ԿարևորՀասարակություն

Բարդ զրույց՝ ծանր թեմայով․ ի՞նչ է պատմել Վարդանյանը BBC-ի Hard Talk-ին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ի Hard Talk ծրագրին: Արցախում տիրող իրավիճակ, Ռուսաստանի աջակցություն, արևմտյան երկրների՝ աջակցության պատրաստակամություն, Հայաստան-Արցախ հարաբերություններ․ զրույցը հիմնականում ծավալվել է այս թեմաների շուրջ։ Այն համացանցային հարթակներում առաջինը հասանելի է դարձել ադրբեջանախոս հանրությանը։ Ի՞նչն է ավելի շատ հետաքրքրել BBC-ին և ի՞նչ է ասել Ռուբեն Վարդանյանը։

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի՝ BBC-ի Hard Talk ծրագրին տված հարցազրույցն առաջին հերթին տարածվեց ոչ թե արևմտյան կամ հայկական, այլ ադրբեջանական մամուլում։ BBC-ի ադրբեջանական ծառայությունը զուգահեռ թարգմանությամբ տարածեց ամբողջ հարցազրույցը։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը սա տարօրինակ չի համարում։ Ասում է՝ Ադրբեջանն ուշի ուշով հետևում է Արցախի զարգացումներին, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանի՝ միջազգային հանրությանն ուղղված խոսքերին։

«Հաղորդման ձևաչափը բավականին բարդ է․ հնչում են սուր, ոչ հաճելի հարցեր և ակնկալվում են դինամիկ պատասխաններ։ Ես կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանը մի քանի կարևոր ուղերձներ կարողացել է այս հաղորդման շրջանակում հղել միջազգային հանրությանը՝ հաշվի առնելով նաև, թե որքան մեծ հասանելիություն ունի այս հաղորդումը, որքան մարդ է դիտելու։ Իրազեկվածության բարձրացման առումով մի շարք կարևոր շեշտադրումներ կային»։

Արցախը հստակ ազդակներ է ստացել Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, որ ԼՂ հակամարտության  հարցը չի փակվել` հարցազրույցի ընթացքում հայտնել է Ռուբեն Վարդանյանը։ Հարցազրուցավարին, սակայն, ավելի շատ հետաքրքրել են Ռուբեն Վարդանյանի՝ Մոսկվայում ունեցած կապերին, Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելուն, Արցախ տեղափոխվելու պատճառներին վերաբերող հարցերը։ Ռուբեն Վարդանյանի արձագանքը դրանց հստակ էր՝ կարևորը Արցախում ստեղծված իրավիճակն է։

«Գիտեք, ես կարծում էի, որ մեր քննարկումը լինելու է մարդու իրավունքների, ստեղծված իրավիճակի և այս աղետի շուրջ։ Ես կնախընտրեմ խոսել այն մասին, թե ինչպես է 120 հազար մարդ գոյատևում այս սարսափելի ժամանակաշրջանում  քաղաքական կողմի կամ «էկոակտիվիստների» ճնշման տակ», –հարցազրույցում նշել է Արցախի պետնախարարը։

Հարցազրուցավարին ինչ–որ բան հուշել էր, որ Արցախը երկարաժամկետ հեռանկարում լինելու է Ադրբեջանի կազմում։ «Դուք ընդունու՞մ եք սա» հարցին Վարդանյանն այսպես  է պատասխանել․

«Արցախցիները դեռևս խորհրդային շրջանում՝ 1988-ին, ասացին, որ երբեք չեն լինի Ադրբեջանի կազմում։ Նրանք պայքարում են իրենց ազատության համար և արել են բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը: Եվ այսօր մենք շատ պարզ հարց ենք ուղղում աշխարհին՝ ասելով. մենք ունե՞նք ինքնորոշման իրավունք մի պետությունում, որը խախտում է մարդու բոլոր իրավունքները սեփական ժողովրդի նկատմամբ: Ինչպե՞ս կարող ենք ապրել մի երկրում, որտեղ Ադրբեջանի գոյության 104 տարուց 44 տարին մեկ ընտանիք է ղեկավարում երկիրը,որտեղ ադրբեջանցին որևէ իրավունք չունի, հայերի մասին՝ չեմ էլ խոսում։ Մեզ համար սա ուզել-չուզելու հարց չէ․ մենք ոչ մի հնարավորություն չենք տեսնում»:

Վարդանյանը հիշեցրել է՝ իրենց ընտանիքներից բաժանված երեխաները վեց շաբաթ անց միայն ռուս խաղաղապահների միջոցով կարողացան վերադառնալ Արցախ, և նրանց ադրբեջանցիները կանգնեցրին, ստուգեցին, հոգեբանական ճնշման ենթարկեցին։ Բանակցությունների պատրաստ ենք՝ ասել է Վարդանյանը, եթե ադրբեջանական կողմը հասկանա, որ բանակցությունը երկու կողմի համար է։

«Հասկանում ենք և ընդունում ենք, որ կողք կողքի ենք ապրելու, բայց մենք կլինենք առանձին տարածք, առանձին պետություն, կլինեն առանձին կարգեր և օրենքներ, քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք, այստեղ ընտրվել է 4 նախագահ։ Մենք մեզ չենք տեսնում Ադրբեջանի կազմում, բայց պետք է ապրենք նույն տարածաշրջանում, մենք պետք է ճանապարհ գտնենք՝ չնայած բոլոր դժվարություններին, գտնենք այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար», – ասել է Վարդանյանը։

Հայաստան-Արցախ, Արցախ-Ռուսաստան, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին հարցեր ևս հնչել են։ Վարդանյանն, օրինակ անդրադառնալով այն դիտարկմանը, թե իր հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ գնալով վատանում են,  նշել է, որ դա մանիպուլացիա է, որին անդրադառնալու իմաստ չի տեսնում։

«Ես չգիտեմ այս տեղեկատվության մասին, ի դեպ մեր երկրում թիվ մեկ պաշտոնատար անձը՝ նախագահը, միշտ լավ հարաբերությունների մեջ է վարչապետի հետ, դրա համար էլ չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում»։

Հարցազրույցին առաջինն անդրադարձած ադրբեջանական մամուլը զրույցի ամբողջական թարգմանությունը ներկայացնելուց զատ այլ անդրադարձներ գրեթե չի արել։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան․

«Տելեգրամյան ալիքներից մեկում գրառում տեսա, թե իբրև շատ լավ հարցեր էին տրվել Ռուբեն Վարդանյանին, բայց այլ արձագանքներ դեռևս չեմ տեսել, ամեն դեպքում ինձ թվում է՝ պատասխաններն այնպիսինն էին, որ անհանգստացրել են ադրբեջանցիներին»։

Վարդանյանը, ադրբեջանագետի խոսքով, կարողանում էր խուսանավել շեղող հարցերից ու ժամանակն օգտագործել կարևորին անդրադառնալու համար։

Մինչ այս Արցախի ոչ մի ներկայացուցիչ Hard Talk-ի հյուրը չի եղել։ Հայաստանից հաղորդմանը մասնակցելու հրավեր ստացել և այն ընդունել են 2019-ին արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը և 2020-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի հետ հարցազրույցից հետո հաղորդավարը հարցազրույցի էր հրավիրել նաև Ալիևին, որը հրավերն անպատասխան էր թողել։

Back to top button