողել։

«Ճարտարապետները փորձել են այդ հեռանկարները իրականացնել, շատ դեպքերում դա հաջողվեց, շատ դեպքերում նրանք ստեղծագործաբար էին մոտենում գաղափարներին, կան դեպքեր, երբ մեխանիկորեն էին մոտենում, բայց էդ ամենը, իհարկե, կապ ուներ ժամանակի, սերնդափոխության հետ։ Հա, Երևանը փոխվել է, հա, Թամանյանի անունով արվել են շատ բաներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում ոչ Թամանյանի մտահղացումներին, ոչ լավ ճաշակին, ոչ էլ քաղաքի զրագացման հիմանական ուղղությունները պահպանելուն։ Բայց դե հիմա էս ունենք, ուրիշ ոչինչ չունենք մենք»։

Սերն է ստեղծել Երևանը։ Գուցե սերը կնոջ, հայրենիքի, աշխատանքի նկատմամբ կամ գուցե առանց հասցեատիրոջ, պարզապես սերը։ Խզմալյանն ասում է՝ ճարտարապետության մեջ ևս սերն աշխատանք է։ Թամանյանը դա կարողացել է պատվով կատարել։ Իսկ այժմ Երևանը մեզնից է սեր ու խնամք պահանջում։

Back to top button