ԿարևորՀասարակություն

#ԳործԿա․ բուհը փնտրում է աշխատող, ուսանողը՝ աշխատանք

«Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ»․ Եվրասիա միջազգային համալսարանում իրականացվող «Կարիերայի օր» նախագիծը մեկնարկեց այս կարգախոսով։ Փորձելու են ծանոթացնել պոտենցիալ գործատուներին ապագա աշխատակիցների հետ։ 25 ընկերություններ պետական համակարգից և մասնավոր սեկտորից միավորվել են՝ իրենց գործունեությունն ու թափուր հաստիքները աշխատանք փնտրող երիտասարդներին ներկայացնելու համար․ուզում են տուն վերադառնալ նոր գործընկեր գտած։ Սուսաննա Բաթոյան․

«Ես «ԶարՊրինտ» տպարանի տնօրենն եմ։ Երիտասարդներին ներկայացնում ենք մեր կազմակերպությունում առկա աշխատանքը, որն այս պահին գրաֆիկ դիզայների և սմմ մասնագետի աշխատանքն է։ Ներկայացնում ենք նաև մեր պրոդուկտը»։

Ալետա Սերոբյան․ «Դիջիթեյնը ծրագրավորման ընկերություն է, որն այս պահին ներկայացնում է այնպիսի աշխատանքներ ու հնարավորություններ, որ ուսանողներին շատ հարմար են։ Դա ներառում է  հերթափոխով աշխատանք, այսինքն՝ ուսանողը կարող է ուսման հետ մեկտեղ գալ աշխատել և գումար վաստակել»։

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Կարիերայի օրվա» մեկնարկը տալիս օգտվում է առիթից՝ մենք էլ, ասում է, ծրագրի ղեկավարի և անդամների հետ աշխատանքը համակարգողի կարիք ունենք։ Մակարյանը նման միջոցառումները գործատու-ուսանող յուրօրինակ կամուրջ և երկկողմ շահավետ հնարավորություն է համարում․

«Նման հանդիպումներն ունեն մի քանի նշանակություն։ Գործատուները ներկայացնում են իրենց տաղավարները՝ ոչ միայն հետապնդելով աշխատանք փնտրելու նպատակ, այլ նաև իրենց ներկայացնելով հանրությանը։ Բազամաթիվ այցելուներ, որոնք իմանում են իրենց մասին, իրենց տեղը, պոտենցիալ հաճախորդներ են։ Մյուս կողմից էլ, աշխատանքի տեսնակյունից, շատ կոնկրետ մարդու հետ շփվում ես»։

Միջոցառմանը ներկա էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը։ Նա հաճախ է շփվում աշխատանք փնտրող ուսանողների հետ։ Ասում է՝ միջոցառումը երեք կարևոր նպատակ ունի․

«Առաջինը մասնագիտական ուսումնական հաստատություն-գործատու կապը, որը ոչ միայն լինում է սենյակներում, այլ նաև նմանատիպ միջոցառումների ժամանակ։ Օրինակ, գործատուները կարող են առաջարկներ ներկայացնել ուսումնական հաստատությանը՝ վերանայելու իրենց կրթական ծրագրերը, չափորոշիչները, վերջնական արդյունքները և այլն։ Երկրորդ նպատակը ուսանողները պատկերացնում են, որ այն հարմարավետության գոտին, որում իրենք գտնվում են ուսուցման պրոցեսում, չպետք է լինի շարունակական։ Ի վերջո, կրթությունից աշխատաշուկա անցնելը սթրես է, բայց նմանատիպ միջոցառումների ժամանակ ուսանողներն արդեն պատկերացնում են այդ սթրեսը հաղթայհարելու հնարավորությունը»։

Երրորդ նպատակը, ըստ Գևորգյանի, կապերի ստեղծումն է։ Ուսանողը հենց այսօր, գուցե, աշխատանք չգտնի, բայց ծանոթությունները նրա առաջ աշխատաշուկայի դռները բացող միջոց կդառնան։ Տաղավարներից մեկը հենց այս նպատակն ունի, առաջարկում է ոչ թե աշխատանք, այլ աշխատանք գտնելու հարթակ․

«Մենք ներդնում և շահագործում ենք տեղեկատվական համակարգեր։ Այստեղ ներկայացնում ենք workforall տեղեկատվական հարթակը՝ աշխատանք առանց սահմանների, որտեղ գործատուն կարող է փնտրել աշխատակից, իսկ աշխատանք փնտրողը՝ աշխատանք ԵԱՏՄ 5 երկրներում։ Աշխատանքները կարող են լինել օնլայն և օֆֆլայն»։

«Կարիերայի օր» նախագծի մասնակիցները տաղավարներով շրջելուց և առաջարկներին ծանոթանալուց բացի, մասնակցում են մասնագիտական դասընթացների։ «Հանցագործության բացահայտման հետքերով», «Կենսաքիմիան և բժշկությունը փոխօգնականներ են», «Ինչպե՞ս գեներացնել բիզնես նախագծեր»․ այս և այլ թեմաներով սեմինարներին ուսանողները կարող են ծանոթանալ նաև աշխատանքային պայմաններին իրենց նախընտրած ոլորտներում։

Back to top button