ԿարևորՏնտեսական

Դրամական փոխանցումները կրկնապատկվել են, բայց քաղաքացիների կենսամակարդակը չի փոխվել

Արտասահմանից Հայաստան փոխանցվող դրամական միջոցների ծավալը շարունակում է աճել։ 2022 թվականի հունվարից սեպտեմբեր  տրանսֆերտները կրկնապատկվել են․  արտերկրից Հայաստան է փոխանցվել շուրջ 3.5 մլրդ դոլարին համարժեք գումար, որը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է ավելի քան 2 անգամ: Մասնագետները տրանսֆերտների այս աննախադեպ ներհոսքը պայմանավորում են  ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ժամանած ռուսաստանցիներով։ Ամսական կտրվածքով տրանսֆերտների ամենամեծ ծավալը գրանցվել է հունիսին, հուլիսին և սեպտեմբերին:  

Այս տարվա  ինն ամիսներին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են փոխանցել 3 մլրդ 462 մլն դոլարին համարժեք գումար: 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումներն աճել են 2,2 անգամ: Միայն Ռուսաստանից փոխանցվել է 2 մլրդ 318 մլն դոլար․  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 3,6 անգամ է։ ՌԴ–ից փոխանցումներն  ընդհանուրի 67%-ն են կազմում։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն արձանագրում է, որ

«Ընդհանուր առմամբ, տրանսֆերտների թիվը ավելացել է ավելի քան 50 տոկոսով։ Աճի գերակշիռ մասը միջազգային այցելուների փոխանցած գումարներն են, միգրանտների հաշվին փոխանցումների այդքան մեծ աճ  չկա»։

Ամսական կտրվածքով տրանսֆերտների ամենամեծ ծավալը գրանցվել է հունիսին, հուլիսին և սեպտեմբերին: Հունիսին Հայաստան է փոխանցվել ավելի քան 597 մլն դոլար ,  հուլիսին՝ 567 մլն դոլար, սեպտեմբերին՝ 551 մլն դոլար։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը «Ռադիոլուր»–ին փոխանցում է․

«Մենք գիտենք, որ բոլոր ցուցանիշերով 100 հազար մարդու լրացուցիչ ներհոսք է նկատվել դեպի ՀՀ։ Մի մասն իհարկե զբոսաշրջիկների հոսքն է, մի մասը  հիմնական բնակություն հաստատածներն են։ Սրան փոխկապակցված ավելանում են նաև ֆինանսական հոսքերը»։

Փոխանցումների աճը որոշակիորեն արտացոլվում է տնտեսական ցուցանիշերում։ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալներով՝ այս տարվա  հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայ աստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14,1%-ով: Տնտեսության ոլորտներից առավել բարձր աճ է գրանցվել հենց ծառայությունների ոլորտում՝ 27,1%: Նույն ընթացքում առևտուրն աճել է 14,5%-ով։ Այս  ցուցանիշերի բարելավումը , ըստ տնտեսագետի,  պայմանավորված է հենց  փոխացումների աճով։ Իր դրական  հետևանքերով հանդերձ՝ այս  իրավիճակը կարող է նաև ռիսկային լինել․  փոխանցումների նվազումը նույնպես ազդելու է տնտեսական ցուցանիշերի վրա։

«Քանի որ  աճը արտադրողականության, կապիտալի, կարողությունների  ավելացման հաշվին տեղի չի ունենում, իր շարունակականությունը չի կարող ապահովվել։ Քանի որ տեղի է ունեցել մեկանգամյա գործոնի արդյունքում, միայն բազային էֆեկտով էլ մյուս տարի նման աճ չենք տեսնի»։

 ՀՊՏՀ    ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը ընդգծում է՝  Հայաստան են գալիս բարձր  եկամուտ ու կրթական  ցենզ ունեցող մասնագետները։ Նրանց գործունեությունն այսօր տնտեսկան ակտիվություն է ապահովում, բայց որպեսզի այդ ակտիվությունն ավելի կայուն ու երկարաժամկետ լինի, ներգրավման ավելի լուրջ մեխանիզմներ են անհրաժեշտ։ 

«Հիմնականում ՏՏ ոլորտում ներգրավված մարդիկ են, կամ այլ երկրներում ունեն գործարար հետաքրքրություններ, որոնք կարող են Հայաստանի միջոցով բավարարել, քանի որ դրանք հնարավոր չէ բավարարել ՌԴ միջոցով։ Այսինքն՝ այդ հատվածը ինչ–որ մի քաղաքականության շնորհիվ պետք է ինտեգրել մեր պետությանը։ Նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծել, որ նրանց մի մասը դուրս չգա երկրից, այլ մնան այստեղ՝ թեկուզ փոխկապակցված լինեն ՌԴ–ի կամ Ուկրաինայի հետ»։

Ներհոսքի դանդաղման կամ կանգառի դեպքում առաջինը ծառայությունների ոլորտն է զգալու բացասական ազդեցությունը։ Սա ունի իր բացատրությունը․ ակնհայտ է, որ դեպի Հայաստան դրամական փոխանցումների աշխարհագրության մեջ կարևորագույն տեղ ունեն  Ռուսաստանն ու ԱՄՆ-ն։  Առաջինին բաժին է ընկնում ընդհանուր  67 , երկրորդին շուրջ 14%-ը:

Չնայած դրամական փոխանցումների աննախադեպ աճին, այդ գումարները, միևնույնն է Հայաստանի քաղաքացիների կենսակերպի բարելավմանը չեն նպաստում։ Սա ունի իր բացատրությունը։ Հայաստան ներհոսող գումարները  միայն  միգրանտների՝ հիմնականում ՌԴ–ում աշխատողների ուղարկած գումարները չեն։

ԿԲ–ում  խոստովանում են՝  չունեն հստակ տարանջատում, թե Հայաստան ներհոսած գումարների որ մասն  է միգրանտներինը։ ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյան

«Իրավիճակի բերմամբ, շատ  դժվար է  տարանջատել, թե գումարների որ մասն է առևտրի աճով պայմանավորված, որ մասը՝ ոչ։ Արտաքին առևտրի վիճակագրությունում մենք աճ  տեսնում ենք, բայց տարանջատելը դժվար է։ Մեր կարծիքով՝ երկուսն էլ ավելացել են»։

Փորձագիտական դաշտում վստահ են, եթե Հայաստանը կարողանա գումարները ուղղել  դեպի կապիտալ ծախսեր ու արտադրություն, արդյունքն ավելին կլինի։ Այս պահին, սակայն, ակնհայտ է, որ տնտեսությունն այնքան էլ պատրաստ չէ կլանելու Հայաստան ներհոսող գումարները։ Ապացույցն, ըստ մասնագետների, փոխարժեքի շուկայի տատանումներն են։  Մասնագիտական գրականության մեջ  այս  իրավիճակն անվանում ունի՝ «հոլանդական հիվանդություն», երբ երկիրը բախվում է  անսպասելի ֆինանսական մեծ  հոսքերի, որոնց հետևանքով էլ արժևորվում է փոխարժեքը։ Մինչդեռ այլ հավասար պայմաններում փոխարժեքի արժևորում տեղի է ունենում  արտադրողականության բարձրացման հաշվին։ Այս դեպքում արդեն էական ռիսկեր  չէին առաջանա նաև  արտահանման հատվածում։

Back to top button