ԿարևորՀասարակություն

Ապրիլից Սյունիքում պայթուցիկ զինամթերքից մաքրման աշխատանքներ կտարվեն

Հայտնաբերել պայթուցիկ զինամթերքից աղտոտված տարածքներ, ոչ տեխնիկական աշխատանքից հետո անցնել տվյալ հողատարածքի մաքրման տեխնիկական աշխատանքին՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հիմնական գործառույթն է։ Առաջիկա աշխատանքները Սյունիքում են, պատերազմից հետո դրանք հրատապ են։

2011-ին կառավարության հիմնադրած այս կենտրոնը համակարգում է Հայաստանում հակաականային գործունեությունը։ Հաջողությամբ գործակցում է միջազգային կառույցների հետ և հումանիտար առաքելության շրջանակներում Սիրիայում շարունակում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մակերեսային և խորքային հումանիտար ականազերծումը։

Ապրիլի կեսերից Սյունիքի մարզում պայթուցիկ զինամթերքից մաքրման աշխատանքներ կտարվեն։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը պատրաստվում է դրան։ Նախորդ տարի միայն Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում կենտրոնը մաքրել է 45 հազար քմ աղտոտված տարածք և գյուղատնտեսական աշխատանքների համար անվտանգ հողատարածքը հանձնել համայնքին։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը մանրամասնում է՝  2014-2019թթ. Սյունիքում որոշ տարածքներ արդեն մաքրվել էին: Սակայն 2020 թ. պատերազմի ընթացքում, օրինակ, Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքի զգալի մասը կրկին աղտոտվել է պայթուցիկ զինամթերքով, այդ թվում՝ կասետային ենթազինամթերքով։ Այդ պատճառով կենտրոնի մասնագետները ոչ տեխնիկական հետազոտություն են իրականացրել Դավիթ Բեկում: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյան.

«Սկսելու ենք Սյունիքից։ 44-օրյա պատերազմից հետո կրկնակի ոչ տեխնիկական հետազոտության կարիք կա, քանի որ եղել են մարտական գործողություններ։ Նույն խնդիրներն  շառկա են նաև Վայոց ձորում, Արարատի, Տավուշի մարզերում, ընդհանրապես, շփման գծին առնչվող սահմանամերձ բնակավայրերը կենտրոնի թիրախներն են։ Տարվում է տվյալ տարածքի բնակչության իրազեկման աշխատանք, ուսումնասիրում ենք կոորդինատները, հստակեցնում, որից հետո տարվում է մաքրման աշխատանքը։ Միաժամանակ հավաքված տեղեկատվությունը գրանցվում է կենտրոնի տվյալների բազայում»։

Տարբերակելով հումանիտար ականազերծումը ռազմականից՝ կենտրոնի տնօրենը պարզաբանում է, որ դրանք սկզբունքորեն տարբերվում են թե տարածքի ընդգրկվածությամբ, թե գործողության բնույթով.

«Հումանիտար կենտրոնը իր գործողությունները կատարում է միայն և միայն շփման գծից որոշակի խորությամբ տարածքներում։ Այսինքն՝ կենտրոնի մասնագետները չեն առնչվում զինված ուժերի կողմից պահպանվող բնագծի հետ։ Գործունեության բնույթը հիմնականում գյուղատնտեսական հողերը, արոտավայրերը պայթուցիկ նյութերից մաքրելն է։ Հումանիտար ականազերծման դեպքում մասնագետները հարյուր տոկոսով անթերի մաքրում են նշված բնակավայրը։ Կենտրոնի աշխատանքը մարտական գործողություններից, պատերազմից հետո է սկսվում և միտված է մարդկանց բնականոն կյանքին վերադարձնելուն»։

Հայաստանում աշխատանքներին զուգահեռ՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը 2019-ից հումանիտար առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայում։ Հալեպում առաքելության առաջին օրվանից մինչև հիմա ականազերծվել է 880 հազար քմ ականապատված տարածք։

Նախորդ դեկտեմբերին Դամասկոսում մաքրման աշխատանք է տարվել մոտ 450 հազար քմ տարածքում, նաև հետագա ոչնչացման նպատակով հայտնաբերվել և նշագրվել է 142 միավոր պայթուցիկ զինամթերք.

«2021 թվականի հոկտեմբերի 25-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Սիրիայում ՄԱԿ-ի Հակաականային գործողությունների ծառայությունը ստորագրել են պայմանագիր։ Այս առաքելության շրջանակներում 2021-ի նոյեմբերի 21-ից Դամասկոս է մեկնել կենտրոնի ականազերծողների խումբը: Մեր անձնակազմն արդեն անցել է հավատարմագրումը և սկսել է Դամասկոսի արվարձանի Դարայա ավանի գյուղատնտեսական նշանակության շուրջ 2 մլն քմ հողատարածքների մակերեսային և խորքային հումանիտար ականազերծման աշխատանքները»:

Ըստ կենտրոնի տնօրենի` ՊՈԱԿ-ի աշխատանքը բարձրացնում է Հայաստանի միջազգային վարկանիշը։ Այն ունի նաև ուսումնական կենտրոն՝ համալրված անհրաժեշտ ուսումնական միջոցներով, կազմակերպում է հումանիտար ականազերծողների տեսական և գործնական դասընթացներ, նաև պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասեր: Կենտրոնն ունի նաև թեժ գիծ` 0 80- 00 – 90 – 00 հեռախոսահամարով․ այստեղ կընդունվեն ականապատ տարածքների հետ կապված ահազանգեր։

Back to top button