ԿարևորՀասարակություն

Գիտության ու ավեստի տոն՝ Հայաստանում․ սեպտեմբերի առաջին շաբաթը գիտական է լինելու

Գիտության ու ավեստի տոն՝ Հայաստանում․ սեպտեմբերի առաջին շաբաթը գիտական է լինելու։ Առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է «Սթարմուս VI» գիտության ու տեխնոլոգիաների փառատոնը։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում համաշխարհային գիտական փառատոնի համահիմնադիր, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը որոշ մանրամասներ է ներկայացրել՝ կկազմակերպվի գիտական ճամբար, աստղանկարչության դպրոց։ «Սթար Փարթի » կամ աստղային գիշեր ներկայացում՝ Գառնիում.ամեն ինչ աստղերի, մոլորակների մասին. կրթական բաղադրիչ ունեցող միջոցառումը կհետաքրքրի բոլորին՝ համոզված է Գարիկ Իսրայելյանը։ Գիտության ճամբարում հնարավոր կլինի տեսնել, սովորել ու ապագայի մասը կազմել։ Փառատոնի հիմնական նպատակը երիտասարդների մոտ գիտության նկատմամբ ոգեշնչում ու սեր արթնացնելն է, նաև ապացուցելը՝ պատերազմներից ու քաղաքականությունից բացի աշխարհում ու հատկապես Հայաստանում այլ բաներ էլ կան։

Ինչպիսի՞ ն կլինի Ծիր կաթին համաստեղության արտացոլումը Սևանա լճի վրա։

Սա ոչ միայն հնարավոր է, այլ մասնագետների պնդմամբ, հրաշալի ու աննկարագրելի է։ Թե ինչպես կարելի է այս ու ոչ միայն այս պատկերը ստանալ՝ առաջիկա օրերին նման հնարավորություն կտրվի առաջին անգամ Հայաստանում անցկացվելիք աստղալուսանկարչության եռօրյա դպրոցում։ Այլ կերպ ասած՝ զրույց է լինելու աստղերի հետ, բայց ոչ թե մեզ հայտնի, այլ լուսանկարների «լեզվով»։ Փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն աշխարհում հայտնի աստղալուսանկարչությունն է հասանելի դարձնում Հայաստանում։

Տիեզերական տեխնոլոգիաների երկօրյա կոնֆերանսը միավորելու է ոլորտի լավագույն մասնագետներին։ Դասախոսություններ՝ ներկայի ու ապագայի, արհեստական արբանյակների, բարձր որակի պատկերներ ստանալու, անգամ՝ Մարսի վրա գտնվող ռոբոտների մասին։

 Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է լեգենդար պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի անվան մեդալ, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Լոնդոնում: Այս տարի այդ միջոցառումն էլ է Հայաստանում՝ «Սթարմուս VI»-ի շրջանակներում։ Սթիվեն Հոքինգի անվան մեդալը շնորհվում է նրանց, ովքեր գիտության մասսայականացմամբ են զբաղվում։ Համերգ՝ Տիգրան Համասյանի մասնակցությամբ, մինչ այդ էլ Նոբելյան մրցանակակիր, նեյրոգետ Էդվարդ Մոսերի դասախոսություն՝ ուղեղի ու երաժշտության մասին. այստեղ մի շարք հարցերի պատասխաններ կտրվեն՝ օրինակ՝ ինչո՞ւ է մարդկանց մի մասը բարձրակարգ երաշտություն սիրում, մյուսները՝ ոչ․ ի՞ նչ է կատարվում ուղեղում։ Հարցի պատասխանը հետաքրքիր է նաև աշխարհահռչակ ֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին։ Նա էլ է դասախոսությանն անհամբեր սպասում։

Back to top button