ԿարևորՔաղաքական

Լաչինի միջանցքին վերաբերող գնահատականները՝ ԵԽԽՎ զեկույցում․ Ադրբեջանը ջղաձգվում է ու սպառնում եվրոպացի պաշտոնյաներին 

Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների քննարկումը ԵԽԽՎ–ում կարող է ամփոփվել ԵԽԽՎ զեկույցի տեսքով։ Հիմնվելով  լիագումար նիստի ընթացքում ծավալված քննարկման վրա՝ հայկական պատվիրակության անդամները պնդում  են, որ կառույցում կա իրավիճակի ճիշտ ընկալում և կոնսենսուս։ Լծակների առումով ԵԽԽՎ զեկույցը պարտադիր ուժ չունի, բայց կարևոր է տարբեր կառույցներում աշխատանքը շարունակելու և քաղաքական ընդհանուր խոսույթ ձևավորելու համար՝ Ստրասբուրգից «Ռադիոլուր»–ին ասել է հայկական պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքային վերջին օրվա ընթացքում Բյուրոն կհստակեցնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների քննարկման արդյունքներով զեկույցի պատրաստման հավանականությունը։ «Որպես հիմնական նպատակ դիտարկվում է Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու գաղափարը»,– սոցցանցում գրել է ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Պատվիրակության անդամները Ստրասբուրգում դեռ ակտիվ աշխատում են իրենց եվրոպացի գործընկերների հետ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց պատվիրակության անդամ, պատգամավոր Սոնա Ղազարյանը։

«Կա հնարավորություն, որ բանաձևի տեսք կստանա, մենք սպասում ենք Բյուրոյի որոշմանը, և այս առումով մեր աշխատանքը ավարտված չէ։ Մենք ակտիվ աշխատում ենք քաղաքական խմբերի, պատվիրակությունների ղեկավարների հետ, և ես կարծում եմ՝ կոնսենսուս կա ԵԽԽՎ–ում և Նախարարական կոմիտեում, որ միջանցքը պետք է ապաշրջափակվի։ Խոսքի տեքստ ու բանաձև դառնալը շատ կարևոր է ընդհանուր խոսույթի ձևավորման համար»։

Խոսույթը, կարելի է ասել, ձևավորվեց դեռ նախօրեին՝ երեկոյան։ Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցի մեկ ժամանոց քննարկման ժամանակ 12 երկրից 18 պատվիրակների ելույթների մեծամասնությունը, հակառակ Ադրբեջանի պնդումներին, փաստում էր․ կա փակ միջանցք և կա շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամ, որը խորանում է։

«Ադրբեջանի օգտին խոսել է թերևս Թուրքիան միայն։ Դա եմ ֆիքսել։ Բայց նույնիսկ նրանք, ովքեր խոսում էին, Թուրքիայի պատվիրակության ներկայացուցիչներից մեկն ասում էր, որ Կարմիր խաչը, օրինակ, մի քանի անգամ անցել է։ Իրենք իրենց խոսքում արդեն հաստատում են, որ կա հումանիտար ճգնաժամ, և մենք դիմել ենք Կարմիր Խաչին։ Կարևոր է նշել, որ քննարկման ընթացքում բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները միաձայն պնդեցին, որ կա շրջափակում։ Այսինքն՝ այս առումով ադրբեջանական թեզն առ այն, որ չկա շրջափակում, կարելի է ասել համարվեց փակված։ Եվ, իհարկե, բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշեցին, թե որքան կարևոր է միջանցքի  հրատապ ապաշրջափակումը։ Այս առումով լավագույն գնահատականը քննարկմանը կարող է տալ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ջղաձգված խոսքը։ Ակնհայտ է, որ նրանց չի բավարարել այս քննարկումը»։

Սեիդովի ջղաձգումները քննարկման վերջին հատվածում էին։ Քննարկման համար հատկացված մեկ ժամը չբավարարեց, որպեսզի ելույթի հերթը հասներ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին, ինչն էլ ԵԽԽՎ–ին կողմնակալության մեջ մեղադրելու առիթ դարձավ։ Կառույցի նախագահ Թինի Կոքսը հայտարարեց, որ այլևս չի հանդուրժի նման վարքագիծը։

Ադրբեջանական ջղաձգումները ԵԽԽՎ նիստերի դահլիճում սկսվեցին Շվեյցարիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Հունաստանի, Կիպրոսի, Ֆինլանդիայի, Իսպանիայի պատվիրակների ելույթներից հետո։ Շվեդիան ներկայացնող Բորիանա Աբերգը հստակ հայտարարեց․

«Սա տարածքային ամբողջականության հարց չէ, սա մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը վերաբերող հարց է։ Մարդիկ չունեն գազ, էլեկտրականություն, սնունդ։ Հազարավոր մարդիկ Լեռնային Ղարաբաղում քաղցած են , ապրում են ցրտի, խավարի մեջ»։

Կիպրոսի պատվիրակ Կոնստանտինոս Էֆստաթիունիրավիճակը անվանեց «տագնապալի», հայտարարեց, որ «մարդկանց սովամահ, սառած, առանց դեղորայքի, էլեկտրականության, ջրի մատակարարման կամ արժանապատվության թողնելն իրականում ցեղասպանության ակտ է»:

Միացյալ Թագավորությունից Ջիլլ Մորտիմերն էլ ընդգծեց՝ Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են ճգնաժամի վատթարացմանը՝ անկախ շարժառիթներից։ Բրիտանացի պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միմյանց հետ անկեղծ խոսելու հնարավորություն գտնեն, եթե ցանկանում են խաղաղ ապրել որպես հարևաններ։

Ֆրանսիացի պատգամավոր Բերտրան Բուիքսը ի թիվս այլ խնդիրների հիշեցրեց՝ Ադրբեջանը ոչ միայն չի բացում Լաչինի միջանցքը, այլև չի վերադարձրել Հայաստանին Ադրբեջանում պահվող ազատազրկված անձանց։

Ի դեպ, այս հարցով հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքների զեկույցում առաջարկել է լրացում, որով նշվում է հայ գերիների և Ադրբեջանում պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը։

«Կարող ենք այստեղ էլ արձանագրել, որ հայկական պատվիրակության երկու առաջարկները ընդունվեցին, և մենք աշխատանքների ամփոփիչ բանաձևում  կունենանք թե մեր գերեվարված եղբայրների մասին դրույթ, թե Լաչինի միջանցքի։ Սա, թերևս, ԵԽԽՎ բանաձևի մակարդակում առաջին գրանցումն էր»։

Իսկ Ադրբեջանի ջղաձգումների առումով ուշագրավ է նաև մեկ այլ միջադեպ, որը ծավալվում  է եվրոպական այլ կառույցում։ Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հայտարարել է, որ «ադրբեջանցի պաշտոնյաներն իր հանդեպ վհուկների որս են սկսել»։ Twitter-ի իր էջով դիմելով ադրբեջանցի պաշտոնյաներին՝ նա հայտարարել է, որ իրեն չե՛ն վախեցնի և չե՛ն լռեցնի։ «Ձեր անհիմն գրոհները ցույց են տալիս ձեր թուլությունը։ Երբ դուք իջնում եք օրենքից, ես բարձրանում եմ»,- գրել է Կալյուրանդը։ Իր հանդեպ ադրբեջանցի պաշտոնյաների հետապնդումների մասին եվրոպացի պատգամավորը խոսել էր նաև Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի ընթացքում հրավիրված «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» խորագրով հրատապ բանավեճ-քննարկման ժամանակ։

Back to top button