ԿարևորՀասարակություն

Բժիշկները կոտրում են կարծրատիպերը. կեսարյան հատումը վիրահատություն է՝ հղի բարդություններով

Հայաստանում կեսարյան հատումներով ծննդաբերության թվերը մտահոգիչ են։ Մասնագետների դիտարկումներով՝ պատկերը, սակայն, անհանգստացնող է ոչ միայն Հայաստանում։ Եթե Հայաստանում այն կազմում է մոտ 40 տոկոս, ապա Թուրքիայում այն հասնում է 50–ի։ Մասնագիտական շրջանակներում, սակայն, առաջնածին մայրերին հորդորում են գնալ  բնական ճանապարհով ծննդաբերության։

Եթե կանանց թվում է, որ կեսարյան հատումով ծննդաբերությունն ամենահեշտն է, ապա մասնագետները կոտրում են այդ կարծրատիպերը ու հիշեցնում , որ այն վիրահատություն է, որը հղի է բարդություններով։ Ինչու՞ է Հայաստանում այս ոլորտում պատկերն այսպիսին, առողջապահության նախարարությունն արդեն սկսել է ուսումնասիրություններ։ Որոշ ծննդատներում իրականացնում են ծրագիր, արդյունքները կամփոփեն տարեվերջին։ Դրական արդյունքներ ունենալու դեպքում ծրագրում կընդգրկվեն նաև հանրապետության բոլոր ծննդատները։

Հայաստանում, ըստ վիճակագրության,  ամեն երկրորդ կին ծննդաբերում է կեսարյան հատումով։ 2000 թվականին կեսարյան հատումով է եղել ծննդալուծությունների 7.2 տոկոսը, 2020–ին՝ 18.9 , իսկ 2021–ին այդ թիվը հասել է 37.5 տոկոսի։  Ոլորտի մասնագետները փաստում են, որ խնդիրը մենակ Հայաստանում չէ։

Եթե Հայաստանում կեսարյան հատումով ծննդաբերությունները հասնում են մոտ 40 տոկոսի, ապա հարևան Թուրքիայում այն 50 տոկոս է կազմում։ Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանի տեղեկացմամբ՝ ԱՀԿ–ն արդարացված է համարում մինչև 15 տոկոս կեսարյան հատումները։ Հենց այդքանն է լինում  բժշկական ցուցումով, ասում է մասնագետը։ Իսկ մնացած կեսարյան հատումները ո՛չ մայրական,  ո՛չ էլ մանկական առողջության  ցուցանիշերը չեն բարելավում։ Հակառակը գերակշռում են ռիսկերը։

«Բավականին շատ հետազոտություններ կան, թե ինչքան շատ է  երկրորդային անպտղությունը,  հղիության կրելախախտերը,  ընկերքի տեղակայման խնդիրներ,  և ինչքան ենք կրկնակի կեսարյանների ժամանակ ունենում արգանդի հեռացումներ»։

Թեև տարեց տարի էական զարգացում կա մանկաբարձական այս վիրահատության ոլորտում, սակայն, այս վիրահատությունից հետո հնարավոր բարդությունների շարքն անհաշվելի է, ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։  Մասնագետի պնդմամբ՝ կեսարյան հատումը պետք է լինի տվյալ պահին հնարավոր միակ  ծննդալուծման եղանակը։ Վերջինիս դիտարկմամբ՝  կեսարյան հատումներով թվերը Հայաստանում ահագնացող են դարձել, որովհետև առաջնածնությունն է արդեն իրականացվել  կեսարյան հատմամբ։

«Հղիի ցանկությամբ մենք կեսարյան չենք անում։  Կեսարյան հատումով այնքան կանայք կան, որոնք երկրորդ, երրորդ անգամ են մայրանում, որ ունենում ենք պլանային կարգով  կեսարյան։  Մեր մոտ պլանային կեսարյան հատումների քանակը գերազանցում է 70 տոկոսը»։  

Կեսարյան հատումը ոչ թե կամայական այլ առողջական խնդիրներից բխող  որոշում պետք է լինի։ Սա էլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի ծննդատան բաժնի վարիչ Կարեն  Ջուլհակյանի մասնագիտական դիտարկումն է։ Առանց որևէ ցուցման կեսարյան հատմամբ ծննդաբերություն նախընտրող կանանց մասնագետը հիշեցնում է, որ կեսարյան հատումը վիրահատություն է իր բարդություններով։ Կնոջ համար նախընտրելին պետք է լինի  բնական ճանապարհով ծննդաբերությունը։

«Պտուղը պետք է ապրի այդ սթրեսը, այդ հորմոնները  պետք է  արտադրվեն կնոջ մոտ և փոխանցվեն պտղին։ իսկ սրանք որոշակի ազդեցություն են ունենում պտղի վրա։ Դա նորմալ, ճիշտ, նախընտրելի ու ցանկալի ծննդաբերությունն է»։

Մանկաբարձ–գինեկոլոգը, համեմատելով ծննդաբերության երկու ճանապարհները, նշում է, որ յուրաքանչյուր կին պետք է գիտակցաբար գնա բնական ճանապարհով ծննդաբերության։ Դա կխթանի և՛ իր, և՛ պտղի առողջությունը։  Սրա կողքին վերջինս իր հերթին է թվարկում  կեսարյան հատումով  ծննդաբերության  հնարավոր ռիսկերը, որոնք սպառնում են նաև պտղին։  

«Եթե մարդ նույնիսկ պետք է գնա պլանային կեսարյան հատման, ապա ճիշտ կլինի, որ ծննդաբերական գործողությունները սկսվեն, քանի որ պտուղը դեռ հարմարված չի լինում շրջակա միջավայրին»։

Մասնագետները նաև տարբերություն են տեսնում կեսարյան հատումով ու բնական ճանապարհով ծնված երեխաների միջև։ Դժվարություններով ծնված երեխան ավելի առողջ է ու շրջակա միջավայրին հեշտ է հարմարվում, քան կեսարյան հատումով ծնվածները։

«Մայրը, որ ծննդաբերական ցավեր է քաշում, այդ սթրեսն ապրում է նաև պտուղը և դա ավելի է ամրացնում նրա օրգանիզմն ու ավելի պատրաստ է լինում, կայուն ու կարողանում է դիմադրել արտաքին միջավայրի ու ընդհանրապես մարտահրավերներին»։

Նորայր Ղուկասյան.

«Բնական ճանապարհով ծնված երեխաները, ինչպես նաև կրծքով սնվող երեխաները  մեր առողջ ապագայի գրավականն են»։

Կեսարյան հատումների մտահոգիչ թվերն առողջապահության նախարարության խոշորացույցի տակ են։ Կառավարությունը 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրում այս տարվանից անցկացնում է հետազոտություններ՝ պարզելու մեր երկրում որոնք են կեսարյան հատումների պատճառները։ Հանրապետության մի շարք ծննդատներում ներդրվել է Ռոբսոնի դասակարգումը, ըստ որի հղիները բաժանվում են 10 խմբի, «Ռադիոլուրին» ծրագրի մանրամասները ներկայացնելիս ասում է առողջապահության նախարարության  մոր և մանկան առողջության պահպանման  վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Ռուզան Մարտիրոսյանը։

«Ռոբսոնի դասակարգումը ինքն ԱՀԿ–ի կողմից առաջարկվող  գործիք է, ըստ որի հղիները դասակարգվում են խմբերի և յուրաքանչյուր խմբից որքան կանայք են կեսարյան հատման ճանապարհով  ծննդաբերել։ Դա շատ կարևոր գործիք է, որովհետև մեզ թույլ կտա հասկանալ, թե հատկապես որ խմբերում են  կեսարյան հատումները  ավելի հաճախացել։  Եվ մեր աշխատանքը կլինի ավելի նպատակաուղղված»։

Ծրագրի արդյունքները նախարարությունը կամփոփի տարեվերջին։ Դրական ցուցանիշեր արձանագրելու դեպքում այն կներդրվի նաև մյուս ծննդատներում։ Ինչպես փաստում է ոլորտի ներկայացուցիչը առարկայական աշխատանքի համար ակնկալվող  տեղեկատվությունը կլինի արժեքավոր։

Back to top button